16:13  ,  2 օգոստոսի, 2014

Մաքսիմ Հակոբյանը թող ներդրումներ անի. ՀՖՖ-ն ստիպում է վերանորոգել «Գանձասար» մարզադաշտը

Կապանի «Գանձասար» մարզադաշտը, որտեղ հանդես է գալիս նաեւ համանուն ֆուտբոլային ակումբը, լուրջ ներդրումների կարիք ունի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է վերանորոգել հանդերձարանները, փոխել դարպասները, բարելավել խոտածածկի որակը: Սակայն եւ ակումբի, եւ մարզադաշտի սեփականատերերը ներդրումների համար համապատասխան նյութական միջոցներ չունեն:

Մարզադաշտի սեփականատեր Գառնիկ Օհանջանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքն այս պահին ներդրումներ կատարել չի կարող եւ այս իրավիճակից դուրս գալու համար իրենց կարող է օգնել ակումբի տնօրինությունը:

«Ես 1996-ին եմ վերանորոգել մարզադաշտը, այդ ժամանակ «Լեռնագործ» ֆուտբոլային ակումբն էր մեզ մոտ խաղում, բայց ես ոչ մի բանի հետ կապ չունեի: Պատերազմից հետո այդ ստադիոնը քանդված վիճակում էր, մենք մի քանի կապանցիներով հավաքվեցինք եւ միլիոններ ծախսեցինք՝ մարզադաշտը վերանորոգելու համար: Ուզում եմ ասել, որ ներդրումներ անելու համար կապ չունի՝ դու սեփականատեր ես, թե չէ: Հիմա Կապանում հարուստ մարդիկ շատ կան, ինչո՞ւ չեն օգնում ու վերանորոգում մարզադաշտը»,- ասաց նա:

Գառնիկ Օհանջանյանը «Գանձասար» մարզադաշտի սեփականատեր է դարձել 2004-ին: Այդ թվականից սկսած Մաքսիմ Հակոբյանին պատկանող ֆուտբոլային ակումբը տնային խաղերն անցկացնում է հենց այս մարզադաշտում՝ վարձակալելով այն 1 մլն 700 հազար դրամով:

«Մի անգամ ես ներդրում արել եմ, բայց ոչ մի կոպեկի օգուտ չեմ տեսել, հիմա էլ ստիպում են 500 մլն դրամի ներդրում անել, ի՞նչ եմ ստանալու. ոչ մի բան: Ակումբի տված փողն էլ նույնիսկ խոտածածկի համար չի բավականացնում: Իսկ ակումբն էլ ասում է, թե մենք սեփականատեր չենք, ներդրումներ չենք անի, ու դրանից սկսվում է մեր կոնֆլիկտը, իսկ իրենք այդ միջոցներն ունեն»,- նշեց նա:

Ակումբի գործադիր տնօրեն Վլադիկ Առաքելյանն էլ իր հերթին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք նույնպես ֆինանսական միջոցներ չունեն. «Մի քանի ամիս դեռ թույլ են տվել, որ մեր տնային խաղերն անցկացնենք Կապանում, հետո պարզ կլինի, թե ինչ կանենք: Ամեն դեպքում գիտենք, որ ոչ մենք, ոչ էլ ստադիոնի սեփականատերը միջոցներ չունի: Փորձում ենք մարդկանց գտնել, որ ներդրումներ կանեն»:

Օգոստոսի 2-ին մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:

Աիդա Հովհաննիսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով