17:14  ,  6 փետրվարի, 2015

ՀՍՖ գլխավոր քարտուղար. Հայկական սուսերամարտի զարգացման հիմնական խոչընդոտը բանակն է

Հայկական սուսերամարտի զարգացման հիմնական խոչընդոտը բանակն է։ Մարզիկներին զինծառայությունից հետո այս մարզաձեւը չի ձգում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 27-30-ը Երեւանի Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Պարոն Մադոյան, ամփոփեք սուսերամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը։

Արդյունքները սպասվող էին, առաջատարները բոլորն էլ գրավեցին մրցանակային տեղեր։ Անակնկալներ չեղան այս առաջնությանը, որեւէ մեկը չզարմացրեց մեզ, ովքեր մեր առաջատարներն էին, նրանց միջեւ էլ կայացավ պայքարը։ Այս արդյունքների շնորհիվ կկազմենք թիմ եւ կորոշվի թե ով է այս թիմից մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է փետրվարի 25-ից մարտի 4-ը Սլովենիայի Մարիբոր քաղաքում։ Անցկացվելու է պատանիների եւ երիտասարդների առաջնություն։ Արդեն հստակեցված է, որ մասնակցելու ենք երկուական սուսերամարտիկներով երկու առաջնություններին էլ։ Երիտասարդական առաջնությանը հանդես կգանք երկու զենքաձեւում՝ խոցասուսերում  կմասնակցի Էմմա Պողոսովան, ճկասուսերում՝ Արփինե Աթոյանը։ Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը կներկայացնենք Պարգեւ Ստեփանյանը՝ ճկասուսեր, եւ Էդուարդ Հովիկյանը՝ խոցասուսեր։

Ի՞նչ հնարավորություններ ունեն մեր երիտասարդ մարզուհիներն ու պատանի սուսերամարտիկները Եվրոպայի առաջնությունում։ Ի՞նչ սպասելիքներ կան։

Եվրոպայի առաջնությունից ակնկալիքները լավ աշխատելն է, մի քանի փուլ հաղթահարելն է: Պետք է շատ աշխատեն մեր երիտասարդները, փորձեն հաղթանակներով անցնել մի քանի փուլ: Մեդալ չենք սպասում հստակ, բայց դե սա սպորտ է եւ ամեն ինչ հնարավոր է: Դե պատկերացրեք՝ Եվրոպայի առաջնությունում ամեն զենքաձեւում մասնակցում է 150 մարզիկ, մեկ ամիս հետո մեր մարզիկները մեկնում են աշխարհի առաջնության, այնտեղ 200 մարզիկի պայքարում է մրցանակային տեղերի համար յուրաքանչյուր զենքաձեւում: Ամեն ինչ սկսվում է նախնական փուլից, արդեն հիմնական փուլից օլիմպիական համակարգով է՝ պարտվողը դուրս է մնում: 8 հաղթանակ պետք է տանես՝ առանց պարտվելու, որպեսզի դառնաս չեմպիոն: Եվրոպայի առաջնությունում մեր մարզիկներից յուրաքանչյուրից սպասում ենք բարձր արդյունք:

Այժմ Երեւանում մեր մարզադպրոցում անցկացնում ենք հավաքականների ուսումնամարզական համատեղ մարզումներ: Եվրոպայի առաջնությունից հետո ունենք ուսումնամարզական հավաք Ծաղկաձորում, որտեղ թիմը կնախապատրաստվի Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Ծաղկաձորում ամեն տարի անցկացնում ենք հավաքներ, վերջին հավաքն ունեցել ենք դեկտեմբերին: Եվ բոլոր այդ հավաքները ֆինանսավորվում են պետական աաջակցության հաշվին: Սա ֆեդերացիայի նախաձեռնությունն է, պետբյուջեից մեզ հասած գումարով կազմակերպում ենք նաեւ հավաքներ, ոչ մի այլ միջոցներով մեր հավաքներն ու մրցաշարերին մասնակցելը չի ֆինանսավորվում:

Ի՞նչ խնդիրներ ունի հայկական սուսերամարտը, որո՞նք են զարգացման խոչընդոտները:

Մենք ունենք մի շատ լուրջ խնդիր։ Դա տղաների բանակի խնդիրն է։ Երբ մարզիկները հասնում են բանակային տարիքին եւ գնում ծառայության, մենք ամեն անգամ կորցնում ենք մի սուսերամարտիկի, քանի որ զինծառայությունից հետո մարզիկներից ոչ ոք չի շարունակում մարզիկի կարիերան։ Այսպես տասը մարզիկից միայն մեկը հնարավոր է, որ ծառայությունից հետո վերադառնա սպորտ, շարունակի զբաղվել սուսերամարտով։ Այդ երկու տարին բավական երկար ժամանակ է յուրաքանչյուր մարզաձեւի մարզիկի համար։ Մասնավորապես սուսերամարտիկի համար երկու տարին մեծ դադար է, շատ դժվար է այդ երկու տարվա բացթողումը լրացնել։ Իսկ մարզական վաշտում ծառայելու հնարավորությունները դեռեւս քիչ են․ նրանք պետք է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում 1-6 տեղերը զբաղեցնեն, որպեսզի այդտեղ զինծառայություն անցնեն։ Ցավոք, մենք այսօր չենք կարողանում այդ արդյունքը ցույց տալ, դեռեւս այդ շանսեր չունենք մրցանակային տեղի համար պայքարելու։

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան մարզաձեւի զարգացմանն ուղղված ամեն քայլ իրականացնում է: Ֆեդերացիայի նախագահի՝ Արմեն Գրիգորյանի ջանքերով մեր բոլոր հարցերը լուծվում են: Ֆեդերացիայի նախագահը ջերմ հարաբերությունների մեջ է միջազգային ֆեդերացիայի ղեկավարների հետ, կարողանում է միջազգային ֆեդերացիայից գույք բերել, որը բաժանվում է մարզադպրոցներին: Ամեն տարի մեր գույքը թարմացվում է:

2015 թվականը բոլոոր մարզաձեւերի համար կարեւորագույն տարի է Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու, դեպի Օլիմպիական խաղեր ճանաապարհ հարթելու ուղղությամբ: Ի՞նչ ծրագրերով է սկսել  հայկական սուսերամարտը այս տարին:

Այս տարին ինչպես մյուս մարզաձեւերի, այնպես էլ սուսերամարտի համար կարեւոր տարի է: Մենք եւս փորձելու ենք պայքարել Ռիո-2016-ի ուղեգրի համար: Տարին սկսում ենք Եվրոպայի առաջնությունով, աշխարհի առաջնություն, միջազգային մրցաշարեր: Կանցկացնենք նաեւ արդեն երեք տարի շարունակ Երեւանում կազմակերպվող միջազգային մրցաշարը:

Մենք այս պահին պլանավորել ենք փորձել ուժերը Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար վարկանիշային պայքարում: Բայց ավելի հաստատուն քայլերով կքայլենք դեպի 2020 Օլիմպիական խաղեր՝ արդեն ոչ միայն ուղեգրերի համար այլեւ կոնկրետ արդյունքների: Ռիո-2016-ի ուղեգրի համար կպայքարի մեր առաջատար սուսերամարտիկ Մայքլ Հովհաննիսյանը: Նա չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, բայց հանդես կգա աշխարհի առաջնությունում: Ունենք նաեւ մեկ մարզուհի՝ Էմմա Պողոսովան, ով եւս կփորձի վարկանիշ ձեռք բերել Օլիմպիական ուղեգրի համար: Այս երկու մարզիկները դեռեւս 18 տարեկան են եւ հասկանալի է, որ մեծահասակների կազմում 18 տարեկանում օլիմպիական ուղեգիր ձեռք բելերը շատ դժվար է լինելու, բայց կփորձենք: Եթե այս տարի չստացվի, արդեն այս մարզիկները կպայքարեն 2020թ. Օլիմպիական խաղերում մրցանակային տեղերի համար:

Ի՞նչ աջակցություն է ստանում օլիմպիական մարզաձեւը Հայաստանի օլիմպիական կոմիտեից եւ Սպորտի նախարարությունից:

Նախարարության աջակցությունը տարեկան բյուջեն է, բացի այդ, երբեմն նախարարությունը մեզ օգնում է մարզագույքի ձեռքբերման հարցում: Դիմել ենք Սպորտի նախարարությանը, որ մարզագույքի մի մասը մեզ համար ձեռք բերի նախարարությունը: Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ին, ապա աջակցության հարցերով առանձնապես չենք դիմում: Բայց ինչ հարցով դիմել ենք Օլիմպիական կոմիտեին, մեզ աջակցել են: Օրինակ՝ 2013-ին կոմիտեն մեզ համար կազմակերպեց մարզչական սեմինար Երեւանում, որն անցկացրեց դրսից հրավիրված բարձրակարգ մարզիչ: Դա ՀԱՕԿ-ի նախաձեռնությունն էր, որը շարունակություն է ունենալու:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով