12:51  ,  18 հոկտեմբերի, 2014

Կարլոս Քեոսեյան. Շատ եմ ցանկանում հանդես գալ Հայաստանի հավաքականում

Ես շատ եմ ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Դա մեծ պատիվ կլիներ ընտանիքիս եւ ինձ համար: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ուրուգվայահայ ֆուտբոլիստ, Ուրուգվայի «Աթենաս» ակումբի  26-ամյա կիսապաշտպան Կարլոս Քեոսեյանը՝ հանրահայտ մարզիչ Մանուել Քեոսեյանի որդին:

Մանուել Քեոսեյանը համարվում է Հարավային Ամերիկայի լավագույն մարզիչներից մեկը: «Սպորտինգ Դեֆենսորի» եւ «Բելա Վիստա» թիմերի հետ դարձել է Ուրուգվայի չեմպիոն: Մարզել է Ուրուգվայի, Հոնդուրասի եւ Հունաստանի ակումբային թիմեր: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել արգենտինական «Ինդեպենդիենտեում» եւ «Դեպորտիվո Արմենիոյում»:

Կարլոս, որտեղի՞ց է ընտանիքդ:

Ծնողներս Մանուել եւ Գրացիելա Քեոսեյաններն են: Ունեմ երկու քույր ՝ Կարինան եւ Կամիլան: Պապս Հայաստանից եկել է Ուրուգվայ 1929-ին: Ցավոք, ես նրան չեմ տեսել, բայց ասում են, որ յուրահատուկ անձնավորություն էր:

Ե՞րբ սկսեցիր զբաղվել ֆուտբոլով:

5 տարեկանից զբաղվում եմ ֆուտբոլով: Մարզվել եմ ֆուտբոլի խմբակներում: Անցել եմ «Դեֆոնսոր Սպորտինգի» բոլոր տարիքային խմբերով: Խաղացել եմ Ուրուգվայի «Ռասինգի» եւ «Աթենասի» կազմերում, նաեւ արգենտինական «Տեմպերլեյ» ու «Անտոնիանա» թիմերում:

Հայրդ հատնի մարզիչ Մանուել Քեոսայանն է: Չէի՞ր ցանկանա խաղալ նրա մոտ:

Հայրս ունի ֆուտբոլային մարզիչի մեծ փորձ: Աշխատել է տարբեր թիմերի հետ: Մեկ անգամ ես նրա մոտ փորձաշրջան էի անցնում Հոնդուրասում, բայց գործը պայմանագրին չհասավ: Շատ կցանկանայի աշխատել նրա ղեկավարությամբ:

Հայաստանի հետ կապ պահո՞ւմ ես:

Մի քանի անգամ ինձ հետ կապվել են Հայաստանից, հարցրել՝ կուզենամ խաղալ այդտեղ, բայց ոչ մի հստակ բան չի եղել:

Ի՞նչ կարծիք ունես Ուրուգվայի առաջնության մասին:

Ֆուտբոլն այստեղ շատ մրցունակ է: Ես կարողացել եմ թիմիս հետ դուրս գալ Բարձրագույն լիգա: Մեր թիմը շատ երիտասարդ է: Ես ամենափորձառու եւ հայտնի խաղացողներից եմ:

Փորձեր ձեռնարկո՞ւմ ես տեղափոխվել Եվրոպա:

Շատ լավ կլիներ հանդես գալ Եվրոպայում: Այնտեղ ամենալավ տեղն է ֆուտբոլի համար: Դա ինձ համար երազանք է:

Ծանո՞թ ես ուրուգվայահայ ֆուտբոլիստ Մաուրո Գեւգեոզյանի հետ:

Լսել եմ նրա մասին, բայց բախտ չի վիճակվել ծանոթանալ:

Ցանկանո՞ւմ ես հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:

Ես շատ եմ ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Դա մեծ պատիվ կլիներ ընտանիքիս եւ ինձ համար: Հուսամ՝ այն մի օր կիրականանա:

Հետեւո՞ւմ ես հայկական ֆուտբոլին:

Հայկական ֆուտբոլը շատ է առաջադիմում: Հայ ֆուտբոլիստներից ոմանք հանդես են գալիս Եվոպայում եւ փորձում են առաջ գնալ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով