20:56  ,  29 ապրիլի, 2015

Բորիս Գելֆանդ. Հուսամ՝ այստեղ կրկին կկազմակերպվեն մրցաշարեր, եւ ես դարձյալ կգամ Հայաստան

Ուրախ եմ 26 տարի անց կրկին լինել Հայաստանում։ Հուսամ՝ նորից կստեղծվեն այստեղ վերադառնալու հնարավորություններ։ Մեծ սիրով դարձյալ կգամ։

Այս մասին ասել է  շախմատի Իսրայելի հավաքականի առաջատար Բորիս Գելֆանդը։ Ծաղկաձորում ավարտված աշխարհի թիմային առաջնությունում Իսրայելի հավաքականը  զբաղեցրեց 7-րդ տեղը։

«Իսրայելի հավաքականի համար 7-րդ տեղը լավ արդյունք չէ։ Առաջնության առաջին մասում մենք լավ հանդես եկանք, երկրորդումում եւս վատ խաղ չցուցադրեցինք, բայց ցավոք հաջողությունը մեզ չժպտաց։ Ես հիասթափված եմ մեր արդյունքից։

Մրցաշարն անցկացվում էր 10 ամենաուժեղ թիմերի միջեւ, եւ բնական է, որ դժվար պայքար էր։ Հայաստանի հավաքականը լավ մեկնարկ չունեցավ, բայց երկրորդ կեսում շատ լավ հանդես եկավ։ Բրոնզե մեդալի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի հավաքականին։

Հայաստանում շատ հաճելի է, մարդիկ շատ հյուրընկալ են, Ծաղկաձորում շատ գեղեցիկ բնություն է։ Եղանակն նույնպես լավն էր։ Մենք հնարավորություն ունեցանք նույնիսկ զբոսնել Ծաղկաձորում։ Նախորդ անգամ Հայաստանում եղել էի 26 տարի առաջ։ Հույս ունեմ, որ Հայաստանում կրկին մրցաշարեր կկազմակերպվեն, եւ ես կրկին կգամ Հայաստան»,- ասաց Բորիս Գելֆանդը։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-28-ը Ծաղկաձորում կայացավ շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցում էին 10 ուժեղագույն թիմերը։ Աշխարհի չեմպիոն է դարձել Չինաստանի թիմը, արծաթե մեդալը նվաճել է Ուկրաինայի հավաքականը, Հայաստանի հավաքականը բավարավել է բրոնզե մեդալով։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով