00:53  ,  8 հուլիսի, 2015

Արթուր Թովմասյան. Երբ կգերազանցենք Ալբերտ Ազարյանի նվաճումները, նոր կարելի է մտածել «օղակների արքա» կոչման մասին

Ինձ դուր չի գալիս «օղակների նոր արքա» կոչումը, որովհետեւ օղակների վարժությունը դեռեւս ու ընդմիշտ մեկ արքա է ունենալու՝ Ալբերտ Ազարյան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթկացի հետ զրույցում ասաց Ունիվերսիադա-2015-ի սպորտային մարմնամարզության օղակների վարժության չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Թովմասյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերում: Սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը լավագույնն էր օղակների վարժությունում:

Արթուր, NEWS.am Sport-ը շնորհավորում է քեզ Ունիվերսիադայի ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Ինչպե՞ս տրվեց հաղթանակը:

Ունիվերսիադայից առաջ երկու ամիս մարզումներ ենք ունեցել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի եւ իմ անձական մարզիչ Կարեն Բաղդասարյանի գլխավորությամբ: Շատ լուրջ մարզումներ ենք ունեցել, որը նպաստեց այս արդյունքին:

Չեմ կարող ասել, որ Ունիվերսիադան թույլ մրցաշար է, բայց ուժեղ էլ չէ: Այստեղ կան համաշխարհային կարգի մարզիկներ: Ինձ հետ եզրափակիչ դուրս եկած ուկրաինացիներից մեկը օղակների վարժության 2014թ. Եվրոպայի չեմպիոնն էր, մյուսը՝ զուգափայտերի 2014թ. աշխարհի չեմպիոնը: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց մեդալ նվաճել, քանի որ յուրաքանչյուր մեդալ հող է նախապատրաստում օլիմպիական մեդալի համար:

Սոցցանցերում քեզ արդեն կոչում են «օղակների նոր արքա»: Սա քեզ համար ձեռքբերո՞ւմ է, թե՞ ընդամենը հաճոյախոսություն:

Երբ մենք Ալբերտ Ազարյանի նվաճումները կգերազանցենք, նոր կարելի է մտածել կամ ձգտել այդ կոչմանն արժանանալուն: Իսկ Ալբերտ Ազարյանին հասնելը շատ բարդ է, եռակի օլիմպիական չեմպիոն լինելը մեր մարզաձեւում, մեր օրերում անհնար, անհասանելի մի բան է: Մենք Խորհրդային Միությունից հետո օլիմպիական չեմպիոն չունենք, օլիմպիական մեդալներ չունենք: Օղակների արքան մեկն է, եւ մենք հպարտանում ենք դրանով, որ նրա անվան մարզադպրոցում, նրա աչքի առջեւ ենք մարզում: Երբ կդառնանք Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, օլիմպիական մեդալակիր, արդեն մեզ մոտ կզգանք կամ կձգտենք արժանանալ նման բարձր կոչման:

Իսկ ի՞նչ է հարկավոր Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ օլիմպիական մեդալակիր դառնալու համար: Նման խոշոր մրցաշարերը քեզ ճանապարհ չե՞ն հարթում դեպի բարձր նվաճումներ:

Ամեն ինչ մարզվելուց է կախված: Այսօրվա իմ արդյունքը բավարար չէ Եվրոպայի, աշխարհի առաջնության, առավել եւս Օլիմպիական խաղերի համար: Բոլորն էլ հասնում են լավ արդյունքի շատ քրտնաջան աշխատանքի արդյունքում: Այդ բոլոր չեմպիոնների նման եթե ջանք չխնայենք, շատ աշխատենք, շատ մարզվենք, մենք էլ կհասնենք: Բայց մեր պայմաններում շատ դժվար է: Բայց մենք էլ ոչինչ չենք խնայում, ամեն ինչ անում ենք , որ բարձր արդյունքներ ունենանք եւ հասնենք բարձր կետին՝ օլիմպիական ոսկուն: 

Հայաստանը Ալբերտ Ազարյանի շնորհիվ առանձնացել է օղակների վարժությունում: Ըստ քեզ՝ այս հաջողությունը գենետիկակա՞ն է, թե պատահականություն:

Օղակներր վարժությունն իրականում շատ բարդ է, պահանջում է ֆիզիկական բարձր տվյալներ: Այս պահին հավաքականում ունենք ուժեղ մարզիկ՝ Վահագն Դավթյանը եւ ինձ մոտ է այս վարժությունը ստացվում: Շատ ամուր կազմվածք պետք է ունենաս այս վարժության համար, որը գուցե եւ հայկական գենի հետ կապ ունի: Այն, ինչ ես եւ Վահագն Դավթյանն անում ենք, բացառված չէ, որ հավաքականի մյուս անդամները նույնպես կարողանան անել: Բայց Ալբերտ Ազարյանի հետ որեւէ ազգակցական կապ չունենք, ուղղակի նա մեզ սովորեցրել է լինել ամուր:

Իսկ հանրահայտ Ազարյանական խաչը քեզ մոտ ստացվո՞ւմ է:

Իհարկե, չեմ կարող անել այնպես, ինչպես Ալբերտ Ազարյանն է արել, բայց բավական լավ է ստացվում:

Արդեն հաջորդ տարի Օլիմպիական խաղերն են: Հավատոու՞մ ես, որ մի օր օղակների վարժությունում օլիմպիական ոսկին կփայլի կրծքիդ:

Յուրաքանչյուր մրցման, որ գնում եմ, մեդալի ակնկալիքները թողնում եմ իմ մարզիչներին: Եթե նրանք ասում են՝ հնարավոր է պայքարեմ մեդալի համար, ուրեմն ես պատրաստ եմ, եթե ասում են հնարավորություն չունեմ, ուրեմն մեդալ չի լինի: Իմ մարզական ապագայի հետ կապված բոլոր հարցերը ես վստահել եմ իմ մարզիչներին, այդ թվում Օլիմպիական խաղերը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով