18:40  ,  11 փետրվարի, 2015

Գագիկ Սարգսյան. Սերգեյ Միքայելյանից ավելին էինք սպասում, բայց 10-րդ տեղը եւս փայլուն արդյունք է

Հաշվի առնելով վերջին տարիներին Սերգեյ Միքայելյանի առաջընթացը, նրանից ավելին էինք սպասում։ Բայց աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում 10-րդ տեղը Հայաստանի համար փայլուն արդյունք է։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտված դահուկավազքի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար, 2015թ. Հայաստանի չեմպիոն Սերգեյ Միքայելյանը սկիաթլոն 30 կմ (15 կմ դասական ոճ եւ 15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում զբաղեցրել է 10-րդ տեղը։ Հայ դահուկորդը մասնակցել է նաեւ 15 կմ ազատ ոճ մրցավազքում՝ 37:48.6 րոպե արդյունքով 56 մասնակիցների մեջ գրավելով 21-րդ տեղը: Նա 1:53.3 րոպեով հետ է մնացել մրցավազքի հաղթող, գերմանացի Ֆլորիան Նոտցից:

Պարոն Սարգսյան, ինչպե՞ս կգնահատեք Սերգեյ Միքայելյանի ելույթները Ալմաթիում։

Հաշվի առնելով վերջին տարիներին Սերգեյ Միքայելյանի առաջընթացը, ճիշտն ասած, բոլորս՝ թե մարզիչները եւ թե ֆեդերացիան, Սերգեյից աշխարհի մինեւ 23 տարեկանների առաջնությունում մի փոքր ավելին էինք սպասում։ Մենք մտածում էինք մեդալների մասին։ Սերգեյը հավակնում էր մեդալի, բայց եղան խոչընդոտող որոշակի հանգամանքներ.  հունվարին մեր դահուկորդը հարբուխ տարավ, ինչն, ըստ Սերգեյի մարզիչի՝ պատճառներից մեկն էր։ Բացի այդ, աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում շատ մեծ մրցակցություն կար։ Մինչեւ վերջին 1,5կմ-ից 800 մ-ը Սերգեյ Միքայելյանը առաջատարների մեջ էր, 5-րդ, 6-րդ տեղերում էր։ Ինչ-որ բան չբավարարեց, ինչ-որ բան պակաս էր։ Մեզ համար սկիաթլոն 30 կմ մրցատարածությունում 10-րդ տեղը փայլուն արդյունք է։ Այս մրցելույթում 10-րդ տեղը հենց մեդալների պայքար էր։ Բոլոր 10 դահուկորդները պայքարում էին մեդալների համար եւ Սերգեյը նրանցից մեկն էր։ Գոհ ենք. կարող էր մի փոքր ավելին, բայց չստացվեց։ Սպորտ է, ամեն ինչ հնարավոր է։ Հզորագույն դահուկային պետությունների՝ Գերմանիա, Ռուսաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, անվանի դահուկորդների հետ պայքարում Սերգեյն իրեն դրսեւորեց լավագույն կողմերով եւ մեկ անգամ եւս ապացուցեց, որ Հայաստանը հավակնում է դառնալու դահուկային պետություն:

Միջազգային վարկանիշային աղյուսակում ո՞ր տեղում է այժմ Սերգեյ Միքայելյանը։

Այս առաջնությունը նրա միավորներն ավելացրեց։ Դեռեւս չի հրապարակվել միջազգային վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը, բայց կարծում եմ՝ Սերգեյն արդեն աշխարհի 200 լավագույն դահուկորդների մեջ է։

Արդեն մի քանի ամիս է դահուկային սպորտի Հայաստանի հավաքականը գլխավորում է նոր մարզիչ՝ անվանի դահուկորդ Արթուր Միքայելյանը, ով Սերգեյ Միքայելյանի հայրն է եւ անձնական մարզիչը։ Աշխարհի առաջնությունում 10-րդ տեղը հավաքականի մարզիչի՞, Սերգեյի՞, թե՞ ֆեդերացիայի աշխատանքի արդյունքն է։  Ինչպե՞ս եք գնահատում Արթուր Միքայելյանի աշխատանքը հավաքականում։

Սա բոլորի աշխատանքի արդյունքն է։ Բոլորը միասին են աշխատում բարձր արդյունքների համար։ Հավաքականի գլխավոր մարզիչի աշխատանքին գնահատական տալը դեռեւս շուտ է երկարաժամկետի հետ կապված։ Բայց եթե կարճ ժամանակահատվածում արդեն ունենք այսպիսի փայլուն արդյունք, ուրեմն ամեն ինչ ընթանում է ըստ նորմայի։ Արթուր Միքայելյանի արդյունավետ աշխատանքի ապացույցը հենց այս մասնակցությունն էր։ Իհարկե, հավաքականի հետ մեծ աշխատանք կա տանելու, որովհետեւ միայն Սերգեյ Միքայելյանը չէ։ Ունենք շատ երեխաներ, լավ մարզիկներ, որոնց մարզել է պետք։

Ինչո՞ւ միայն Սերգեյ Միքայելյանը ներկայացրեց Հայաստանը մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Ժամանակին մենք ուղարկում էինք 4-5 դահուկորդների եւ մեր մարզիկները միայն մասնակցություն էին ապահովում՝ միջին տեղեր, վերջից 20-րդ տեղեր եւ այլն։ Հասկացանք, որ ուղղակի ավելի նպատակային կարելի է գումարը ծախսել եւ մարզիկներին ուղարկել ավելի շատ ուսումնամարզական հավաքների, մեծ ուշադրություն դարձնել պատանիների վրա, ուղարկել նպատակային՝ վարկանիշային մրցումների։

Մենք շեշտը միայն Սերգեյ Միքայելյանի վրա չենք դրել։ Շեշտը դրել ենք՝ ունենալով Սերգեյ Միքայելյան, որպես մեր առաջատար, որից հետո Արթուր Եղոյան, աղջիկներ, պատանիներ։ Մենք շեշտը դրել ենք երկու մարզաձեւերի՝ դահուկավազքի եւ լեռնադահուկի զարգացման, արդյունքների աստիճանական աճի վրա։

Ունենք շատ լավ մարզիկներ։ Միայն Սերգեյը չի ներկայացնում Հայաստանը միջազգային մրցասպարեզում։ Փետրվարի 14-15-ը Շվեդիայում տեղի կունենա աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Միքայելյանը եւ մեր առաջատար դահուկորդներից Արթուր Եղոյանը։ Սերգեյ Միքայելյանը աշխարհի գավաթի փուլին մասնակցում է իր միավորներով, իսկ Արթուր Եղոյանին դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան բացառություն արեց, որպեսզի մասնակցելու հնարավորություն տա։ Արթուր Եղոյանն ուներ 85 միավոր եւ միջազգային ֆեդերացիան ընդառաջ գնաց մեր խնդրանքին։

Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո կրկին Շվեդիայում կկայանա աշխարհի առաջնությունը։ Մեր դահուկորդները կմնան այնտեղ, իսկ հավաքականը փետրվարի 16-ին այստեղից կմիանա նրանց։ 

Նշեցիք, որ շեշտը դրվել է նաեւ լեռնադահուկի զարգացման եւ աստիճանական աճի վրա։ Սոչի-2014 ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը շարունակո՞ւմ է հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։

Արման Սերեբրակյանը շարունակում է ներկայացնել Հայաստանը, հանդես գալ Հայաստանի հավաքականից։ Արմանը կմասնակցի Շվեդիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, բայց արդեն հաջորդ Օլիմպիական խաղերում, իմ կարծիքով, այլեւս ցանկություն չի ունենա հանդես գալ։ Արմանը մարզվում է ԱՄՆ-ում եւ այնտեղից կմեկնի Շվեդիա, կմիանա հավաքականին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով