13:29  +04,  25 ապրիլի, 2015

UFC չեմպիոն Ռոնդա Ռոուզին՝ Ծիծեռնակաբերդում. Վերադառնալու եմ Հայաստան մայրիկիս հետ (ֆոտոշարք)

Երբ անմար կրակի մոտ ծաղիկներ էի դնում, այդ պահին ինձ շատ վատ էի զգում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի, որ երբեւէ նման ոճրագործություն այլեւս չլինի։ Զարմացած եմ, որ այսքան մարդ եկել է հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց  ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին, որն ապրիլի 22-ի երեկոյան ժամանել էր Հայաստան:

Հայտնի մարզուհի Ռոնդա Ռոուզին եւ անձնական մարզիչ Էդմոնդ Թարվերդյանը ապրիլի 25-ին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հուշահամալիրում անվանի մարզուհին եւ իր մարզիչը նախ՝ ծաղիկներ դրեցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում գտնվող նահատակների շիրիմներին, ապա՝ անմար կրակի մոտ։

Հյուրերը ցանկություն ունեին նաեւ այցելել Ցեղասպանության թանգարան, սակայն ապրիլի 25-ին թանգարանի դռները փակ էին այցելուների համար։

«Շատ ուրախ եմ, որ այս օրերին հայ ժողովրդի կողքին եմ, այստեղ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերում։ Զարմացած եմ, որ այսքան մարդ եկել է հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը եւ երեկվանից մարդկանց հոսքը չի դադարում։ Հայաստանն իմ սրտում շատ մեծ տեղ ունի, հիացած եմ հայերով, հայերի վերաբերմունքով։

Ես 2014 թվականին ճանաչվեցի աշխարհի ամենաուժեղ կինը։ Ինձ համար յուրաքանչյուր կին, ով մայր է, ուժեղ է։ Մայրերը շատ ուժեղ են։ Ցեղասպանությունը վերապրած ու մազապուրծ եղած մայրերն՝ առավել եւս ուժեղ կանայք են։

Մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի, որ երբեւէ նման ոճրագործություն այլեւս չլինի։

Հայաստանում ինձ զգում եմ ինչպես տանը, գուցե պատճառն այն է, որ մարդկությունը սերել է հենց Հայաստանից, Արարատ լեռան վրա հանգրվանած Նոյի տապանից։ Ես ինձ շատ հանգիստ եմ զգում Հայաստանում։ Այսօր մեկնում եմ Հայաստանից, բայց խոստանում եմ, որ  վերադառնալու եմ, հաջորդ անգամ արդեն մայրիկիս հետ»,- ասաց Ռոնդա Ռոուզին։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին Հայաստան էր ժամանել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։ Նա հայտարարել էր, որ եկել է Հայաստան՝ Ցեղասպանության ճանաչման ջանքերին աջակցելու նպատակով։ Ապրիլի 23-ին Ռոնդա Ռոուզին հանդիպեց նաեւ բռնցքամարտի Հայաստանի հավաքականին հետ եւ անցկացրեց ցուցադրական մարզում հայ բռնցքամարտիկների համար։  Ապրիլի 25-ին հայտնի մարզուհին կմեկնի Հայաստանից։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ