19:44  ,  25 հուլիսի, 2015

Լողափնյա վոլեյբոլի գեղեցկությունն ու կիրքը՝ Սեւանի ափին (ֆոտոշարք)

Լողափնյա վոլեյբոլի պրոֆեսիոնալ մրցումներ միայն հեռուստացույցով դիտող հայ մարզասերներն այս օրերին հնարավորություն ունի Սեւանի ափին ականատես լինել լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարի, պրոֆեսիոնալ խաղերի, պրոֆեսիոնալ մարզիկ-մարզուհիների։ Հուլիսի 23-26-ը Սեւանի ափին, «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի տարածքում Հայաստանում առաջին անգամ անցկացվում է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց մինչեւ 18 տարեկանների միջազգային մրցաշար։ Մրցաշարն անցկացնում է Արեւելյան Եվրոպայի վոլեյբոլի ասոցիացիան՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ։

NEWS.am Sport-ի թղթակիցը եւ ֆոտոթղթակիցը հետեւեցին միջազգային մրցաշարի մրցումային օրերից մեկին։

Լողափնյա վոլեյբոլի մրցաշարի անցկացման համար մինչ օրս Սեւանում գրեթե չի եղել համապատասխան ափ՝ մաքուր ավազով, վոլեյլբոլի համար հարմար տարածքով։ Պատճառը եղել է այն, որ վոլեյբոլի այս ճյուղը Հայաստանում դեռ մեծ տարածում չունի։

Սիրողական մակարդակից պրոֆեսիոնալ դաշտ անցումը կախված է եղել հնարավորություններից, թեեւ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան ամեն տարի մասնակցել է միջազգային մրցումների եւ անցկացրել Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնություններ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցներից մեկում ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ասել էր, որ լողափնյա վոլեյբոլով մարզվելու հնարավորություն հայ վոլեյբոլիստները գրեթե չունեն։ Երեւանում միայն «Գրանդ Սպորտ» մարզահամալիրն ունի լողափնյա վոլեյբոլի համար նախատեսված ավազե դաշտ, սակայն, ֆեդերացիան ոչ միշտ է հնարավորություն ունենում վարձակալել այն։ Եթե վարձակալվում է, ապա միայն մրցումներից առաջ մարզումների համար։ Հայ մարզիկ-մարզուհիները լողափնյա վոլեյբոլի համար մարզվում են մարզադահլիճներում։

Այս է պատճառը, որ Սեւանի ափին անցկացվող միջազգային մրցաշարում հայ մասնակիցների խաղաոճը խիստ տարբերվում էր մրցաշարի մասնակից մյուս երկրների ներկայացուցիչների խաղաոճից։ Բացի խաղաոճից, մերոնք նաեւ տարբերվում էին իրենց մարզահագուստով, խաղի ընթացքում էմոցիների պակասով։

Միավոր վաստակելու դեպքում, հյուրերն այնքան էմոցիոնալ եւ ուրախությամբ էին միմյանց շնորհավորում, կարծես, ամեն միավորը հաղթական լիներ նրանց համար, ինչը չէր զգացվում հայ մարզիկների մոտ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով` հայ մարզիկ-մարզուհիների կաշկանդվածության պատճառը փորձի պակասն է.

«Մեր մարզիկները լավ են խաղում, հավասար պայքարի մեջ են մտնում յուրաքանչյուր խաղում։ Մերոնց միայն պակասում է փորձը, մեր մարզիկները շատ անփորձ են, մասնավորապես, մինչեւ 18 տարեկանները։ Մենք պարբերաբար անցկացնում ենք լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնություն Սեւանի ափին, ունենք նաեւ մի քանի մրցաշարեր, որոնց մասնակցում են մեր առաջատար զույգերը։ Բայց այսպիսի հնարավորություն մեր մարզիկները երբեւէ չեն ունեցել ։ Սա մեր նպատակն էր՝ հնարավորություն տալ մեր մարզիկներին փորձ ձեռք բերել՝ դուրս չգալով երկրից»։

Թե ինչպես Եվրոպայի տարածաշրջանային մրցաշարն անցկացնելու հնարավորությունը ստացավ Հայաստանը, ՀՎՖ գլխավոր քարտուղարը նշեց․

«Այս խաղերը Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի մասնաճյուղերից մեկին են պատկանում։ Այդ մասնաճյուղերում ընդգրկված են 10-ական երկրներ։ Այս մասնաճյուղը, որին պատկանում են խաղերը կոչվում է Արեւելյան Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերերացիա, որին անդամակցում է 10 երկիր։ 10-րդ երկիրը Հայաստանն է․ մենք այս ասոցիացիայի անդամ ենք 2014 թվականից։ Մեզ հետ ասոցիացիային անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան, Էստոնիա, Ադրբեջանը, Վրաստանը եւ Լեհաստանը։  2014 թվականին, երբ Հայաստանը դարձավ ասոցիացիայի պաշտոնական անդամ, ինձ հաջողվեց այս միջոցառումը բերել Հայաստան։

Նախքան խաղերի մեկնարկը ֆեդերացիայի ամբողջ կազմով զրոյից ստեղծեցինք վոլեյբոլի մեծ բազա Սեւանի ափին։ Հյուրանոցային համալիրը մեզ տրամադրեց տարածք, որը ամայի էր, մենք այս տարածքում անհավատալի ջանքերի շնորհիվ ստացանք այս մեծ բազան՝ երեք դաշտից բաղկացած, տրիբունաներով, միջազգային ստանդարտներին համապատասխան լողափնյա վոլեյբոլի հայկական բազա։ Իրականում ահռելի մեծ գումարներ, միջոցներ են ծախսվել այս բազան ստեղծելու համար։ Դաշտը ստանալու համար մեծ խնդիր էր ավազը, քանի որ Սեւանի ավազը հնարավոր չէր օգտագործել։ Ավազը գնեցինք Բյուրեղավանի գործարանից։ 1 տոննայի արժեքը 100 դոլարին համարժեք դրամ է։ Մենք այս երեք դաշտերի համար Սեւան ենք տարել 300 տոննա ավազ։ Բոլոր այս ծախսերն ու ջանքերն արդյունքը տվեցին։ Միջազգային ֆեդերացիան Սեւանը ճանաչեց Հայաստանի լողափնյա վոլեյբոլի բազա։ Մի քանի օր առաջ Հայաստանում էր միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը եւ արդեն հետագայում մեր բազան կծառայի միջազգային ուսումնամարզական հավաքների համար։ Միջազգային ֆեդերացիային Սեւանը, Սեւանի բնակլիմայական պայմանները, բազան շատ են դուր եկել։ Սեւանը բոլորին գերել է։ Նույնսիկ մրցաշարի հյուրերն են նշում, որ Սեւանն իսկապես գերել է իրենց եւ կցանկանային հետագայում մարզումներ եւ մրցումներ անցկացնել այստեղ։ Մենք նպատակ ունենք Սեւանը դարձնել տարածաշրջանի լողափնյա վոլեյբոլի կենտրոն»,- ասաց Կարեն Ասմարյանը։

Հայ մարզիկների մասնակցության, արդյունքները ՀՎՖ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում։

«Հայաստանը մրցաշարին մասնակցում է 5 թիմով՝  տղաների 3 եւ աղջիկների 2 զույգերով։ Լավ խաղեր են ցուցադրում մեր մարզիկները։ Մենք ունենք հրաշալի պոտենցիալ, մեր մարզիկներին պակասում է միայն փորձը։ Այսպիսի մրցաշարեր շատ են պետք մեզ, որպեսզի մարզիկները փորձ ձեռք բերեն, ավելի անկաշկանդ լինեն, ազատ, չվախենան պայքարից։ Կարծում եմ՝ ամեն իչն դեռ առջեւում է։

Սխալ է համեմատականներ անցկացնել դրսից եկած մասնակիցների հետ։ Այս մարզիկները տարին 12 ամիս վոլեյբոլ են խաղում ավազի վրա, մրցումների են գնում, հավաքներ են անցկացնում, նրանք խաղալու պայմանների խնդիր չունեն՝ ավազի վրա խաղալու հմտություն ունեն, ծովից եկող քամուն կատարյալ խաղալ գիտեն։ Իսկ մեր մարզիկները ավազի վրա խաղալու փորձ չունեն։ Մենք լողափնյա վոլեյբոլի մարզումներն անցկացնում ենք մարզադահլիճում կամ բացօթյա տարածությունում՝ ցեմենտի ծածկույթի կամ փայտե ծածկույթի վրա, իսկ մրցումների ժամանակ խաղն անցկացնում ավազի վրա։ Կարծում եմ, մեկ անգամ վոլեյբոլ խաղացած մարդը կհասկանա, որ ավազի վրա խաղալն ավելի բարդ է։ Բայց այս մրցաշարերով եւ Սեւանի բազայով արդեն աստիճանաբար ամեն ինչ իր տեղը կընկնի»։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով