17:46  ,  18 փետրվարի, 2015

Երեւանի նոր հեծանվահրապարակի առավելություններն ու վտանգները (ֆոտոշարք)

2010 թվականին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում մեկնարկեց նոր, ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող հեծանվահրապարակի կառուցումը, որը շահագործման հանձնվեց 2011 թվականի սեպտեմբերին։ Հայաստանում հեծանվասպորտի զարգացման նպատակով կառուցված այս հեծանվահրապարակն ունի 250 մետր երկարությամբ մրցուղի եւ 3200 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունա: Վազքուղին կառուցվել եւ ծածկվել է բարձրորակ փայտով, ինչն առաջացրել է դրա վտանգավոր լինելու մասին կարծիքներ։ Ըստ մասնագետների՝ բարձրորակ փայտով ծածկույթը մարզիկներին թույլ է տալիս գրանցել արագության լավ արդյունքներ: Սակայն փայտե մրցուղին մարզիկների համար դարձել է վտանգավոր։

Օրերս Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Մարտին Շարբաթյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հեծանվահրապարակի փայտե ծածկույթի վտանգավորության աստիճանին, մարմնական վնասվածքներով դեպքերին։ Նա առաջարկեց փայտե ծածկույթը ապամոնտաժել, փայտը վաճառել եւ փոխարենը բետոնապատել վազքուղին, որպեսզի Հայաստանի առաջնություններից եւ մրցումներից հետո հայ հեծանվորդները մարմնական վնասվածքներով չհեռանան հեծանվահրապարակից։

«Մեր հեծանվահրապարակի փայտե ծածկույթը շատ լավն է, բարձր որակի, միջազգային չափանիշներին համապատասխանող։ Բայց քանի որ տանիքը կիսաբաց է, անձրեւներից, ձյան տեղումներից փայտը դառնում է վստանգավոր հեծանվորդների համար։ Այս հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացրել ենք, տարբեր տեղերում ասել ենք՝ եթե փայտե ծածկույթ է, ուրեմն տանիք է պետք։ Եթե բետոնե ծածկույթ լիներ, բաց տանիքը մեզ չէր անհանգստացնի։ Եթե բաց է տանիքը, փայտը որքան էլ բարձր որակի լինի, փայտը մնում է փայտ։ Տեղումներից զատ, փայտի վրա մթնոլորտային խոնավությունն էլ է ազդում։ Այսօր մեր երեխաները վախենում են հեծանիվ վարել այդտեղ։ Անցյալ տարի՝ Հայաստանի առաջնությունից շտապօգնության մեքենաներով երեխաներին տարան հեծանվահրապարակից։ Ոչ թե փշեր են վնասում հեծանվորդներին, այլ մեխեր, փայտի կտորներ։ Մեր առաջատար հեծանվորդ Մհեր Մկրտչյանը Հայաստանի առաջնությունից հետո 3-4 օր հիվանդանոցում մնաց։ Պատկերացրեք՝ այդ երկարության փայտերն ու մեխերը կենսական օրգաններ վնասեն, աչքը մտնեն, կամ սիրտը։ Սա շատ ցավոտ հարց է»,- ասել է Մարտին Շարբաթյանը։

Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարի հայտարարությունից հետո NEWS.am Sport-ի թղթակիցը եղավ հեծանվահրապարակում։

Հեծանվասպորտի  Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ, նախկին հեծանվորդ, Երեւանի հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը մեկնաբանեց փայտե ծածկույթի վտանգավոր լինելու մասին կարծքիները։ Աշոտ Խաչատրյանին զարմացրեց միջազգային չափանիշներին համապատասխանող Երեւանի հեծանվահրապարակի փայտե ծածկույթի վերաբերյալ շրջանառվող խոսակցությունները՝ դրանք որակելով թյուրիմացություն։

«Հեծանվահրապարակը խիստ մասնագիտական մարզակառույց է։ Եվ ցավն այն է, որ շատ անգամ նույնիսկ պատահական մարդիկ՝ չիմանալով հեծանվահրապարակի ընդհանուր կառուցվածքը, արտահայտություններ են անում, որոնք վնասում են թե մեր հեծանվահրապարակին, թե մեր առօրյա աշխատանքին։ Երեւանի հեծանվահրապարակը կառուցված է կատարյալ ձեւով, բավականին արագ հեծանվահրապարակ է։ Մեր տարածաշրջանում Երեւանի հեծանվահրապարակի վազքուղին ամենաարագընթացն է։ Այս վազքուղին 250 մետր է եւ իր բոլոր չափորոշիչներով համապատասխանում է Օլիմպիական խաղերի համար նախատեսված վազքուղուն։

Այն, որ խոսվում է վթարների, վտանգավոր դեպքերի մասին, առկա է ամբողջ աշխարհում։ Միշտ ամեն տեղ, ամեն մրցումների ժամանակ հեծանվահրապարկներում մրցումների ժամանակ դեպքեր, վթարներ լինում են։ Չկա մի մրցում, որ դեպքեր չլինեն։ Աշխարհի գրեթե բոլոր հեծանվահրապարակները փայտից են։

Օրինակ՝ Մանչեսթերի հեծանվահրապարակը, որտեղ անցկացվեց աշխարհի առաջնությունը, նույնատիպ հրապարակ է, փայտե վազքուղով, նույն փայտով, ինչ մերը։ Առաջնության ժամանակ բազմաթիվ դեպքեր եղան մարզիկների ընկնելու, վնասվածքներով հրապարակը լքելու։ Հեծանվային սպորտում վայր ընկնելուց ու վնասվածքներ, նույնիսկ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ ստանալուց որեւէ մարզիկ ապահովագրված չէ։ Սա վտանգավոր մարզաձեւ է։ Բնական է, որ փայտի վրա ընկնելիս մարզիկների մարմինը փշեր պետք է մտնեն։ Բետոնե վազքուղին էլ է վտանգավոր․ բետոնե վազքու վրա ընկնելիս էլ մարզիկները մաշկն են վառում, տաշում։ Դեպքերը, որոնք նշում է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատարը, միայն Հայաստանում չեն։ Նման դեպքերը, շտապօգնության մեքենաներով մարզիկներին հրապարակից տանելը ամբողջ աշխարհում տեղի ունեցող երեւույթներ են։

Հարցն այն է, որ մեր վազքուղու փայտը պահպանելն է շատ բարդ։ Մեր հրապարակը կիսածածկ է եւ տեղումների պատճառով մեզանից մեծ ջանքեր է պահանջվում եւ հատուկ կենտրոնացված աշխատանք փայտը պահպանելու համար։ Փայտի որակը չի կորում, քանի որ հատուկ մասնագետներ են աշխատում դրա վրա։ Ուրիշ հարց է, որ պահպանումը բավականին թանկ է եւ ծավալուն աշխատանքներ է պահանջում, բայց այս վազքուղին ամենաորակյալ, միջազգային չափանիշին համապատասխան վազքուղի է եւ ամենակարեւորը արագընթաց  է։

Մեր պետությունը, կառավարությունը, քաղաքապետարանը մեզ օգնում են պահպանել, մշակել փայտը, որպեսզի այն տեղումների պատճառով որակը չկորցնի։ Ոչ մի խնդիր չկա վազքուղու ծածկույթի հետ կապված։ Մեր վազքուղին տարվա բոլոր եղանակներին շատ լավ վիճակում է, որովհետեւ առավոտից երեկո համապատասխան մասնագետներ աշխատում են դրա վրա»,- ասաց Աշոտ Խաչատրյանը։

Թե ինչպես կարձագանքի, եթե ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Մարտին Շարբաթյանը փայտն ապամոնտաժելու, վաճառելու եւ փոխարենը բետոնե ծածկույթ անելու առաջարկը փորձի իրականացնել, Աշոտ Խաչատրյանը նշեց․

«Վնասվածքների հետ ծածկույթը կապ չունի՝ փայտ է, թե բետոն։ Փայտի վրա էլ են ընկնում, բետոնի վրա էլ։ Մեր նախկին հեծանվահրապարակում երկու անգամ մահացու դեպք է եղել․ ասե՞նք վազքուղին էր մեղավոր։ Այս մարզաձեւում ընկնելը, դեպքերն ու վնասվածքները մարզիկների պատրաստականությունից են։ Փոխելու կարիք չկա, քանի որ այս վազքուղին արագընթաց է եւ լավ արդյունքներ է տալիս։ Դեպքեր եղել են, կան ու կլինեն։

Կառուցելիս բոլոր հարցերը քննարկվել են եւ պետք չէ նման խոսակցություններ տանել։ Մարտին Շարբաթյանին ճանաչում ենք, տեղյակ ենք, որ ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, բայց նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպում դեռեւս չենք ունեցել, նա այդ հարցով հեծանվահրապարակ չի եկել։ Նախագահը կնշանակվի, կհանդիպենք, կքննարկենք բոլոր հարցերը, որ պետք չէ հեծանվահրապարակի վազքուղին ապամոնտաժել»։

Լուսինե Շահբազյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով