12:16  +04,  17 հուլիսի, 2015

Արթուր Աբրահամ. Հենրիխ Մխիթարյանը ներկա կլինի Շտիգլիցի հետ մենամարտիս

Հենրիխ Մխիթարյանը ներկա է լինելու Ռոբերտ Շտիգլիցի հետ իմ մենամարտին: Ուրախ կլինեի հյուրերի շարքում տեսնել նաեւ «Բորուսիայի» մյուս ֆուտբոլիստներին: Ես հաճույք եմ ստանում իմ եւ Շտիգլիցի իրար հաջորդող ռեւանշ մենամարտերից: Կանեմ հնարավորը` դիտարժան մրցելույթ եւ գեղեցիկ հաղթանակ ցուցադրելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:

Հուլիսի 18-ին Գերմանիայի Հալե քաղաքի Gerry Weber արենայում տեղի կունենա Արթուր Աբրահամ- Ռոբերտ Շտիգլից մենամարտը:

Աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը եւ աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը ռինգում արդեն հանդիպում են չորրորդ:  Նախկին եւ ներկա չեմպիոններն առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինի O2 World մարզապալատում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` խլելով Շտիգլիցից աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը հաղթեց տեխնիկական նոկաուտով: Բռնցքամարտիկների 3-րդ հանդիպումը կայացել է 2014 թ. մարտի 1-ին, Մագդեբուրգում, որտեղ դարձյալ միավորների առավելությամբ հաջողության հասավ Աբրահամը:

Արթուր, ինչպե՞ս ես տրամադրված մենամարտին:  

Բոլոր մենամարտերին էլ լրջորեն եմ նախապատրաստվում: Ինչպես միշտ, մենամարտի գնալու եմ հաղթելու: Լավ մարզվել եմ, մարզիչս գոհ է իմ մարզավիճակից:

Փոլ Սմիթի հետ հաղթական մենամարտից հետո սպասվում էր, որ հաջորդ մրցակիցդ լինելու է Ֆելիքս Շտուրմը: Ինչպե՞ս որոշվեց, որ Ռոբերտ Շտիգլիցն է կրկին լինելու քո մրցակիցը:

Ռոբերտ Շտիգլիցը WBO չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ է, ահա թե ինչու հենց նա պետք է լիներ իմ առաջիկա մրցակիցը: Մեր մենեջերները պայմանավորվածության հասան: 

Արթուր, տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Շտիգլիցը չի հաշտվում այն մտքի հետ, որ աշխարհի չեմպիոնի գոտին քեզ է պատկանում, այդ պատճառով ռեւանշ մենամարտերը հաջորդում են միմյանց: Ի՞նչ ես կարծում, այս մենամարտով կավարտվի Շտիգլիցի պայքարը գոտու համար:

Ես հաճույք եմ ստանում մեր մենամարտերից, սակայն ամեն մի լավ բան էլ իր ավարտն ունի: Կարծում եմ, որ Հալեում ամեն ինչ կավարտվի Շտիգլիցի համար, ու ես կրկին կկարողանամ հաղթանակ տանել:

Երկու հաղթանակ, մեկ պարտություն Շտիգլիցի հետ մենամարտում: Ի՞նչ կանխատեսում եւ ակնկալիք ունես այս մենամարտից:

Միայն հաղթանակ, ուրիշ ոչինչ:

Դուք անցկացրել եք բաց մարզում Շտիգլիցի հետ: Ուսումնասիրե՞լ ես նրա տակտիկան: Փոփոխություններ նկատե՞լ ես:

Այո, նրա մարտավարությունն արդեն հիանալի գիտեմ:

Ռոբերտ Շտիգլիցը համոզված է, որ այս անգամ նրան կհաջողվի քեզանից խլել գոտին: Ի՞նչ հնարավորություններ ունի Ռոբերտ Շտիգլիցը:

Չունի նման հնարավորություն: Երբեք չեմ թերագնահատում Շտիգլիցին, եթե նա չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ է, ուրեմն հաստատ ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն նրան հաղթելու հնարավորություն չեմ տա:

Արթուր, նշել ես, որ Ռոբերտ Շտիգլիցը մահացու հարված չունի: Քեզ կհաջողվի՞ նոկաուտով ավարտել մենամարտը, թե՞ ցանկություն ունես մինչեւ վերջին ռաունդը նրան ապացուցել, որ դու ես ուժեղը:

Հիմա դժվար է ասել, թե կոնկրետ ինչպես կհաղթեմ, ամեն դեպքում, կանեմ հնարավորը` դիտարժան մրցելույթ եւ գեղեցիկ հաղթանակ ցուցադրելու համար: Կարդարացնեմ իմ մարտարվեստի երկրպագուների, իմ մարզիչի, ընկերների, բարեկամների, սիրելիների սպասելիքները:

Այս մենամարտի համար նոր տակտիկա, մարտավարություն մշակե՞լ եք մարզչիդ հետ:

Այո, արդեն ամեն ինչ հստակ որոշված, նախանշված է:

Քո հնարավորությունները որքա՞ն կգնահատես:

Բարձր: Ես եմ հաղթելու:

Դուք արդեն ունեցել եք նաեւ հայացքների մենամարտ: Ի՞նչ կարդացիր Շտիգլիցի հայացքում:

Հաղթելու ցանկություն: Բայց դա դեռ քիչ է հաղթելու համար:

Եթե Շտիգլիցին հաջողվի այս անգամ առավելության հասնել, հնարավո՞ր է 5-րդ ռեւանշ մենամարտ կայանա, թե, այնուամենայնիվ, չորրորդ մենամարտը ձեր վերջին հանդիպումը կլինի ռինգում:

Շտիգլիցին չի հաջողվի առավելության հասնել իմ նկատմամբ: Հետոյի մասին կխոսենք հետո:

Արթուր, դու երկարաձգել ես պայմանագիրդ Sauerland event պրոմոուտերական ընկերության հետ, ըստ որի` հանդես ես գալու մինչեւ 37 տարեկան: Նշանակում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի  կարիերադ կավարտես 37 տարեկանո՞ւմ:

Գուցե, ամեն դեպքում, դեռ կշարունակեմ, մի երկու տարի էլ կմենամարտեմ,  հստակ ոչինչ ասել չեմ կարող, թե երբ կավարտեմ կարիերաս:

Արթուր, դու վերջերս հանդիպել ես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին, Հենրիխ Մխիթարյանին: Հնարավո՞ր է՝ Աբրահամ - Շտիգլից ռեւանշ մենամարտի հյուրերի մեջ լինեն նաեւ «Բորուսիայի» ֆուտբոլիստները, Հենրիխ Մխիթարյանը:

Այո, Հենրիխ Մխիթարյանը գալու է: Ուրախ կլինեմ Դորտմունդի «Բորուսիայի» մյուս ֆուտբոլիստներին տեսնել արենայում: Սակայն ինքս էլ գիտեմ, թե ինչ գրաֆիկով են աշխատում մարզիկները, որքան զբաղված են:

NEWS.sm Sport-ը մաղթում է քեզ հաջողություն եւ հաղթանակ:

Նմանապես հաջողություն NEWS.sm Sport-ին եւ իմ բոլոր երկրպագուներին: Դուք ինձ քաջալերում եք եւ ստիպում հաղթել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով