17:28  ,  24 օգոստոսի, 2015

Դավիթ Թորոսյան. Եվրոպայի առաջնությունում սարսափելի մրցավարություն էր

Ես գոհ եմ տղաների մրցելույթներից, շատ դժգոհ եմ մրցավարությունից, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը՝ ամփոփելով Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի մրցելույթները:

Հիշենցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում վիճարկվում էին նաեւ աշխարհի առաջնության ուղեգրեր: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց մեկ բրոնզե մեդալ եւ աշխարհի առաջանության երկու ուղեգիր:

Պարոն Թորոսյան, գո՞հ եք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի  արդյունքից:

Ակնկալում էի շատ ավելի լավ արդյունք, բայց բավարարվեցինք մեկ մեդալով եւ երկու ուղեգրով: Չեմ սիրում բողոքել առաջնությունների կազմակերպվածությունից, մրցավարությունից, բայց սա այն դեպքն է, որ չեմ կարող չդժգոհել: Այս անգամ մրցավարությունն իրոք անտանելի էր: Սպորտում իմ գտնվելու ընթացքում տեսել եմ բազմաթիվ դեպքեր, երբ մարզիկից միավոր են գողանում, բայց այսպիսի բացահայտ ու խայտառակ կողմնակալություն չէի տեսել: Ըստ երեւույթին, այս ամենը կապված է Օլիմպիական խաղերի հետ: Պայքարը օլիմպիական ուղեգրի համար է: Արդյունքից ինչ-որ տեղ բավարարված եմ, բայց գոհ չեմ:

Դուք ավելի շատ ուղեգրերի եւ մեդալների ակնկալիք ունեի՞ք:

Մեր հավաքականի մի քանի մարզիկներ դեռ անցյալ տարի երիտասարդական հավաքականի անդամներ էին եւ այս կարգի խոշոր եւ վարկանիշային մրցաշարի փորձ չունեին։ Հասկանալ կարելի է, որ այդ քաշերում արդյունք չեղավ: Ինձ համար այս առաջնությունում միայն մի անհասկանալի երեւույթ կար, դա սարսափելի մրցավարությունն էր:

Ես գոհ եմ տղաների մրցելույթներից, շատ դժգոհ եմ մրցավարությունից: Չեն եղել դեպքեր, որ ես շատ դժգոհեմ մրցավարությունից, բայց այս անգամ ուղղակի սարսափ էր: Մտածելու տեղիք է տալիս եւ ցավալի է, քանի որ Եվրոպայի առաջնությունը միակ հնարավորությունն էր մեզ համար աշխարհի առաջնությունում օլիմպիական ուղեգրի համար իրական պայքար մղելու: Մենք ամենաքիչը աշխարհի առաջնության 4-5 ուղեգիր պետք է ունենայինք: Այն որ այսօր ընդամենը 2 ուղեգիր ունենք, 90 տոկոսով պատճառը մրցավարությունն էր:

Պարոն Թորոսյան, 56 կգ քաշային Արամ Ավագյանին ոսկու կամ արծաթի համար պայքարելու համար ի՞նչը խանգարեց, թե՞ կրկին մրցավարությունն էր խոչընդոտը:

Մրցավարության խնդիր Արամ Ավագյանի մրցապայքարում չկար: Այս կարգի մրցաշարերի մասնակից բռնցքամարտիկներն իրարից շատ չեն տարբերվում, գրեթե հավասար մարզիկներ են: Եվ մարտերն էլ են հիմնականում հավասար պայքարում ընթանում: Հովհաննես Բաչկովի եւ Արման Հովիկյանի դեպքում, ռինգում մենամարտող մարզիկները հավասար չէին, հավասար պայքար չէր, բայց մեզանից գողացան մեր հաղթանակները: Արամ Ավագյանի պարագայում ռինգում բոլոր մենամարտերում հավասար պայքար էր, հավասար մրցակիցներ էին: Այսինքն՝ նույն հաջողությամբ եզրափակիչում հաղթանակը կարող էր Արամինը լինել, բայց, ցավոք, այդպես չեղավ: Մրցավարությունը նորմալ էր, կողմնակալ չէր Արամի մենամարտերում:

Երկու ուղեգրով ի՞նչ սպասելիք ունեք աշխարհի առաջնությունից:

Սպորտն անակնկալների ոլորտ է, անսպասելի երեւույթներ շատ են լինում: Չեմ կարող ասել, թե ինչ ակնկալիքներ ունեմ երկու քաշային կարգերի ներկայացուցիչներից աշխարհի առաջնությունում: Չգիտես՝ ինչպես կանցնի, ինչ կլինի, ինչպես կլինի, լավ կլինի, թե վատ: Եթե մեր մարզիկներին չհաջողվի աշխարհի առաջնությունում ուղեգիր նվաճել, մենք ունենք օլիմպիական վարկանիշային եւս երկու մրցաշարեր, որոնք տեղի են ունենալու  Ադրբեջանում եւ Թուրքիայում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով