22:44  ,  10 փետրվարի, 2015

Արթուր Աբրահամ. Խոստանում եմ, որ Սմիթը չի դիմանա մինչեւ 12-րդ ռաունդը

Մտադիր եմ նոկաուտով հաղթել Փոլ Սմիթին, որպեսզի հաղթանակի մասին որոշման պատասխանատվությունը վերցնեմ մրցավարներից, հայտարարել է պրոֆեսիոնալ բռցնքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ խոսելով փետրվարի 21-ին Բեռլինում կայանալիք չեմպիոնական տիտղոսի պաշտպանության մենամարտի մասին:

Նշենք, որ NEWS.am Sport-ն Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ մենամարտը կլուսաբանի Բեռլինից:

«Ես ցանկանում բոլորին հստակ ցույց տալ, թե ով է չեմպիոնը: Փոլ Սմիթը լավ ելույթ ունեցավ առաջին մենամարտում, բայց ես ավելի լավն էի: Ես չեմ հասկանում, թե ինչու է նա բրիտանական լրատվամիջոցներում խոսում մրցավարական սխալի մասին: Մրցավարներին նշանակում է ֆեդերացիան: Մրցավարը բազմամյա պատրաստություն է անցնում եւ միայն լավ դրսեւորվելուց ու համբավ ձեռք բերելուց հետո ստանում է չեմպիոնական տիտղոսի մենամարտ սպասարկելու իրավունք:

Ես անհանգստություն չունեմ: Մրցավարներից պատասխանատվությունը վերցնելու միակ միջոցը նոկաուտով հաղթելն է: Դա ավելի է մոտիվացնում ինձ: Ես խոստանում եմ, որ Սմիթը չի դիմանա մինչեւ 12-րդ ռաունդը»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Boxing Scene-ը:

Հիշեցնենք, որ Աբրահամն ու Սմիթն առաջին անգամ մենամարտել են 2014թ. սեպտեմբերին: Հայ բռնցքամարտիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, որը սուլոցներով ընդունեցին բրիտանացի երկրպագուները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում