13:15  +04,  30 ապրիլի, 2015

Մահացել է օլիմպիական փոխչեմպիոն Վարդան Միլիտոսյանը

Ծանր հիվանդությունից հետո ապրիլի 29-ի գիշերը մահացել է ԽՍՀՄ ծանրամարտի սպորտի վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը:

Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950-ի հուլիսի 8-ին Գյումրիում: Նա ծառայել է Խորհրդային բանակում, ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:

Վարդան Միլիտոսյանը զինծառայության ժամանակ 1964-ից մարզվել է ԽՍՀՄ անվանի ծանրորդ եւ մարզիչ Հակոբ Ֆարաջյանի գլխավորությամբ: Նա տպավորիչ հաղթանակներ է տարել միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: ԽՍՀՄ հավաքականի 75 կգ քաշային կարգի առաջատարը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1976թ.), աշխարհի հնգակի ռեկորդակիր, տասնյակ հաղթանակներ է տարել համամիութենական առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում: Նրա շնորհիվ Հայաստանում դարձյալ վերսկսվել է ծանրամարտի վերելքը:

Սպորտին հրաժեշտ տալուց հետո Վարդան Միլիտոսյանը 1980-ին համալրել է հարազատ քաղաքի ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչների շարքը, իսկ 1996-ին դարձել է տնօրենը: Նա իր հետքերով տարավ նաեւ եղբորորդուն՝ Իսրայել Միլիտոսյանին, ով դարձավ աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե եւ արծաթե մեդալակիր:  

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ցավակցել է հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, նրա վարպետությամբ հիացած մարզասերների մեծ բանակին ու ընկերներին:

Վարդան Միլիտոսյանի հիշատակը միշտ վառ կմնա: Նրա անունը ոսկե տառերով է գրված հայրենական ու համաշխարհային սպորտի պատմության մեջ, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ