22:31  ,  22 ապրիլի, 2015

MMA, UFC-ի չեմպիոն Ռոնդա Ռոուզի. Այստեղ եմ՝ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին

Հայաստան ժամանելուս նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչմանն օգուտ տալն է, հայտարարել է ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին, որն ապրիլի 22-ի երեկոյան ժամանել է Հայաստան:

«Գիտեմ, որ 1915 թվականին սարսափելի ցեղասպանութուն է եղել։ Ես այստեղ եմ՝ աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերին։ Անցյալը մոռանալու միակ ճանապարհը ճանաչումն է։ Ես մտածեցի, որ աջակցելու լավագույն ձեւը կլինի այս օրերին Հայաստանում անձամբ ներկա լինելը։ Առաջին անգամ եմ Հայաստանում, շատ բարձր կարծիքի եմ հայ մարզիկների մասին։ Դրա վառ ապացույցն այն է, որ ես իմ կարիերան վստահել եմ հայ մարզիչի։ Իմ բոլոր հաջողությունների կողքին կանգնած է իմ հայ մարզիչ Էդմոնդ Թարվերդյանը»,- ասաց Ռոնդա Ռոուզին։

Ռոնդա Ռոուզին անվանի մարզուհի լինելուց նաեւ հայտնի դերասանուհի է: Նա խաղացել է «Ֆորսաժ 7», «Անզսպելիները 3» ֆիլմերում: Նա Լոս Անջելեսի «Հայաստան» թիմի ներկայացուցիչ է: Իսկ 2014 թվականին ճանաչվել է աշխարհի ամենահայտնի կին մարզիկ: Նրան կոչում են «անպարտելի Ռոնդա Ռոուզի»:

Ռոնդա Ռոուզին ապրիլի 23-ին ժամը 13:00-ին «Դինամո» մարզադահլիճում բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի հետ անցկացնելու է ցուցադրական մարզում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով