14:48  ,  6 օգոստոսի, 2014

Ավետիք Վարդանյան. 86 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Ռազմիկ Պողոսյանին պատժում ենք

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ներկայացված կլինի 8 քաշային կարգերից 6-ում: Ներկայացուցիչ չենք ունենա 86 կգ եւ 120 կգ քաշային կարգերում։ 120 կգ քաշային կարգում ուժեղ ըմբիշ չունենք, իսկ 86 կգ քաշային կարգի ներկայացուցչին պատժում ենք` թույլ չտալով մասնակցել աշխարհի առաջնությանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:

Օգոստոսի 7-11-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի կունենա աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Պարոն Վարդանյանը, ովքե՞ր են ներկայացնելու Հայաստանը աշխարհի առաջնությունում:

Մասնակցելու ենք 8 քաշային կարգերից 6-ում` Մխիթար Գրիգորյան (50կգ), Խորեն Թեմուրյան (55կգ), Գոռ Գրիգորյան (60կգ), Արեն Ալեքյան (66կգ), Տիգրան Մնացականյան (74կգ) եւ Վիկտոր Կազիշվիլին (96 կգ): 86 կգ  եւ 120 կգ քաշային կարգերում ներկայացուցիչներ չենք ունենալու: 120 կգ-ում մասնակից չենք ունենալու, քանի որ այդ քաշային կարգում ուժեղ մարզիկ չունենք: Հայաստանի առաջնությունն էլ է ցույց տալիս, որ այս քաշային կարգում մենք շատ թույլ ենք: Ունենք ընդամենը 3-4 ըմբիշ, նրանց ուժերն այդքան չի բավարարում, որ դուրս գան աշխարհի առաջնության մրցագորգ:

86 կգ քաշային կարգում եւս մասնակից չունենք, բայց ոչ թե նրա համար, որ այդ քաշային կարգում երիտասարդական հավաքականում խնդիր կա, մարզիկներ չկան, այլ որոշումը մարզիչներինս է: Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր պատանեկան հավաքականից նոր եկած, 2014թ. Հայաստանի չեմպիոն Ռազմիկ Պողոսյանը: Նրան հնարավորություն ընձեռեցինք ունակությունները դրսեւորել Եվրոպայի առաջնությունում, բայց նա չարդարացրեց մեր սպասելիքները: Եվրոպայի առաջնությունից առաջ ունեցել էինք եւս մի քանի միջազգային մրցաշարեր, որտեղ նա կրկին իրեն լավ չդրսեւորեց, չներկայացրեց իրեն այնպես, ինչպես հարկն էր, արդյունք ցույց չտվեց, մեդալ չբերեց: Այդ պատճառով որոշեցինք որպես պատիժ նրան զրկել աշխարհի առաջնությունից: Ռազմիկ Պողոսյանին զրկում ենք այդ հնարավորությունից, որպեսզի հաջորդ միջազգային մրցումների ժամանակ իրեն ավելի լավ դրսեւորի, արդյունք ցույց տա, լավ հանդես գա եւ մեր սպասելիքները արդարացնի:

Ի՞նչ մարզավիճակում են գտնվում ըմբիշները: Ի՞նչ ակնկալիքներով եք մեկնում աշխարհի առաջնությանը:

Ըմբիշների մարզավիճակը գնահատում եմ բավարար: Ակնկալիքներ միանշանակ կան: Նախ՝ գնում ենք լավ արդյունք ցույց տալու ակնկալիքով, լավ մասնակցություն ցուցաբերելու ակնկալիքով: Չեմ կարող ասել, թե որ քաշում մեդալ կունենաք: Գորգը ցույց կտա: Այս պահին վնասվածքներ չունենք, մի քանի փոքր խնդիրներ կան 60 եւ 74 կգ քաշային կարգերում, որոնք մինչեւ մրցման օրը կլուծենք: Տղաները հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ են մրցագորգ դուրս գալուն։

120 կգ քաշային կարգը կարծես մշտապես խնդիր է հայկական ըմբշամարտում: Ինչպե՞ս պետք է լուծվի այս  խնդիրը:

120 կգ քաշային կարգն իսկապես մեծ խնդիր է մեզ համար: Հայաստանի առաջնությանը մասնակցեց ընդամենը 4 մարզիկ այդ քաշային կարգում: Իսկ 4 մարզիկից որքան էլ ուզում եք, պատրաստեք՝ չեք կարող մարզիկին հասցնել այն մակարդակի, որ հանդես գա աշխարհի առաջնությունում: Մենք միշտ էլ ունեցել ենք 120 կգ քաշային կարգում մարզիկների խնդիր: Մյուս քաշային կարգերում հանդես եկող ըմբիշները բոլորն էլ հեռանկարային են, ակնկալիքներ նրանցից կան, 120 կգ-ում մասնակից չունենալը մեզ վնասում է զուտ թիմային հաշվարկում պայքարելու համար: Այս քաշային կարգում ներկայացուցիչ չունենալով, թիմային հաշվարկում 120 կգ քաշային կարգում 0 միավոր ենք ստանում:

Հայաստանի հավաքականի համար մրցակից են ուժեղագույն երկրները` Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան: Բայց չեմ ցանկանում մեր ուժերը թերագնահատել: Մենք էլ ենք շատերի համար ուժեղ մրցակից համարվում:

Առջեւում Ռիո-2016 է: Երիտասարդական հավաքականից ովքե՞ր են հավակնում Ռիո-2016-ին մասնակցելու:

2010 թվականից ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչը ես եմ, այդ ժամանակից մինչ օրս Հայաստանին բերել ենք 14 մեդալ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից: Երիտասարդական հավաքականից մեծահասակների հավաքականը համալրել է Գրիգոր Գրիգորյանը` 2014թ. Եվրոպայի առաջնության  արծաթե մեդալակիր, Վոլոդյա Ֆռանգուլյանը, ով այս տարի մասնակցելու է մեծահասակների աշխարհի առաջնությանը, նրանից եւս ակնկալիք կա: Աստիճանաբար սերնդափոխությունը տեղի է ունենում: Երիտասարդական հավաքականի մարզիչներով ամեն ինչի պատրաստ ենք, ջանք ու եռանդ չենք խնայում` մեծահասակների հավաքականը մեդալների հավակնորդներով համալրելու, լավ կադրեր` չեմպիոններ պատրաստելու համար: Շատ կուզենանք, որ Ռիո-2016-ում մեր սաները եւս ներկայացնեն Հայաստանը:

Թե ում եմ տեսնում ներկայիս հավաքականից Ռիո-2016-ում, չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա: Ունենք լավ ըմբիշներ, բոլորն էլ ձգտում են դեպի Օլիմպիական խաղերը:

2013 թվականին ազատ ոճային Դավիթ Սաֆարյանն ուրախացրեց Հայաստանին` աշխարհի չեմպիոնական տիտղոսը նվաճելով: Հնարավո՞ր է՝ երիտասարդական հավաքականը կրկնի մեծահասակների անցյալ տարվա հաջողությունը աշխարհի առաջնությունում: Ունե՞ք հույսեր:  

Աստված տա: Հույս միշտ կա, ակնկալիք` եւս: Մենք արդեն այն մակարդակի ենք, որ պայքարում ենք չեմպիոն դառնալու համար, այլ ոչ մասնակցության: Բայց սա սպորտ է եւ սպորտում ամեն ինչ հնարավոր է` եւ հաղթանակ, եւ պարտություն:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով