17:57  ,  4 դեկտեմբերի, 2014

Դենիս Գլուշակով. Յուրա Մովսիսյանին ասում ենք, որ հանի շամփուրները

Հայաստանի հավաքականը լավ հարձակողական գիծ ունեցող թիմ է, բայց պաշտպանության գծում խնդիրներ ունեք:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ Մոսկվայում տեղի ունեցած զրույցում ասել է Ռուսաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովը:

Ռուսաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում, թեեւ հեշտ խմբում է, սակայն այդքան էլ վստահ չի սկսել ելույթները: Ինչի՞ հետ է դա կապված:

Մենք ինքներս չգիտենք պատճառը: Թիմը խաղում է այնպես, ինչպես նախորդ ընտրական փուլում: Ինչ-որ տեղ բախտներս չի բերում` գոլեր չենք խփում եւ բաց ենք թողնում ոչ պարտադիր գոլեր: Բայց ոչինչ կորած չէ, ամեն բան առջեւում է: Հիմնական մրցակիցների հետ մենք խաղալու ենք տանը:

Ինչ-որ բան փոխվե՞լ է թիմի խաղում ԱԱ-2014-ից հետո:

Մենք չենք փոխել խաղաոճը: Կան խաղեր, որոնք մենք վատ չանցկացրինք: Ավստրիացիների հետ լավ խաղացինք, շվեդների հետ նույնպես՝ առաջին խաղակեսում: Իր դերը խաղում է նաեւ հոգնածությունը: ԱԱ-ից հետո շատերս հոգնած էինք:

Ռուսաստանի հավաքականի հասցեին քննադատաության ալիքը շատ մեծ է: Ասում են՝ քննադատությունը օգնում է: Ձեր դեպքում, այդպե՞ս է:

Իհարկե, ոչ: Այդ ամենն ընթերցել հաճելի չէ: Մենք կարծես թե արժանի ենք քննադատության՝ թիմը ցույց չի տալիս արդյունք, բայց ամեն ֆուտբոլիստ իրեն հարյուր տոկոսով ներդնում է խաղի մեջ, իսկ մեր մասին անընդհատ գրում են, գրում են, եւ դա շատ բացասական է ազդում ֆուտբոլիստների վրա:

Ինչպե՞ս եք գնահատում ԶԼՄ-ների աշխատանքը:

Ինչպե՞ս պետք է գնահատեմ: Երբ հաղթում ենք, մենք լավն ենք ու փափուկ, երբ պարտվում ենք՝ վատն ենք: Կան ադեկվատ եւ ոչ ադեկվատ լրագրողներ:

Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում երեք տուր  արդեն անցել է: Ո՞ր հավաքականներն են ցույց տալիս օրինակելի ֆուտբոլ:

Լավ հավաքականներ շատ կան: Շվեյցարիան է լավ թիմ: Բայց կան հավաքականներ, որոնք ֆավորիտներ են ու դեռ այդքան էլ լավ չեն մեկնարկել: Օրինակ ՝Հոլանդիան ու Պորտուգալիան: Ամենաօրինակելի խաղը ցուցադրում է Գերմանիան:

Ֆուտբոլային ո՞ր դպրոցն է Ձեզ ավելի հարազատ եւ ո՞ր հավաքականներին եք համակրում:

Սիրում եմ Իտալիայի առաջնությունը: Հավաքականներից համակրում եմ Հոլանդիային: Ես նրանց մանկուց եմ երկրպագում:

«Սպարտակը» շատ վստահ սկսեց Ռուսաստանի առաջնությունը, բայց վերջում զիջեց: Ի՞նչը չի հերիքում թիմին:

Մենք լավ սկսեցինք մրցաշրջանը, բայց չգիտեմ՝ ինչ եղավ: Եղան պարտություններ, գոլեր չէինք խփում, դրա փոխարեն բաց էինք թողնում: Կարծում եմ՝ բոլորը մեղավոր են:

Ի՞նչ դեր են խաղում «Սպարտակում» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը:

Ես «Սպարտակում» ընդամենը մեկ տարի եմ: Յուրան արդեն խաղում էր այստեղ: Յուրան շատ լավ ֆուտբոլիստ է եւ թիմի ռմբարկուն: Արասը նույնպես շատ լավ ֆուտբոլիստ է: Այժմ նա ապաքինվում է վնասվածքից հետո: Նրա բացակայությունը մեծ կորուստ է թիմի համար:

Յուրան վերջերս հարցազրույց տվեց ռուսերեն: Ինչպիսի՞ հաջողություններ ունի նա  ռուսերեն սովորելու մեջ:

Նա խոսում է ակցենտով, բայց մենք նրան հասկանում ենք: Կատակով ծաղրում ենք նրան, նա էլ մեզ: Երեկ նա խաղակոշիկի ասեղներով կանգնեց գնդակի վրա: Ես նրան ասացի՝ հանիր շամփուրներդ, մեզ էլ խորոված ուտելու կկանչես: Նա ամեն բան հասկանում է եւ արձագանքում է հումորով:

Ո՞վ է այս մրցաշրջանում «Սպարտակի» լավագույն ֆուտբոլիստը:

Չկան այդպիսիք, քանի դեռ նվաճումներ ու արդյուքններ չկան: Առաջնության ավարտին կարող եմ ասել:

Ինչպե՞ս եք գնահատում «Սպարտակի» հնարավորությունները Ռուսաստանի առաջնությունում:

Ոչինք դեռ կորած չէ: Առջեւում դեռ շատ խաղեր կան: Անցած տարի ոչ ոք չէր մտածի, որ ԲԿՄԱ-ն կդառնա չեմպիոն:

Ռուսաստանի առաջնությունը հարուստ առաջնություն է եւ շատերին է այն ձգում: Ձեզ համար այստեղ հանդես գալը նպատա՞կ է, թե՞  ցատկահարթակ:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, ով ցանկանում է առաջադիմել, ցանկանում է հանդես գալ լավ առաջնություններում, հասկանալ, թե ինչ է եվրոպական ֆուտբոլը: Ինձ համար կարեւորը եվրոպական թիմերում խաղալն է, հետո նոր միայն փողերի մասին մտածելը:

Մեր թիմերը բավականին հաջող են հանդես եկել Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում: Կարծում եմ՝ մեր առաջնությունն էլ վատը չէ:

Իսկ ո՞ր առաջնությունում եք մանկուց երազել հանդես գալ:

Տարբեր ժամանակ այդ ցանկությունը փոխվել է: Կարեւորը՝ թիմը չլինի մրցաշարային աղյուսակի վերջին տեղերում, այլ լինի մրցունակ:

Ո՞վ է հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստը:

Չեմ կարող ասել:

Ո՞վ կճանաչվի այս տարի լավագույն ֆուտբոլիստ եւ մարզիչ:

Ես կուզենայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվերԱրյեն Ռոբենը, իսկ մարզիչ՝ Յոահիմ Լյովը:

Այնուամենայնիվ, ո՞վ է լավագույնը՝ Ռոնալդո՞ւն, թե՞ Մեսին:

Ես նախընտրում եմ Մեսիին:

Ո՞վ է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը:

Զիդանը:

Ո՞ր թիմն այս տարի կհաղթի Չեմպիոնների լիգայում:

Չգիտեմ, բայց կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է դառնալ չեմպիոն, թեեւ պարտվեց ԲԿՄԱ-ին:

Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ազգային հավաքականի խաղը:

Հայաստանի հավաքականը լավ հարձակողական գիծ ունեցող թիմ է, բայց պաշտպանության գծում խնդիրներ ունեք: Երբ Հայաստանի թիմը չկարողացավ հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլը նախորդ անգամ, բայց ուներ լավ հնարավարություններ, ես անկեղծ շատ էի ցավում ձեզ համար, ուզում էի որ դուրս գայիք խմբից:

Վերա Մարտիրոսյան՝ Մոսկվայից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով