17:01  ,  5 դեկտեմբերի, 2014

Աղվան Պապիկյան. Շալանդը չի տեսնում ինձ ազգային հավաքականում

Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Ուլիսի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը համարվում է երիտասարդ սերնդի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Պապիկյանն ամփոփեց ֆուտբոլային տարին:

Աղվան, սեպտեմբերին վնասեցիր ոտքիդ մատը: Հետո ապաքինվեցիր, բայց «Ուլիսի» վերջին խաղին կրկին չկայիր: Ինչպե՞ս է ընթանում ապաքինումդ:

Վերջին վնասվածքս լուրջ չէր, բայց եթե «Ուլիսի» վերջին հադիպմանը մասնակցեի, կբարդանար: Այժմ պետք է երեք շաբաթ հանգստանամ եւ ոտքս չծանրաբեռնեմ: Ես այժմ պարապում եմ մարզասրահում, բայց ոտքերիս հանգստություն եմ տալիս:

Ինչո՞վ են պայմանավորված «Ուլիսի» պարտությունները վերջին խաղերում:

Երեւի ինչպես մեզ ասաց մեր մարզիչը՝ ժամանակից շուտ մտածեցինք, որ արդեն չեմպիոն ենք դարձել: Ինքնավստահություն ձեռք բերեցինք եւ պատժվեցինք: Արդյուքնում երեք խաղ անընդմեջ պարտվեցինք եւ այժմ ունենք միայն մեկ  միավորի առավելություն:

Հանդես ես եկել տարբեր առաջնութուններում, որտե՞ղ ես քեզ ավելի լավ զգում:

Ես ինձ շատ լավ էի զգում Լեհաստանի առաջնությունում՝ «Լոձ» թիմում: Ափսոս, որ մեր թիմը իջավ չորրորդ լիգա: Այժմ կրկին հայտնվել է երրորդում: Ինձ այնտեղ շատ լավ էր, բայց Հայաստանում էր ինձ վատ չեմ զգում:

Հնարավո՞ր է ձմռանը այլ թիմ տեղափոխվես:

Այդ մասին դեռ չեմ կարող ասել: Առայժմ դեռ երեք շաբաթ չեմ կարող մարզվել, հետո կլինեն անհատական մարզումները, իսկ Նոր տարվա արձակուրդներից հետո պետք է միանամ «Ուլիսի» հավաքներին:

Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի ազգային հավաքականում հայտնվելու քո հնարավորությունները:

Դե ինչպես երեւում է, մեր հավաքականի գլխավոր մարզիչը չի տեսնում ինձ ազգային հավաքականում: Պետք է ավելի շատ աշխատեմ ինձ վրա:

Երբեւիցե  շփվե՞լ ես Շալանդի հետ:

Դեռեւս ոչ:

Ինչպե՞ս ես գնահատում քո խաղը «Ուլիսում» եւ երիտասարդական հավաքականում:

«Ուլիսում» սկզբում այդքան էլ լավ հանդես չեկա, բայց վերջում բարելավեցի խաղս: Երիտասարդկան հավաքականում ավելի հաջող հանդես եկա  Բելառուսի հետ խաղում, քան  Իսլանդիայի:

«Ուլիսում» մարզիչի փոփոխությունն անդրադարձա՞վ քո խաղի վրա:

Ոչ, չանդրադարձավ:

Ինչպե՞ս են եղբորդ՝ Վոլոդյա Պապիկյանի գործերը:

Լավ են: Ձմռանը այլ թիմ կտեղափոխվի:

Կհամեմատե՞ս կյանքը Լեհասնաոտւմ եւ Հայաստանում:

Անկեղծ ասած՝ ինձ համար Լեհաստանում ավելի լավ է: Այնտեղ ավելի գեղեցիկ է, քան Հայաստանում, օրը ավելի հետաքրքիր է անցնում, ավելի շատ տեղեր կարող ես գնալ, շատ ավելի բաներ անել:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը բավական երիտասարդ տարիքում ամուսնացան: Քեզ մոտ ո՞նց է այդ հարցը դրված:

Առայժմ ուզում եմ լավ թիմում հանդես գալ, երբ դա լինի, արդեն կմտածեմ այդ հարցերի շուրջ:

Նոր տարին որտե՞ղ ես նշելու:

Լեհաստանում՝ ընտանիքիս հետ:

Ի՞նչ կմաղթես հայ ֆուտբոլասերներին գալիք տարում:

Ֆուտբոլասերներին կասեմ, որ մենք կանենք ամեն բան որպեսզի ուրախացնենք մեր ժողովրդին, եւ մեր ազգային հավաքականը լավ արդյունքներ ունենա: Իսկ ֆուտբոլիստներին կմաղթեմ խաղալ լավ թիմերում եւ առանց վնասվածքների տարի լինի:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով