17:23  +04,  22 ապրիլի, 2015

Հայկական ջրացատկի հույսերը. Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար (ֆոտոշարք)

Այս տարվա մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունում Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերելն է։ Եթե աշխարհի առաջնությունում Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը կարողանան հայտնվել վեց ուժեղագույնների թվում,  վերջապես մեր երազանքը կկատարվի եւ մենք կունենանք Օլիմպիական խաղերի մասնակից։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ ջրացատկի Հայաստանի առաջնությունը բոլոր տարիքային խմբերում:

Մեծահասակների խմբում 1 մետր ոստնակացատկում չեմպիոն է դարձել Լեւ Սարգսյանը, 3 մետր ոստնակացատկում առաջատարը Վլադիմիր Հարությունյան է, իսկ աշտարակացատկում՝ կրկին Լեւ Սարգսյանը:

Պատանիների խմբում Հայաստանի բացարձակ չեմպիոններ են դարձել Միքայել Հակոբյանը եւ Քրիստինե Հարությունյանը:

Ամփոփելով Հայաստանի առաջնությունը, Հրաչյա Չանդիրյանը նշեց, որ արդյունքները հաջողված էին, սպասված եւ ուրախացնող։

«Այն արդյունքներն, ինչ ունեցանք Հայաստանի առաջնությունում, սպասելի էին, բավական լավ արդյունքներ էին։ Ինձ համար շատ հաճելի էին մասնավորապես աշտարակացատկում Լեւ Սարգսյանի եւ Վլադիմիր Հարությունյանի ցույց տված արդյունքները։ Հայաստանի առաջնությունում շատ հետաքրքիր մրցապայքար ստացվեց այս երկու ջրացատկորդների միջեւ։ Նրանց միջեւ մեծ մրցակցություն էր, պայքար էր լավագույնի համար։ Մինչեւ վերջին տեղը առաջին տեղի համար պայքարում լավագույն ցատկերը  ցուցադրում էր Վլադիմիր Հարությունյանը՝ հետ թողնելով Լեւ Սարսգյանին։ Միայն վերջին ցատկում Լեւ Սարգսյանը հավաքեց ուժերը եւ ցուցադրեց լավագույն արդյունքը՝ դանռալով Հայաստանի չեմպիոն։

Եթե այսպիսի մրցակցությունը շարունակվի, մեզ միայն հաջողություններ կսպասեն։ Այս տարվա մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունում Ռիո-2016-ի օլիմպիական  ուղեգիր ձեռք բերելն է։ Եվ եթե այսօրինակ մրցակցությունը այս երկու ջրացատկորդների միջեւ շարունակվի մինչեւ աշխարհի առաջնություն, հույս ունենք, որ վերջապես մեր երազանքը կկատարվի եւ մենք կունենանք մասնակից ջրացատկորդ Օլիմպիական խաղերում։

Առջեւում՝ հունիսին Եվրոպայի առաջնությունն է, որը տեղի կունենա Գերմանիայում։ Եվրոպայի առաջնությունից ակնկալիքներ ունենք, հույս ունենք, որ կլինենք լավագույն 6-ի մեջ։ Սրանք մեր երազանքներն ու նպատակներն են։ Արդեն սպասելիքները մեծ են մեր ջրացատկորդներից»,- ասաց Հրաչյա Չանդիրյանը։

Հարցին, թե հավաքականի գլխավոր մարզիչը Ռիո-2016-ի ուղեգրի հավակնորդ  առաջատար երկու ջրացատկորդներից ում է տեսնում, Հրաչյա Չանդիրյանը դժվարացավ պատասխանել։

«Երկուսին էլ տեսնում եմ Օլիմպիական խաղերում։ Երկուսն էլ ունեն օլիմպիական ուղեգիր նվաճելու բոլոր հնարավորությունները։ Նրանք լավ մարզավիճակում են, փորձառու են, չեն վախենում մրցակցությունից, ունեն հիանալի տեխնիկա, ցատկ։ Նրանք մեր հավաքականի առաջատարներ են։ Մեկ ամիս առաջ Գերմանիայում կայացած Գրան Պրիում Վլադիմիր Հարությունյանը աշխատարակացատկում հաղթեց Լեւ Սարսգյանին։ Հայաստանի առաջնությունում Լեւ Սարսգյանը հաղթեղ Վլադիմիր Հարությունյանին։ Առանձնահատուկ հետաքրքրիր պայքար, մրցակցություն է գնում այս երկու ջրացատկորդների միջեւ։ Այդ պատճառով չեմ կարող առանձնացնել, թե նրանցից ով է առավել եւ ում հնարավորություններն են ավելի մեծ։  Նրանք հավասար են, ամեն ինչ կախված է տվյալ մրցումների ժամանակ մարզիկների հոգեբանական պատրաստվածությունից ու վիճակից։ Երկուսն էլ մեծ ներուժ ունեն ուղեգրեր բերելու համար։

Հայաստանի սպորտի նախարար եւ ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանի հետ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու ուղղությամբ մտածում ենք, կազմում ենք ծրագրեր։ Հավաք կլինի տարվա կարեւորագույն մրցումից՝ աշխարհի առաջնությունից առաջ։ Շատ հնարավոր է, որ մեկ հավաք էլ ունենանք Եվրոպայի առաջնությունից առաջ»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...