16:15  ,  29 սեպտեմբերի, 2014

Ալեքսանդր Ռակիչ. Մեծ պատիվ է լինել «Արարատի» ավագը

«Ալաշկերտի» հետ հաղթական խաղից հետո «Արարատի» ավագ Ալեքսանդր Ռակիչը զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ: Սերբ 27-ամյա հարձակվողի դուբլը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի խաղում 3 միավոր պարգեւեց «Արարատին», որը հեռացավ վերջին տեղից:

Ալեքս, դու դարձար երկու գոլի հեղինակ եւ հաղթանակ պարգեւեցիր «Արարատին»: Ի՞նչ կասես խաղի մասին:

Մենք լավ հանդիպում անցկացրեցինք: Բոլոր խաղացողներն արեցին առավելագույնը հաղթանակի համար:

Այսօր զգալի առաջընթաց կար մեր թիմի խաղում: Ի՞նչ է փոխվել նախորդ հանդիպումների համեմատ:

Բոլորս գիտենք ստեղծված իրավիճակի մասին: Այս պահին «Ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսով ենք առաջնորդվում: Խաղացինք 100 տոկոս նվիրվածությամբ եւ 3 կարեւոր միավոր վաստակեցինք:

Ինչո՞վ կարող ես բացատրել «Արարատի» անհաջող մրցելույթներն առաջնության առաջին շրջանում:

Նախորդ մրցաշրջանի համեմատ թիմի կազմը գրեթե ամբողջովին փոխվել է: Շատ են արտասահմանցի նորեկները: Մեզ ժամանակ է պետք համակցված, կոմպակտ խաղալու եւ միասնական՝ մեկ բռունցքի պես գործելու համար:

Թարմացված կազմով կարո՞ղ ենք պայքարել բարձր տեղերի համար:

Դեռ վաղ է խոսել բարձր տեղերի մասին: Մենք պետք է շարունակենք հաջող մրցելույթները, միավորներ վաստակենք: Այնուհետեւ լրջորեն կմտածենք մրցանակային տեղերի մասին:

Վերջին հանդիպումներում դու կրում ես «Արարատի» ավագի թեւկապը: Ի՞նչ է դա նշանակում քեզ համար:

«Արարատի» ավագ լինելը մեծ պատիվ է ինձ համար: Պետք է շատ աշխատեմ դաշտում եւ թիմակիցներիս տանեմ իմ հետեւից:

Դու արդեն 4 գոլ ես հեղինակել ընթացիկ առաջնությունում: Անցյալ մրցաշրջանում դու 11 գոլի հեղինակ էիր դարձել: Արդյո՞ք ցուցանիշդ բարելավելու նպատակ դրել ես քո առջեւ:

Կարեւոր չէ, թե ով է դառնում գոլի հեղինակ: Շատ ավելի կարեւոր է թիմի հաղթանակը: Սակայն ես հարձակվող եմ եւ գոլեր խփելն իմ անմիջական պարտականությունն է: Այնպես որ, ամեն ինչ կանեմ, որպեսզի հնարավորինս շատ գոլ հեղինակեմ եւ օգտակար լինեմ «Արարատին»:

Այսօրվա խաղում կարող էիր նաեւ հեթ-տրիկի հեղինակ դառնալ, սակայն նախընտրեցիր գնդակը փոխանցել թիմակցիդ:

Ես նախընտրում եմ թիմային ֆուտբոլը: Այո, այս անգամ գնդակը դարպասում չհայտնվեց, սակայն կարծում եմ, որ աստիճանաբար նմանատիպ գրոհները կկարողանանք հասցնել իրենց տրամաբանական ավարտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով