14:41  ,  29 օգոստոսի, 2015

«Գաբալայի» ղեկավար. «Բորուսիան» ցանկանում է ամբողջ կազմով ժամանել Ադրբեջան

Ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները Դորտմունդի «Բորուսիային» տեղյակ են պահել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու ժամանելու դեպքում կարող է խնդիրներ ունենալ իրավապահ մարմինների հետ:

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում «Բորուսիան» ու «Գաբալան» հունական ՊԱՕԿ-ի եւ ռուսական «Կրասնոդարի» հետ հայտնվել են C խմբում: «Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:

«Տվյալ դեպքում ակումբի դիրքորոշումը կարեւոր չէ: Ադրբեջանի Հանրապետությունն ունի իր օրենքները, որոնց պետք է հետեւեն բոլորը: Պետական մարմինները կլուծեն այս խնդիրը: Վիճակահանությունից հետո մենք հայտնել են դորտմունդյան ակումբի ղեկավարությանը մեր երկրի օրենքների մասին: Նրանք ասացին, որ կքննարկեն ակումբում, բայց իհարկե ցանկանում են ամբողջ կազմով ժամանել Ադրբեջան»,- Զաուր Ազիզովի խոսքը մեջբերում է Azerisport-ը:

Հենրիխ Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով:

2011թ. դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանն այցելել էր Արցախ եւ նվերներ հանձնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին։

«Բորուսիան» հույս ունի, որ թիմի առաջատարներից մեկը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի հանդիպմանը մեկնելիս։ Այդ մասին հայտնել է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ Մխիթարյանը շատ կարեւոր խաղացող է թիմի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English