14:52  ,  2 փետրվարի, 2015

Երազանքի ճանապարհին. Էջմիածնում նոր մարզադպրոց է կառուցվում (ֆոտոշարք)

Սպորտի զարգացման կարեւորագույն նախադրյալներից մեկը մարզադպրոցների առկայությունն է: Այն, որ նորանկախ Հայաստանում մարզօջախների քանակը եւ վիճակը այդքան էլ բարվոք չեն, հայտնի է բոլորին: Այդպիսի օրինակ էր Գյումրիի մարզադպրոցը, որտեղ մարզվում է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը եւ շատ ուրիշ տիտղոսակիր մարզիկներ: Մարզադպրոցի պայմանները, մեղմ ասած, հեռու էին հարմարավետ լինելուց: Եվ ահա Արթուր Ալեքսանյանի՝ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո է միայն սկսվում մարզադպրոցի վերանորոգումը:

Մի՞թե արդյունքն է ապահովում պայմաններ: Այս խնդիրը անհանգստացնում է հատկապես մարզերում բնակվող քաղաքացիներին, որտեղ կան շնորհաշատ երեխաներ, բայց զուրկ են մարզվելու տարրական հնարավորությունից: Ի՞նչ է մնում նրանց, բացի ազատ ժամանակը փողոցներում անցկացնելուց: Սա լուրջ ահազանգ է:

Օրերս Էջմիածնում էի: Այնտեղ տեղեկացա, որ քաղաքում նոր մարզադպրոց է կառուցվում:  Լրագրողական հետաքրքրությունս շարժվեց, խնդրեցի ինձ տանել մարզադպրոցի տարածք:

Քաղաքի կենտրոնից ոչ այդքան հեռու, նախկինում գործարանի շենքում եւ տարածքում շինարարական ակտիվ աշխատանքներ են տարվում: Փոքրից մեծ լծված են աշխատանքի: Մինչ մի քանի լուսանկարներ արեցի, շինհրապարակում  լինելուս լուրը արագ տարածվեց:

Խնդրեցի, որ ինձ ծանոթացնեն մեկի հետ, ով ստույգ տեղեկություն կտա կառուցվող մարզադպրոցի մասին:  Քիչ անց ինձ մոտեցավ Համլետ Պատուրյանը՝ ապագա մարզադպրոցի սեփականատերը: Միանգամից անցանք պաշտոնական մասին.

Պարոն Պատուրյան, ե՞րբ որոշեցիք մարզադպրոց հիմնել Էջմիածնում:

Միտքը առաջացավ այն ժամանակ, երբ մի անգամ մեկնեցի Ծաղկաձորի մարզաբազա: Մտածեցի՝  լավ կլիներ, որ նման մի բան էլ Էջմիածնում կառուցվեր:

Ինչո՞ւ հենց այս քաղաքում:

Ես այստեղ եմ ծնվել եւ մեծացել: Ինքս մարզիկ եմ եղել՝ հունահռոմեական ոճի ըմբիշ: Ծանր ժամանակներ բաժին հասավ մեր սերնդին՝ երթեր, ցույցեր, անկախության հռչակում, Ղարաբաղի շարժում:  Իմ մաշկի վրա եմ զգացել, թե ինչ դժվար է մարզվել վատ պայմաններում: Հասկանալի էր՝ ժամանակներն էին ծանր:

Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, փառք Աստծո ես այսօր ունեմ մարզադպրոց  կառուցելու հնարավորություն, ինչո՞ւ չանեմ: Եվ ուրիշ էլ որտե՞ղ, եթե ոչ իմ ծննդավայրում, իմ հարազատ քաղաքում:

Ո՞ր մարզաձեւերի համար է նախատեսված դպրոցը:

Ըմբշամարտ, ծանրամարտ եւ բռնցքամարտ: Նախատեսվում է, որ մարզադպրոցում կմարզվի շուրջ 1000 սան, ինչպես Էջմիածնից, այնպես էլ մոտակա գյուղերից:

Նշեմ նաեւ, որ մարզադպրոցում մարզվելը լինելու է լրիվ անվճար: Նախատեսում ենք, որ շենքի ներսում կլինեն սենյակներ՝ հեռվից եկողների համար: Այստեղ կաշխատեն բարձրակարգ մարզիչներ: Կլինեն փորձի փոխանակումներ: Ժամանակ առ ժամանակ մարզադպրոց  կգան տիտղոսակիր  մարզիկներ, կհանդիպեն երեխաներին, կզրուցեն, կմարզվեն նրանց հետ:

Ստացվում է, որ նման ծավալի աշխատանքի դիմաց Դուք ոչ մի եկամուտ չե՞ք ակնկալում:

Ես ամենամեծ օգուտն եմ ստանալու: Այս մարզադպրոցի շնորհիվ գոնե 1000 երեխա կկտրվի փողոցներից, նրանցից 20-30-ը լուրջ նվաճումներ հաստատ կունենան, իսկ մնացածն էլ, եթե մարզական լուրջ հաջողություններ չհասնեն, կլինեն առողջ, դաստիարակված եւ կարգապահ քաղաքացիներ, զինվորներ:

Այսքանից հետո էլ ի՞նչ եկամտի մասին է խոսքը: Ինձ ճիշտ հասկացեք, ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում զրկված լինել պայմաններից: Եթե ունեմ հնարավորություն, ինչո՞ւ չանեմ: Եթե մեր երկրի յուրաքանչյուր մարզում որեւէ գործարար նման մարզադպրոց կառուցեր, հրաշալի կլիներ:

 Ե՞րբ եք ակնկալում ավարտին հասցնել շինարարությունը: Դեռ շատ անելիքներ կան:

Եթե գայիք մի քանի ամիս առաջ եւ տեսնեիք, թե ինչ վիճակում էր այս տարածքը՝ ընդհանրապես հույս չէիք ունենա, որ մի բան կստացվի: Ինչպես տեսնում եք աշխատանքները բուռն են ընթանում, ամեն ինչ արվում է, որ արագ ավարտենք շինարարությունը: Երեխաները դասերից հետո գալիս եւ ինքնակամ օգնում են շինարարներին, շատ ոգեւորված են նոր մարզադպրոց ունենալու մտքից: Հույս ունենք այս տարի բացումն անել:

Կողմնորոշվել եք, թե ի՞նչ անուն է կրելու մարզադպրոցը:

Անկեղծ ասած՝ դեռ ոչ: Մրցույթ կհայտարարենք, ըստ այդմ էլ կընտրենք անվանումը եւ տարբերանշանը:

Մարզադպրոցի բացման սպասումով՝  ավարտեցինք զրույցը:

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով