16:12  ,  11 ապրիլի, 2015

Միհրան Հարությունյան. Եթե հնարավորություն տան, ես կմեկնեմ Բաքու

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2014-ի չեմպիոն Միհրան Հարությունյանը, ով հիվանդության պատճառով բաց էր թողել ընթացիկ տարվա ազգային առաջնությունը, երկար ժամանակ գտնվում էր վերականգնողական փուլում: Այժմ ըմբիշը վերսկսել է մարզումները:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հարությունյանը խոսել է մարզումների, հավաքականում առաջատար դիրքերի եւ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերի մասին:

Միհրան, տեւական վերականգնողական փուլից հետո կրկին վերադարձել ես մարզումներիդ:

Մարզումային ի՞նչ փուլում ես գտնվում, ինչպիսի՞ մարզավիճակում ես:

Մարզումներիս վերադառնալուց հետո, առաջին երկու շաբաթը չէի ծանրաբեռնում ինձ եւ մարզվում էի օրը մեկ անգամ: Այժմ անցել եմ օրական երկու մարզումներին: Արդեն մեկ շաբաթ է այս ռեժիմով եմ մարզվում: Այսօր անցկացրել եմ ստուգողական երեք գոտեմարտ հրաշալի ըմբիշների հետ:

Չեմ կարող ասել, որ գտնվում եմ իմ լավագույն մարզավիճակում, սակայն վստահ եմ, որ կկարողանամ ավելացնել ու հասնել:

Առողջական խնդիրների պատճառով բաց թողեցիր երկրի ընթացիկ  տարվա առաջնությունը: Քո քաշում նոր չեմպիոն կա:  Լրագրողների հետ զրույցում Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը հայտարարեց, որ քեզ հետ կապված հետագա անելիքները կորոշի ֆեդերացիան եւ մարզչական շտաբը՝ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ: Որեւէ նորություն կա՞ այս հարցի հետ կապված:

Այո, ցավոք առողջական խնդիրների պատճառով ես չմասնակցեցի Հայաստանի առաջնությանը եւ բաց թողեցի մի քանի հավաք:

Դրանով իսկ թուլացնելով իմ դիրքերը հավաքականում: 66կգ քաշային կարգում մեծացել է մրցակցությունը. դա ավելի հետաքրքիր է:

Ես չեմ փոխում կարծիքս այն մասին, որ դիրքերս պետք է վիճարկեմ միայն հաղթանակներով. սա է մեծ սպորտի օրենքը:

Շուտով մեկնարկում են մի շարք միջազգային մրցաշարեր, որտեղ ամեն տարի իրենց մասնակցությունն են ունենում նաեւ հայ ըմբիշները: Կա՞ հստակություն՝ կապված քո մասնակցության հետ, որտե՞ղ քեզ կտեսնենք:

Առաջիկայում կկայանան  Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի մրցաշարը՝ Բուլղարիայում եւ մայիսի 9-ին, Սերբիայում կայանալիք Գեձի հուշամրցաշարը:

Որտեղ եւ երբ ես հանդես կգամ, մեծ հաշվով կախված է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից:

Միհրան, կցանկանայի իմանալ քո դիրքորոշումը  Բաքվի Եվրոպական խաղերի հետ կապված: Հնարավորության դեպքում  պատրա՞ստ ես մեկնել Բաքու:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ-ին, ըմբշամարտի ֆեդերացիային եւ մարզչական շտաբին, որ նրանք ընդհանուր հայտարարի եկան եւ որոշեցին մասնակցել այդ Խաղերին:

Անձամբ ես պատրաստ եմ մասնակցել: Կարծում եմ՝ պետք է ցանկացած պայմաններում փորձենք հաղթել: Գաղտնիք չէ, որ այնտեղ մթնոլորտը, մրցակցությունը եւ ընդհանուր մոտեցումները ամենադաժանն են լինելու, բայց ես հավատում եմ մեր թիմի ուժերին: Եթե, ինձ հնարավորություն տան, ես կմեկնեմ Բաքու:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս