15:35  ,  19 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Վահան Մխիթարյան. Ես այսօր վատ լողացի, բայց առավելագույնն աշխատեցի

Ես այսօր վատ լողացի, եթե 0.06 վայրկյան լավ լողայի, կմտնեի կիսաեզրափակիչ: Այսօր զբաղեցրի 18-րդ տեղ, ինչը վատ արդյունք է: Նույնիսկ իմ արդյունքը չգերազանցեցի: Պատճառներ չեմ ուզում փնտրեմ, ես այստեղ առանց մարզիչի են, մարզվում եմ միայնակ: Լող մարզաձեւի մասնակիցների մեջ միայն ես եմ առանց մարզիչի եւ վրացի մի լողորդ: Մյուսները բոլորն իրենց անձնական մարզիչների հետ են: Մարզումների ժամանակ դիմում եմ ռուս մարզիչների, որ ինձ մի փոքր ուղղորդեն, խորհուրդներ տան: Ինչպես կարող եմ ես լավ արդյունք ցույց տալ, երբ հայրենիքում մարզիչիս հետ մարզվում եմ 25 մետրանոց լողավազանում, իսկ 50 մետրանոց լողավազանում՝ միայնակ: Հայրս է երբեմն գալիս ինձ մարզչություն անում: Ու դա ինձ ահավոր դուր չի գալիս. Ինչո՞ւ պիտի հայրս գա ինձ 50 մետրանոց լողավազնում մարզչություն անի: Ես այսօր վատ լաողացի, բայց մաքսիմում աշխատեցի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նանջինգում այս օրերին ընթացող 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակից, լողորդ Վահան Մխիթարյանը, որը օգոստոսի 19-ին 50 մետր ազատ լողաոճում գրավեց 18-րդ տեղը՝ գրանցելով 23.62 վայրկյան արդյունք։

NEWS.am Sport-ի թղթակիցը մրցման ավարտից հետո զրուցեց հայ լողորդի հետ:

Վահան, այսօր քո առաջին մեկնարկն էր. 18-րդ տեղ: Ինչպե՞ս կգնահատես մեկնարկային մրցելույթդ Օլիմպիական խաղերում:

Ես վատ լողացի: Ինձ մոտ չստացվեց: Ես չկարողացա ոչ լավագույն 16-ի մեջ մտնել, ոչ իմ արդյունքը լավացնել: Եթե 0.06 վայրկյան լավ լողայի, կկարողանայի 16-ի մեջ մտնել եւ կիսաեզրափակիչում հայտնվել: Իսկ 0.06 վայրկյանն այնքան կարճ ժամանակ է, որ նույնիսկ չես հասցնի աչքդ թարթել: Շանսեր ունեի, այդքան էլ հեռու չէի 16-նայկի մեջ մտնելու հնարավորությունից:  Ես չնչին ժամանակ եմ բաց թողել: Այսօր իմ լողը չստացվեց:

Ինչը՞ խանգարեց։ Մրցակիցներդ էին ուժե՞ղ, թե՞ ամեն դեպքում ինչ-որ պատճառ կար:

Իրականում պատճառներ փնտրել չեմ ցանկանում: Չգիտեմ ինչը խանգարեց, իրականում սա Օլիմպիական խաղերն են եւ միայն ուժեղագույններին է հաջողվում մասնակցել այս Խաղերին, իսկ դա նշանակում է լողավազանում դու մրցելու ես աշխարհի լավագույն լողորդ պատանիների հետ: Բայց իմ հնարավորություններ էլ չեմ թերագնահատում: Ես լավ մարզավիճակում էի, բայց կա շատ կարեւոր մի պայման, հոգեբանական խնդիրը:

Ես այստեղ եմ առանց իմ մարզիչի, ես մարզվում եմ միայնակ: Այստեղ միայն ես եւ մի վրացի լողորդ է առանց մարզիչի: Իսկ միայնակ գնալ Օլիմպիական խաղերի, մարզվել, իրականում հոգեբանորեն ճնշող է, երբ տեսնում ես չորս բոլորդ մարզիչների հետ են, մարզիչները ուղղություններ են տալիս, վերջին շտկումներն են անում մեկնարկից առաջ: Իսկ ես մարզումների ժամանակ խնդրում եմ ռուս մարզիչներին, որ ինձ ուղղորդում են, ես այդ մարզիչների հետ մարզվել եմ Ռուսաստանում, նրանք ինձ ճանաչում են, քիչ թե շատ ուղղություն են տալիս: Բայց դա շատ սխալ է ցանկացած մարզիկի համար:

Բացի այդ, կա եւս մի շատ կարեւոր ու մեծ խնդիր: Բանն այն է, որ բոլոր մրցումներն անցկացվում են 50 մետրանոց լողավազաններում, իսկ ես Երեւանում մարզիչիս հետ մարզվում եմ 25 մետրանոց լողավազանում: Երեկոյան մարզվում եմ 50 մետրանոց լողավազանում միայնակ: Ես իմ մարզիչի հետ կարող եմ միայն մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում, որը 25  մետրանոց է: Երեկոյան մարզումներիս երբեմն-երբեմն հայրս է գալիս եւ ինձ մարզչություն անում, ինչը ինձ բացարձակ դուր չի գալիս։

Վահան, լող մարզաձեւում քո նշած խնդիրները շարունակական են, եւ այդ ամենի արդյունքը միշտ երեւում է նմանօրինակ բարձրակարգ մրցաշարերում: Դու, լինելով այդ խնդիրների կիզակետում, ի՞նչ լուծում ես տեսնում:

Չգիտեմ, անկեղծ չեմ կարող ասել, ինչը պիտի փոխել: Ղեկավարության վերաբերմունք էլ չի փոխվի այս մարզաձեւի նկատմամբ: Դեռ երկար ժամանակ է պետք, որ հասկանան՝ լող մարզաձեւի վրա մեծ գումարներ է պետք ծախսել: Իսկ դա կլինի ոչ շուտ: Սա ամենաբարդ հարցն է: Եթե իմանայի ինչը պետք է փոխվեր, ես իմ ուժերով կփոխեի իմ հնարավորությունների սահմանում:

Ունես եւս երկու մեկնարկ 100 մետր ազատ եւ 50 մետր բատերֆլայ լողաոճերում: Սպասելիքներդ ինչպիսի՞ն են:

Սպասելիքներս բնականաբար մեծ են, բայց հնարավորություններս քիչ են: Այսօրվա մրցելույթից հետո մասնավորապես հասկացա, որ շանսերս քիչ են: Հ

NEWS.am Sport-ը քեզ հաջողություն է մաղթում հաջորդ երկու մեկնարկներում:

Շնորհակալություն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով