13:14  ,  11 հոկտեմբերի, 2014

Դրագան Սիմիչ. Հայաստանի թիմի թուլացած կազմը կարող է վատ լինել Սերբիայի համար

Սերբիայի հավաքականի թույլ կողմը հարձակումն է, ուժեղը՝ պաշտպանությունը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սերբական  Daily Sport մարզական պարբերականի լրագրող Դրագան Սիմիչը, որը Երեւան է ժամանել Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան - Սերբիա հանդիպումը լուսաբանելու: Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի 20:00-ին:

Ի՞նչ տրամադրվածությամբ է Սերբիան մոտենում Հայաստանի դեմ խաղին: Սերբիայում գիտակցո՞ւմ են, որ Հայաստանի ազգային հավաքականը խաղալու է իր ներուժի կեսով:

Հենրիխ Մխիթարյանի չխաղալը մեզ համար ուրախալի նորություն էր: Ստացվում է, որ հանդես ենք գալու թուլացած մրցակցի դեմ: Մենք Սերբիայում հետեւում ենք եվրոպական առաջատար առաջնություններին եւ ծանոթ ենք նրա խաղին:

Բայց դա կարող է վատ լինել մեզ համար: Եղել են դեպքեր, երբ մենք հանդես ենք եկել ավելի թույլ մրցակցի հետ եւ չենք կարողացել հաղթել, քանի որ թերագնահատել ենք:

Ճի՞շտ է, որ Սերբիայի հավաքականի ներսում կան տարաձայնություններ, եւ Սուբոտիչի հավաքականին չմիանալը դրա վառ օրինակն է:

Դրանք տարաձայնություններ դժվար է անվանել: Սուբոտիչը մեկ տարի առաջ հայտնեց, որ չի ցանկանում հանդես գալ ազգային հավաքականում եւ որոշումը չի փոխում: Նա ավելի շատ հանդես է գալիս ակումբում: Դիկ Ադվոկատը ցանկանում է, որպեսզի իր թիմում հանդես գան  հարյուր  տոկոսով նվիրումով ֆուտբոլիստներ: Մեծ անունով ֆուտբոլիստներ կային մեր թիմում, բայց նրանք թիմում չէին: Եվ մենք լավ արդյունքներ չունեինք:

Ֆրանսիայի հետ ընկերական խաղում Սերբիան այդքան էլ վստահ չէր խաղում: Ի՞նչ կասեք:

Կարծում եմ՝ մենք լավ արդյունք ունեցանք՝ 1:1: Ֆրանսիան Սերբիայից ուժեղ է: Մենք լավ հանդես եկանք վերջին 30 րոպեներին: Եթե ամբողջ խաղը այդպես խաղայինք, ավելի լավ կլիներ: Մենք ունենք խնդիրներ հարձակման գծում եւ ավելի ուժեղ ենք պաշտպանությունում: Այդ գծերը տարանջատված են: Բայց հույս ունենք, որ Դիկ Ադվոկատը կլուծի այդ խնդիրը: Նա աշխարհի տասը լավագույն մարզիչներից մեկն է:

Ի՞նչ հաշիվ ենք կանխատեսում այսօրվա խաղում:

Շատ գոլեր չեն լինի: Կարծում եմ 1:0 կամ 2:1 հաշվով Սերբիան կհաղթի:                

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով