14:57  ,  18 հոկտեմբերի, 2014

WTA-ն պատժել է ՌԹՖ նախագահին՝ Ուիլյամս քույրերին «Ուիլյամս եղբայրներ» անվանելու համար

Թենիսի կանանց համաշխարհային ասոցիացիան (WTA) մեկ տարով հեռացրել է Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւին WTA-ի հետ կապված գործունեությունից եւ տուգանել է նրան 25 հազար դոլարով (WTA-ի կանոններով, հնարավոր առավելագույն տուգանքն է): WTA-ի վրդովմունքի պատճառը ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ Շամիլ Տարպիշչեւի կատակն է: Քննարկելով Սերենա եւ Վենուս Ուիլյամս քույրերի ֆիզիկական տվյալները՝ Տարպիշչեւը նրանց անվանել է «Ուիլյամս եղբայրներ», հաղորդում է Rsport-ը:

«Ռուսական հեռուստատեսությամբ Շամիլ Տարպիշչեւի արած հայտարարությունները վիրավորական ու նվաստացուցիչ են համաշխարհային թենիսի պատմության երկու մեծագույն մարզիկների հասցեին: Տարպիշչեւը ստվեր է գցում մեր մեծագույն խաղի եւ երկու չեմպիոնների վրա: ՌԹՖ նախագահն արժանի է պատժի»,- հայտարարել է WTA-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Սթեյսի Ալասթերը:

Շամիլ Տարպիշչեւը հայտարարել է, որ չի ցանկացել որեւէ մեկին վիրավորել եւ համատեքստից կտրած ու անգլերեն թարգմանած կատակը չի արտահայտում իր ասածի իմաստը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով