09:43  ,  18 սեպտեմբերի, 2014

Արթուր Միրանյան. Սիրում եմ Ռոնալդուի խաղը, բայց լավագույնը Մխիթարյանն է

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, երիտասարդական հավաքականում հանդես եկող Արթուր Միրանյանը օգոստոսի 29-ին տեղափոխվեց մակեդոնական «Վարդար»:  NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ֆուտբոլիստը պատմեց ակումբը փոխելու, նոր թիմի եւ ազգային հավաքականի մասին:

Արթուր, ինչո՞ւ որոշեցիր լքել «Շախտյորը» եւ տեղափոխվել Մակեդոնիա:

Կային շատ հանգամանքներ, որոնց պատճառով հեռացա: «Շախտյորն» ինձ երեք տարվա պայմանագիր առաջարկեց: Բայց ես այլեւս չէի ցանկանում այնտեղ հանդես գալ: Հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ես պետք է հանդես գայի «Շախտյորի» երկրորդ կազմում, իսկ ես դա չէի ցանկանում:

Իսկ ինչո՞ւ հենց Մակեդոնիա:

Ամեն ինչ շատ արագ ստացվեց, եւ ես տեղափոխվեցի «Վարդար»: Կարծում եմ՝ այս ակումբը ինձ համար լավ տարբերակ կարող է լինել, որ հետագայում ավելի լավ առաջնություններում խաղամ:

«Վարդարի» վերջին խաղում նորամուտդ նշեցիր: Ի՞նչ տպավորություններ ստացար:

Խաղացի 20 րոպե: Չեմ կարող գնահատել խաղս: Դա սխալ կլինի, բայց կարծում եմ՝ առաջին անգամվա համար վատ չէր:

Կհամեմատե՞ս Ուկրաինայի եւ Մակեդոնիայի առաջնությունները:

Դեռ շուտ է: Մեկ խաղ եմ խաղացել, իսկ դա քիչ է, որ համեմատեմ:

Ո՞րն է երազանքդ: Ո՞ր լիգայում կամ ակումբում ես ցանկանում հանդես գալ:

Մեծագույն երազանքս եվրոպական բարձրակարգ առաջնությունում խաղալն է: Իսկ ակումբը՝ «Ռեալն» է: Դա մանկությանս երազանքն է:

Դու հանդես ես եկել Ուկրաինայի մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականներում: Գայթակղություն չկա՞ր մնալ եւ սպասել Ուկրաինայի ազգային հավաքականի հրավերին:

Ես երբեք չեմ սպասել Ուկրաինայի հավաքականի հրավերին: Ես միշտ սպասել եմ, որ ինձ հրավիրեն Հայաստանից: Շատերը այլ կերպ էին մտածում: Կարծում էին, թե ես կցանկանամ մնալ Ուկրաինայում: Բայց ովքեր ինձ ճանաչում էին, գիտեին, որ ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում եւ Ուկրաինայում խաղալը ժամանակավոր բնույթ էր կրում:

Մայիսին մասնակցեցիր Հայաստանի ազգային հավաքականի հավաքին: Ի՞նչ տպավորություններ ստացար: Ո՞ւմ հետ հասցրեցիր ընկերանալ:

Տպավորություններս շատ լավն էին: Ամեն բան շատ լավ էր: Բոլորը ինձ շատ լավ ընդունեցին եւ ընկերացա նրանց հետ:

Քո առաջին խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականում Բելառուսի դեմ հանդես եկար կենտրոնական հարձակվողի դիրքում: Դա՞ է քո դիրքը, թե՞ նախընտրում ես ավելի հետ քաշված դիրքում հանդես գալ:

Ինձ համար տարբերություն չկա, որ դիրքում հանդես կգամ: Երկու դիրքերն էլ իմ սիրած դիրքներն են: Աբրահամ Խաշմանյանը որոշեց ինձ դնել այդ դիրքում եւ խնդիր չեղավ: Ես խաղացի կենտրոնական հարձակվողի դիրքում:

Եղբայրդ՝ Հովհաննեսը, նույնպես ֆուտբոլիստ է: Ժամանակին միացավ «Փյունիկին»: Որտե՞ղ է նա հիմա:

Նա այլեւս ֆուտբոլով չի զբաղվում: Ունի իր գործը:

Ի՞նչ կասես Հայաստանի հավաքականի վերջին երկու խաղերի մասին: 

Դանիայի հետ խաղում ունեինք կորուստներ: Տղաները ամեն բան արեցին իրենց ուժերի չափով: Բայց ինձ թվում է՝մենք կարող էինք չպարտվել:

Ո՞վ է քո ամենասիրած ֆուտբոլիստը:

Ինձ դուր է գալիս Կրիշտիանու Ռոնադլդուի խաղը, բայց աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է:

Հետեւո՞ւմ ես հայերի ելույթներին այլ մարզաձեւերում: Մի քանի օր առաջ հայ ըմբիշները երկու ոսկե մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում:

Ես շատ ուրախ եմ, որ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը կարողացան երկու ոսկե մեդալ նվաճել: Ես նրանց համար շատ հպարտ եմ: Շնորհավորում եմ նրանց եւ մեր ազգին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով