02:57  ,  14 հունիսի, 2015

Սամվել Գեւորգյանը՝ Բաքվից. Ամոյանը տղամարդու պես կռվեց ու մինչեւ վերջին րոպեն պայքարեց

Ռոմանն այսօր մեդալի շատ մոտ էր: Վնասվածքների հետ մեկտեղ Ռոման Ամոյանը մինչեւ վերջ կռվեց, տղամարդու պես կռվեց ու մինչեւ վերջին րոպեն պայքարեց: Եթե վնասվածք չստանար Ռոման Ամոյանն, ապա այսպիսի պայքարից հետո առանց մեդալի չէր մնա: Դահլիճում սուլոցներ լսվում էին, բայց դա Ռոմանին չէր խանգարում եւ նրա վրա ազդեցություն չէր ունենում: Ռոմանին խանգարեց նրա վնասվածքը: Մրցապայքարից հետո մեր մարզիկի տրամարդությունը սկզբում շատ վատ էր, շատ տխուր էր, բայց հետո արդեն զրուցեցինք, մի փոքր հանդարտվեց: Ինչպես Ռոման Ամոյանը, այնպես էլ մեր մյուս մարզիկները, ով եկել է հասել է այստեղ, կամ դեռ նոր է  գալու, բոլորն էլ հերոս տղերք են, մեր հերոսներն են, անկախ արդյունքներից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Եվրոպական առաջին մարզական խաղերում Հայաստանի պատվիրակության անդամ, հունահռոմեական ըմբիշներին Բաքու ուղեկցած Սամվել Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի առաջին մրցումային օրը Հայաստանն ունեցավ մեկ մասնակից՝ 59 կգ քաշային, 2008 թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը, ում չհաջողվեց Եվրոպական խաղերում մեդալ նվաճել. Ամոյանը հանդես էր գալիս մատի կոտրվածքով:

Պարոն Գեւորգյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ռոման Ամոյանի մրցելույթը առաջին Եվրոպական խաղերում:

Ռոման Ամոյանն ամեն ինչ արեց, ինչ կարողացավ: Նա գոտեմարտերն անցկացրեց վնասվածքներով: Ռոմանը պետք է հաղթեր, բայց վնասվածքի պատճառով նա չկարողացավ հասնել իր նպատակին: Նա վնասվածքներից նոր էր ապաքինվել, այստեղ էլ առաջին գոտեմարտի ժամանակ ձեռքի վնասվածք ստացավ՝ կոտրեց մատն, ինչի պատճառով չկարողացավ լիարժեք գոտեմարտեր անցկացնել:

Ինչ կարողացավ, այսօր նա արեց՝ վնասվածքի հետ միասին, այն էլ այստեղ ու այս պայմաններում: Նրա գոտեմարտերից մենք գոհ ենք:

Ի՞նչը խանգարեց Ռոմանին: Եթե վնասվածքը չլիներ, կկարողանա՞ր պայքարել ոսկե մեդալի համար:

Առաջին գոտեմարտի ժամանակ կոտրեց ձեռքի մատն, իսկ արդեն երկրորդ գոտեմարտի ժամանակ ավելի վնասեց այն, ընդհանրապես չէր կարողանում շարժել ձեռքը: Անզգայացրել էինք վերջին գոտեմարտում, որ գոնե ցավ չզգար եւ կարողանար գոտեմարտել: Եվ վերջին գոտեմարտում ինչքան կարողացավ, այդքան արեց:

Վստահ եմ ասում՝ եթե վնասվածքը չլիներ, Ռոման Ամոյանը մեդալով կվերադառնար: Չեմ կարող ասել, թե ինչ մեդալով, բայց Ռոմանն այսօր մեդալի շատ մոտ էր: Նրան վնասվածքը խանգարեց: Բացի ձեռքի մատի կոտրվածքը, ադրբեջանցու հետ գոտեմարտի ժամանակ մի քանի հատ գլխի հարված ստացավ, դա էլ շատ խանգարեց նրան:

Իսկ այդ հարվածքները ըստ Ձեզ՝ մտածվա՞ծ էին, թե՞ դիտավորություն չտեսաք:

Չեմ կարող ասել, թե ադրբեջնացու հետ գոտեմարտի ժամանակ գլխին ստացած հարվածները միտումնավոր էին  մրցակցի կողմից, բայց շատ լարված գոտեմարտ էր. երկու ըմբիշներն էլ լարված էին՝ դե, ի վերջո, գորգի վրա Հայաստան - Ադրբեջան մրցակցությունն էր:

Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր Ստեփան Մարյանյանի հետ գոտեմարտն ինչպե՞ս կմեկնաբանեք:

Նրա հետ գոտեմարտում Ռոման Ամոյանը գոտեմարտը չվերցրեց իր ձեռքը, տակտիկական սխալ արեց, չթելադրեց, այլ ինչպես սպորտում ասում են՝ զիջեց իր դիրքերը մրցակցին, այդ պատճառով էլ պարտվեց: Էլի վնասվածքները խանգարեցին: Հատկապես վերջին գոտեմարտում արդեն նա չէր կարողանում շարժել ձեռքը, այտուցվել էր մատը եւ անգամ շարժում չէր կարողանում անել, չնայած տեղային ազգայացումների:

Ռոման Ամոյանը մեծ ըմբիշ է եւ դեռ առջեւում ունի աշխարհի առաջնություն: Եվրոպական խաղերն աշխարհի առաջնությունից առաջ Ռոմանի համար շատ լավ նախապատրաստական փուլ էր:

Ի՞նչ տրամադրություն ունի Ռոմանը, ինչպե՞ս ընդունեց իր պարտությունը, շա՞տ է տխրել:

Անմիջապես մրցումից հետո Ռոմանը բուժզննում անցավ, մենք այստեղ ունենք բժիշկներ, մեր բժիշկներն ամեն ինչ անում են: Ռոմանը գրավեց 5-րդ տեղը, որը Եվրոպական Խաղերում վատ արդյունք չէ, ուղղակի մենք բոլորս սովոր ենք Ռոման Ամոյանին բարձր տեղում տեսնել: Ռոմանը տղամարդու պես կռվեց, որքան կարողացավ, որքան կարողացավ անտեսել ցավերը:

Ինչ վերաբերում է տրամադրությանը, սկզբում շատ վատ էր, շատ տխուր էր, բայց հետո արդեն զրուցեցինք, մտքերով փոխանակվեցինք, ասացինք, որ դեռ ամեն ինչ առջեւում է, մի փոքր արդեն հանդարտվեց: Ինչպես Ռոման Ամոյանը, այնպես էլ մեր մյուս մարզիկները, ով եկել, հասել է այստեղ, կամ դեռ նոր է գալու, բոլորն էլ հերոս տղերք են, մեր հերոսներն են, անկախ արդյունքներից:

Մրցավարության մասին ի՞նչ կասեք: Եղա՞ն կողմնակալ վերաբերմունքի փորձեր:

Ամեն ինչ նորմալ էր:Այսօր մրցավարական կողմնակալություն չենք նկատել Հայաստանի նկատմամբ, որեւէ կոպիտ սխալ չի գրանցվել: Բայց տեղյակ ենք, որ եղել են որոշակի խախտումներ, բայց ոչ Հայաստանի նկատմամբ, մեր գոտեմարտի մրցավարների կողմից:

Ինչպիսի՞ն է ընդհանուր մթնոլորտը մրցումային դահլիճներում: Ինչպե՞ս Բաքվի գորգը ընդունեց հայ ըմբիշին: Շա՞տ են ճնշումները, սուլոցները:

Մենք պաշտպանված ենք այստեղ, անվտանգությունը մտահոգության առիթ չի տալիս: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, անվտանգությունն ապահոված է, այնպես ինչպես մեզ երաշխավորել են: Միայն դահլիճում է զգացվում, որ մենք գտնվում ենք Բաքվում: Այստեղ ամեն ինչ անում են, որ մենք չզգանք՝ Ադրբեջանում ենք: Շատ ուշադիր են մեր հանդեպ: Բայց հասարակության մեջ կա մի խավ, որ ամեն դեպքում բացասական վերաբերմունք է ցույց տալիս սուլոցներով ու բղավոցներով: Մթնոլորտը դահլիճում ընկերական չի: Սուլոցներ անպայման կան, բացման ժամանակ էլ երբ մեր պատվիրակությունն անցավ շքերթով, սուլոցներ եղան: Մենք փորձում ենք այդ ամենին ուշադրություն չդարձնել, դե բնական է, մենք նույնիսկ արդեն սովորել ենք այս մթնոլորտին, մեզ համար սովորական է դարձել: Մենք չենք մտածում նրանց սուլոցների մասին, այլ մտածում ենք բարձր արդյունքների, լավ ելույթների մասին: Մենք որքան հնարավոր է, բարձր արդյունք պետք է ցույց տանք:

Նշեցիք, որ դահլիճում կա որոշակի բացասական մթնոլորտ, սուլոցներ: Այս մթնոլորտը կարո՞ղ է ազդել մեր մարզիկների վրա:

Չի կարող չազդել: Բայց մեր մարզիկները ուժեղ են: Եթե մի փոքր թույլ հոգեբանության տեր լինի մարզիկը, անպայմաան նրա վրա կազդի այս մթնոլորտը: Բայց չեմ ասում, թե Ռոման Ամոյանի վրա ազդեց այս մթնոլորտը: Եթե նրա վնասվածքները չլիներ, նա մեդալ կնվաճեր: Մենք արդեն սովորել ենք նման սուլոցների:

Մենք առջեւում ունենք 24 մասնակից, դիմում եմ մեր մյուս մասնակիցներին եւ մարզիկների ծնողներին ու հարազատներին: Այստեղ ամեն ինչ նորմալ է, ոչինչ չկա, եթե մասնակցում ենք, ու եկել ենք հասել ենք այստեղ, ուրեմն պետք է մինչեւ վերջ պայքարենք բարձր արդյունքների համար: Մենք այստեղ շատ պաշտպված ենք, պետք է մտածենք միայն լավ ելույթներ ունենալու մասին, ուրիշ՝ ոչնչի: Եկել ենք հաղթելու համար, ամեն ինչ պետք է անենք, որ մեդալով վերադառնանք Հայաստան:

Վաղը մրցագորգ դուրս կգան Միհրան Հարությունյանը, Կարապետ Չալյանը եւ Մաքսիմ Մանուկյանը: Տղաները մարտական են տրամադրված, եւ ամեն ինչ պետք է անեն, որ մեդալներ նվաճեն: Նրանք կարող են հասնել մեդալների:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով