15:35  ,  14 հոկտեմբերի, 2014

Ժան-Ֆրանսուա Գոմես. Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանը չի խաղա Ֆրանսիայի դեմ

Մենք հետեւում ենք Հենրիխ Մխիթարյանի խաղին «Բորուսիայի» կազմում: Լավ կլիներ, եթե նա այս խաղում հանդես գար, բայց, ցավոք, նա վնասվածք ունի:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆրանսիական Le progress պարբերականի մարզական լրագրող Ժան-Ֆրանսուա Գոմեսը: Նա ժամանել է Երեւանում՝ լուսաբանելու Հայաստան – Ֆրանսիա ընկերական հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին եւ կմեկնարկի 20:00-ին

Հայաստան - Ֆրանսիա խաղին 40 լրագրող է եկել Ֆրանսիայից: Սա ձեր հիմնակա՞ն խումբն է, թե՞ ընկերական խաղերին ավելի քիչ լրագրող է մեկնում:

Մենք ընդունելու ենք Եվրո 2016-ը եւ հավաքականի հետ ամենուր մեկնում ենք: Բրազիլիայում աշխատում էին մոտ 150 ֆրանսիացի լրագրողներ: Թեեւ ընկերական հանդիպումների նկատմամբ հետաքրքրությունն ավելի քիչ է, բայց միեւնույն է՝ մենք միշտ թիմի հետ ենք:

Ի՞նչ գիտեք Հայաստանի ազգային հավաքականի մասին:

Ես գիտեմ, որ ձեր թիմը մարզում է շվեյցարացի մասնագետ: Ժամանակին այստեղ մի քանի ամիս աշխատել է Բեռնար Կազոնին: Հայաստանի հավաքականում հանդես են եկել Միշել Տեր-Զաքարյանը եւ Էրիկ Ասադուրյանը: Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին խաղացել է դեռ նրանց ժամանակներից:

Իսկ Յուրի Ջորկաե՞ֆը:

Յուրի Ջորկաեֆը շատ է խոսում իր հայ լինելու մասին: Նա, ինչպես եւ նրա ընտանիքը շատ են կարեւորում իրենց հայ լինելը: Ես գիտեմ, որ նրա եղբայրը այս օրերին այստեղ է:

Օտարերկրացի բոլոր լրագրողները նշում են Հենրիխ Մխիթարյանին: Իսկապե՞ս ծանոթ եք նրա խաղին, թե՞ այս խաղից առաջ տեսնում եք, թե ով է ուժեղ:

Այո, իհարկե, մենք հետեւում ենք նրա խաղին «Բորուսիայի» կազմում: Լավ կլիներ, եթե նա այս խաղում հանդես գար, բայց, ցավոք, նա վնասվածք ունի:

Ինչպե՞ս է Ֆրանսիան պատրաստվում Եվրոպայի առաջնությանը: 1998թ. աշխարհի առաջնությունը համարվում է լավագույններից մեկը:

Այս պահին Ֆրանսիան դեռ կենտրոնացած չէ առաջիկա առաջնության վրա, բայց երբ այդ օրը մոտենա, հավատացեք՝ ամողջ երկիրը կպատրաստվի: Այսօրվա համեմատ, 1998-ին ֆուտբոլը Ֆրանսիայում այսքան ժողովրդական չէր, իսկ այժմ բոլորն ապրում են ֆուտբոլով, սիրում են այդ մարզաձեւը: Եվ վստահ եմ, որ Եվրո-2016-ը լինելու է շատ լավը եւ դիտարժան:

Ի՞նչ վերաբերմունք ունեն ֆրանսիացիները հայերի նկատմամբ:

Ֆրանսիան եւ Հայաստանը բարեկամական երկրներ են: Մեզ մոտ Ֆրանսիայում ապրում են բազմաթիվ հայեր: Շատ հայեր եկել են 20-րդ դարում՝ աշխատելու: Ապրում են հիմնականում Փարիզում, Լիոնում, Մարսելում: Մենք՝ լրագրողներս, շատ ուրախ ենք գտնվել Հայաստանում, անկախ այն բանից, որ սա ընկերկական հանդիպում է:

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով