16:52  +04,  20 հուլիսի, 2015

Ռոբերտ Շտիգլից. Պարզապես հաճույք է մրցել Արթուր Աբրահամի նման հզոր մարզիկի հետ

Արթուրն ինձանից ուժեղ էր ռինգում եւ արժանի հաղթանակ տարավ: Ես պարտվեցի նոկաուտով եւ համաձայն եմ այս պարտության հետ: Արթուրն այդ մեկ հարվածով ինձ այնպես պատժեց, որ չկարողացա ուշքի գալ: Դա իրական նոկաուտ էր, իրական պարտություն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը՝ մեկնաբանելով Գերմանիայի Հալե քաղաքում հուլիսի 18-ին կայացած չեմպիոնական մենամարտում Արթուր Աբրահամից կրած պարտությունը 6-րդ ռաունդում:

Ռոբերտ, ինչպե՞ս եք զգում Արթուր Աբրահամի հետ մենամարտից հետո:

Ամեն ինչ նորմալ է: Ես նույնպես կարծում եմ, որ ստացվեց գեղեցիկ եւ հետաքրքիր մենամարտ: Ափսոս, որ պարտություն կրեցի, բայց կարծում եմ, որ պարտությունս արդարացի էր, քանի որ Արթուր Աբրահամն, իսկապես, շատ ուժեղ էր: Տրամադրությունս նորմալ է, արդեն ֆիզիկապես եւ հոգեբանորեն վերականգնվել եմ: Արդեն դիտել եմ մենամարտի տեսագրությունը եւ վերլուծել այն: Հասկացա, որ սխալ եմ թույլ տվել, բաց թողեցի հարված աջից եւ պարտվեցի:

Ինչպե՞ս կմեկնաբանեք պայքարը ռինգում: Համաձա՞յն եք պարտության հետ:

Ես շատ էի սպասում այս մենամարտին: Երկար էի պատրաստվել, հրաշալի մարզավիճակում էի ու շատ ինքնավստահ էի եւ շատ էի ցանկանում վերադարձնել չեմպիոնական գոտին: Բայց ռինգում մեկ վայրկյանում ամեն ինչ փոխվեց: Ես շատ ակտիվ էի եւ հարվածները վստահ էի կատարում: Արթուրը նույնպես շատ ինքնավստահ էր, զգացվում էր, որ նա ոչ մի դեպքում չի զիջելու գոտին ինձ: Ես եւս ունեի վստահություն, որ պատրաստ եմ պայքարել միչեւ վերջ: Գիտեի՝ ով է մրցակիցս, ում հետ եմ պայքարի դուրս գալու, ուժերիս վստահ էի: Մենք մարզիչիս հետ հատուկ տակտիկա էինք մտածել այս մենամարտի համար: Ես շարժվում էի այդ սխեմայով, բայց սխալ թույլ տվեցի ու եղավ այն, ինչ եղավ: Ես գտնում եմ, որ պարտվեցի իմ սխալի պատճառով՝ բաց թողնելով Արթուրի աջից ուժգին հարվածը: Կարծես՝ Արթուրն այդ մեկ հարվածով այնպես պատժեց ինձ, որ ես չկարողացա ուշքի գալ: Նա պատժեց, որովհետեւ ես բաց թողեցի նրա հարվածը:

Արդյունքի հետ համաձայն եմ: Միանշանակ, Արթուրն ինձանից ուժեղ էր ռինգում եւ արժանի հաղթանակ տարավ: Ինձ պակասեց 10 վայրկյան: Երբ բաց թողեցի Արթուրի աջ կողային հարվածը, 10 վայրկյան ես շոկի մեջ էի: Եթե եւս 10 վայրկյան լիներ, ես արդեն կվերականգնվեի: Երբ մրցավարը հաշվում էր երկրորդ 10 վայրկյանները, մարզիչս սրբիչը պարզեց: Ես պարտվեցի նոկաուտով եւ համաձայն եմ այս պարտության հետ: Եթե ես շարունակեի էլ մենամարտը, մեկ է՝ չէի կարողանալու պայքարել: Ամեն ինչ շատ ճիշտ էր, մարզիչիս որոշումը՝ եւս: Ես հարգանքով եմ վերաբերվում մրցավարների եւ իմ մարզիչի որոշմանը: Դա իրական նոկաուտ էր, իրական պարտություն:

Ռինգում Արթուր Աբրահամի գործողություններն ինչպե՞ս կմեկնաբանեք:

Նա շատ լավ մարզավիճակում էր: Զգացվում էր, որ լավ է պատրաստված: Բավական երկար ժամանակ մենք հավասար պայքար էինք տանում, երկուսս էլ հարվածում էինք, իսկ նա նաեւ հրաշալի պաշտպանվում էր: Մի պահ նկատեցի, որ Արթուրն արդեն սկսում է դժվարությամբ շնչել, նրան կարծես պակասում էր օդը: Բացի այդ, նրա քիթն արնահոսում էր: Աբրահամի առավելությունն այն էր, որ ուժգին հարվածներ է հասցնում եւ Արթուրն օգտվեց այդ առավելությունից: Նա դժվարությամբ էր շնչում, բայց երբ հարվածում էր, նպատակին էր հասնում նրա թեկուզ միայն մեկ հարվածը: Եթե ես կարողանայի մենամարտել մինչեւ 8-9-րդ ռաունդները, գուցե առավելության կհասնեի: Հնարավոր է, որ Արթուրն այդքան երկար չդիմանար: Բայց փաստն այն է, որ ես չդիմացա, ես սխալ թույլ տվեցի, ու ես եմ պարտվողը:

Արթուրի ձեռքի ուժն, իսկապես, մեծ է: Նա ծանր հարվածներ է հասցնում: Աբրահամը կարող է չհարվածել, պաշտպանվել, ապա մեկ հարվածով տապալել մրցակցին: Նրա բոլոր հարվածներն էլ ուժեղ են, բայց ամենաուժեղն եւ ծանրն աջ կողային հարվածն է: Այն այնքան հուժկու էր, որ ես չդիմացա:

Ռոբերտ, մենամարտի ընթացքում դուք պարբերաբար գրկում էիք իրար. դա հատուկ պաշպանվելու ձե՞ւ էր, թե՞ հոգնածության հետեւանք:

Արթուր Աբրահամը մենամարտում է տարածության վրա եւ իր մրցակցին միշտ պահում է տարածության վրա: Ես փորձում էի շրջանցել նրա պահած տարածությունը եւ մոտիկից գործողություններս իրակացնել, բայց չէր ստացվում: Նա օգտվում էր առիթից եւ հարվածաշար անում: Ես այդպես պաշտպանվում էի:

Ռոբերտ, Ձեր ռեւանշ մենամարտերը պարբերաբար հաջորդում են միմյանց: Տպավորություն կա, որ ո՛չ Դուք, ո՛չ էլ Արթուր Աբրահամը չեք համակերպվում, երբ ձեզանից մեկին հաջողվում է մյուսից խլել աշխարհի չեմպիոնի գոտին: Հնարավո՞ր է լինի 5-րդ ռեւանշ մենամարտ, թե՞ այսքանով կսահմանափակվեք:

Չեմ կարող ոչինչ ասել: Գուցե եւս մեկ ռեւանշ լինի, գուցե այլեւս մենք չմենամարտենք: Մեր հաշիվը 3:1 է հօգուտ Արթուր Աբրահամի: Դա արդեն նշանակում է, որ Արթուրը լուրջ եւ ուժեղ մրցակից է: Նա, իսկապես, հիանալի բռնցքամարտիկ է եւ հրաշալի մենամարտ է անցկացնում ռինգում: Մեր մենամարտերը շատ լարված ու հետաքրքիր են անցնում, քանի որ ռինգում երկու ուժեղ բռնցքամարտիկներ են: Բայց չորս մենամարտից միայն մեկ հաղթանակն արդեն նշանակում է, որ Արթուր Աբրահամն ուժեղ է, եւ այլեւս պայքարը շարունակելու, համառություն անելու իմաստ չկա: Ես նախքան Արթուրի հետ ռեւանշ մենամարտ անցկացնելը պետք է մի քանի մենամարտ հաղթեմ, որպեսզի աշխարհի չեմպիոնի պաշտոնական հավակնորդ դառնամ: Իսկ այս ամենի համար կպահանջվի երկար ժամանակ:

Բացի այդ, կարծում եմ՝ հանդիսատեսի համար այլեւս իմ եւ Արթուր Աբրահամի ռեւանշ մենամարտերը հետաքրքիր չեն ու հոգնեցուցիչ են: Գուցե այս մենամարտը շատ հետաքրքիր էր, որովհետեւ ես էի ակտիվ, Արթուրն էլ իրեն հրաշալի ցուցադրեց: Համոզված եմ, որ կհոգնեցնենք հանդիսատեսին մեր ռեւանշներով: Պետք է շատ ժամանակ անցնի, որ պրոֆեսիոնալ բռնքամարտի սիրահարները կարոտեն մեզ միասին ռինգում տեսնելուն: Երբ այդ պահը գա, ես սիրով կրկին կմենամարտեմ Արթուր Աբրահամի հետ, քանի որ նրա հետ շատ հետաքրքիր է ռինգում:

Արթուր Աբրահամը, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նա հաճույք է ստանում իրար հաջորդող այս ռեւանշ մենամարտերից: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունեն այս ռեւանշները:

Ինձ համար այս ռեւանշները շատ կարեւոր մենամարտեր են: Սրանք սովորական մարտեր չեն, օրինակ, Կրանսոդարի չեմպիոնի տիտղոսի համար: Իրականում, այս մենամարտերը շատ լուրջ են, չէ՞ որ դու պայքար ես մղում աշխարհի չեմպիոնի գոտու համար: Ես եղել եմ աշխարհի չեմպիոն եւ գիտեմ, թե ինչ է բռնցքամարտիկի համար այդ կոչմանն արժանանալ, գոտին կրելը: Ես նույնպես հաճույք եմ ստանում այս մենամարտերից, որովհետեւ ես ռինգում մենամարտում եմ աշխարհի ամենաուժեղ բռնցքամարտիկի հետ: Արթուրը շատ ուժեղ մրցակից է, պարզապես հաճույք է ուժերը չափել այս հզոր մարզիկի հետ: Մենք նաեւ լավ ընկերական հարաբերություններ ունենք:

Ռոբերտ, հոգեբանական առումով այս պարտությունը չի՞ ազդի Ձեր հետագա մենամարտերի վրա: Ինչպե՞ս եք տանում պարտությունները եւ պատրա՞ստ էիք այս պարտությանը:

Սա սպորտ է, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ պետք է պատրաստ լինի նաեւ պարտվելուն: Հոգեբանական ճնշում չկա: Դու մի օր կարող ես հաղթել, մի օր՝ պարտվել: Պարտությունն էլ է մարզիկի համար: Կարծում եմ՝ բոլորն էլ հիշում են իմ հաղթանակը Արթուրի դեմ մեր երկրորդ ռեւանշ մենամարտում: Այս անգամ Արթուրն ավելի հզոր էր եւ հաջողակ:

Ո՞վ կլինի ձեր հաջորդ մրցակիցը: Ի՞նչ եք պատրաստվում անել այս պարտությունից հետո, եւ ե՞րբ  երկրպագուները կրկին Ռոբերտ Շտիգլիցին կտեսնեն ռինգում:

Որոշ ժամանակ ես չեմ մենամարտի եւ կհանգստանամ: Ինձ ժամանակ է հարկավոր վերականգնվելու համար: Ցանկանում եմ մի քիչ հանգստանալ, ուսումնասիրել իմ մարտաոճը, զրույցներ, քննարկումներ անցկացնեմ մասնագետների հետ, մտածեմ, հետագա քայլերս մշակեմ, հասկանամ իմ թերությունները, առավելությունները: Պետք է հասկանամ՝ արժե ընդհանրապես մենամարտել, թե՝ ոչ: Ցանկանում եմ շփվել մարդկանց հետ, լսել խորհուրդներ ու գնահատել իմ հեռանկարները: Ամեն ինչ դեռ առջեւում է. ես սիրում եմ բռնցքամարտը, սիրում եմ մենամարտել: Սա իմ կյանքն է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ