10:30  ,  16 սեպտեմբերի, 2014

Արթուր Սարկիսով. Շալանդը շատ հուզական է, Մինասյանը հանգիստ էր

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ իր՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին լուրերին եւ խոսեց ազգային թիմի ներկա ու նախկին գլխավոր մարզիչներ Բեռնար Շալանդի ու Վարդան Մինասյանի տարբերության մասին: 

Արթուր, մեկ ամիս առաջ լուրեր էին շրջանառվում, որ «Վոլգան» հրաժարվում է մի քանի ֆուտբոլիստներից, այդ թվում՝ քեզանից: Ինչպե՞ս ստացվեց, որ մնացիր:

Ես առանձնապես աշխատում եմ չկարդալ, թե ինչ են գրում իմ մասին: Այժմ մարզվում եմ թիմի հետ: Նախորդ խաղում դուրս եկա խաղադաշտ: Գուցե ցանկանում էին վաճառել ինձ, բայց տրանսֆերային պատուհանը փակվեց եւ չհասցրեցին: Մինչեւ ձմեռ ես կմնամ «Վոլգայում»:

Ձմռանը նպատակ ունե՞ս տեղափոխվել այլ ակումբ:

Չեմ կարող ասել, թե ինչ կլինի ձմռանը:

«Վոլգայի» կայքում նշվում էր, որ թեթեւ վնասվածք էիր ստացել:

Այժմ ամեն բան նորմալ է: Մարզվում եմ ընդհանուր խմբի հետ:

Ինչպե՞ս կգնահատես հավաքականի վերջին երկու խաղերը:

Այս տարի Դանիան այլ թիմ էր: Գուցե Յուրան ու Արասը լինեին, ամեն բան այլ կլիներ: Մարզչական կազմն ամեն բան անում էր, ֆուտբոլիստները նույնպես աշխատում էին:

Վերջերս հավաքականում չի ստացվում գոլային պահերի իրացումը: Լատվիայի հետ խաղում չիրացվեցին մի քանի 100 տոկոսանոց պահեր: Դու նույնպես ունեցար գոլային պահ, սակայն չիրացրիր այն: Ինչի՞ հետ է դա կապված:

Լավ հարց է: Կա այդպիսի խնդիր, բայց այն լուծելի է: Վերջին հավաքի ժամանակ աշխատում էինք այդ ուղղությամբ:

Խաղից հետո Բեռնար Շալանդն ի՞նչ ասաց քեզ:

Շնորհակալություն հայտնեց խաղի համար: Ասաց, որ դա ֆուտբոլ է եւ խաղ:

Ո՞րն է Բեռնար Շալանդի եւ Վարդան Մինասյանի հիմնական տարբերությունը:

Դրանք շատ են, բայց հիմնական տարբերությունն այն է, որ Շալանդը շատ հուզական մարդ է, իսկ Մինասյանը՝ հանգիստ: Նրանց մարզչական աշխատանք էլ է տարբերվում:

Ո՞ւմ ոճն է քեզ ավելի հարազատ:

Ես լավ աշխատում էի Մինասյանի հետ, բայց Շալանդի հետ էլ ինձ լավ եմ զգում: Եթե մարզիչը լավ մարդ ու լավ մասնագետ է, նրանից շատ բան կարելի է սովորել:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով