21:09  ,  12 օգոստոսի, 2015

ՀԽ. Լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարը՝ Հայաստանի թիմերի առավելությամբ (ֆոտոշարք)

Համահայկական խաղերի ծրագրով լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարում եզրափակիչում հանդիպեցին Երեւանի (Անահիտ Եփրիկյան, Քնարիկ Նազարյան) եւ Սիսիանի (Մարի Հովհաննիսյան, Նարե Հովհաննիսյան) թիմերը։ Համահայկական 6-րդ  խաղերի չեմպիոն դարձավ Սիսիանի թիմը (2:0), երրորդ տեղում Թբիլիսի թիմն է։

«Համահայկական 6-րդ խաղերում մեզ համար հաճելի անակնկալ եղավ այն, որ լողափնյա վոլեյբոլն ընդգրկվեց մրցումային ծրագրում: Այս տարի բոլորիս աշխատանքները կենտրոնացած են Հայաստանում լողափնյա վոլեյբոլի արմատներ գցելու վրա։ Այս մարզաձեւը նոր է Հայաստանում, մենք ընդամենը 2009-ից ենք սկսել խաղալ լողափնյա վոլեյբոլ եւ դեռ զարգանալու շատ տեղ ունենք։ Քանի որ մարզաձեւը նոր էր Համահայկական խաղերում, մասնակից թիմերը քիչ էին, որակն էլ այն չէր։ Լողափնյա վոլեյբոլի մրցումներին մասնակցեցին տղամարդկանց 10 եւ կանանց 14 թիմեր Վրաստանից, Անգլիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից։ Դրսի թիմերն այդքան էլ պատրաստված չէին, ավելի շատ սիրողական խաղ էին ցուցադրում։ Լողափնյա վոլեյբոլի մրցաշարում առաջատարները Հայաստանի թիմենրն են։ Ուժեղ էր նաեւ Վրաստանի թիմը, որը զբաղեցրեց երրորդ տեղը կանանց մրցապայքարում։

Խաղերը մեզ օգնեցին տեսնել, թե դրսում ինչ խաղացողներ ունենք, ովքեր կարող են հետագայում ընդգրկվել Հայաստանի հավաքականում։ Օրինակ՝ այս պահին աչքի տակ ունենք Վրաստանի թիմից խաղացող մի մարզուհու։

Ինձ դուր է գալիս Համահայկական խաղերի ընդհանուր նպատակն ու գաղափարը, բայց այն, ինչին պետք է իրականում ծառայեր Համահայկական խաղերը սպորտային տեսանկյունից՝ համալրումներ հավաքականներում, դեռեւս մեր մարզաձեւում չի ծառայում՝ ոչ դասական վոլեյբոլում, ոչ էլ լողափնյա վոլեյբոլում։ Խաղերի գաղափարը շատ լավն է, բայց կարծես քիչ են գովազդված Խաղերը, հանդիսատես քիչ կա, հանրությունը քիչ է հետաքրքրված»,-  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ։

Լողափնյա վոլեյբոլի կանանց եզրափակիչին մեծ ուշադրությամբ հետեւում էր կանանց մրցաշարում երրորդ տեղը զբաղեցրած Վրաստանի թիմի մարզիչ Ֆելիքս Սուքիասովը։

«Համահայկան խաղերն ինձ շատ դուր եկան, հետաքրքիր են անցնում, մեծ մրցակցությամբ։ Լավ կլիներ, եթե առաջին տեղը զբաղեցնեինք, բայց մեր լավագույն խաղացողներով չէինք եկել։ Վրաստանում ունենք շատ ուժեղ հայուհի խաղացողներ են, ովքեր այժմ Ֆլորիդայում մասնակցում են ԱՄՆ-ի բաց առաջնություն:

Այստեղ դրսից եկած թիմերն այդքան էլ լավ խաղ չցուցադրեցին: Երեւի պատճառն այն էր, որ առաջին անգամ էր անցկացվում եւ մարզիկների համար անականկալ էր, չէին հասցրել պատրաստվել»,- նշեց Ֆելիքս Սուքիասովը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո. Էմմա Ասատրյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով