21:43  ,  27 ապրիլի, 2015

Վասիլի Իվանչուկ. Ծաղկաձորում աշխարհի առաջնությունը հրաշալի է կազմակերպված

Հայաստանը շախմատային երկիր է, հաճելի է այստեղ գտնվել, շախմատ խաղալ: Հայ շախմատիստների հետ հետաքրքիր է խաղալը՝ մասնավորապես Լեւոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի հետ: Նրանք ստեղծագործելով են խաղում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակից Ուկրաինայի առաջատար Վասիլի Իվանչուկը: Ուկրաինայի հավաքականը ֆավորիտների մեջ է: Առաջնության նախավերջին տուրում Վասիլի Իվանչուկը պարտություն կրեց ամերիկացի Ալեքսանդր Լենդերմանից, Ուկրաինան տանուլ տվեց 1.5:2.5 հաշվով եւ 11 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Չինաստանն է՝ 13 միավոր: Երրորդ տեղում ընթացող Հայաստանն ունի 9 միավոր:

Պարոն Իվանչուկ, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում, այստեղ՝ Ծաղկաձորում:

Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, հաճելի է Հայաստանում շախմատ խաղալ, մասնավորապես, Ծաղկաձորում: Ասում են, այստեղ շատ բարձր է, ինչն ազդում է ճշման վրա, բայց դա ինձ չի խանգարում: Հաճույքով եմ խաղում: Հայաստանը շախմատային երկիր է, հաճելի է այստեղ գտնվել, շախմատ խաղալ:

Առաջնությունը հրաշալի է կազմակերպված, ամեն ինչ շատ բարձր մակարդակի է, ինձ դուր է գալիս: Ամեն ինչ շատ լավ է՝ սնունդը շատ լավն է, խաղի համար նախատեսված դահլիճը շատ հարմար է, տրամադրող:

Ի՞նչ կասեք մրցակցության մասին:

Մրցակցությունը շատ մեծ է: Թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը, ամեն ինչ կորոշվի վաղը, վերջին տուրում: Դեռեւս մեկնաբանություն անել չեմ կարող:

Մեր թիմը ֆավորիտների մեջ է, բայց չեմ կարող վստահ ասել, թե չեմպիոնի տիտղոսը կնվաճենք: Դեռ վաղ է կանխատեսումներ անելը: Ամեն ինչ ցույց կտան վաղվա պարտիաները:

Այսօր ես պարտվել եմ, ինձ համար դժվար է մտքերս հավաքել: Պարտության մասին չեմ ցանկանա խոսել: Դա ինձ համար տհաճ թեմա է:

Իսկ Հայաստանի թիմի մասին ի՞նչ կարծիք ունեք:

Հայաստանի թիմը շատ ուժեղ խաղացողներ ունի: Հետաքրքիր պարտիաներ են խաղում հայ շախմատիստները: Գրեթե բոլորի հետ խաղացել եմ՝ Արոնյանի, Սարգսյանի, Հակոբյանի, Մովսեսյանի, միայն չեմ խաղացել Հրանտ Մելքումյանի հետ:

Ինձ շատ է դուր գալիս, մասնավորապես, Լեւոն Արոնյանի խաղաոճը, բացի այդ նա բարձր վարկանիշ ունի: Բայց ինձ հետաքրքիր են նաեւ մյուսների պարտիաները: Հայաստանի թիմի շախմատիստները խաղում են ստեղծագործելով: Կառանձնացնեմ Վլադիմիր Հակոբյանին, նրա հետ հետաքրքիր խաղ է ստացվում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս