13:35  ,  22 հուլիսի, 2014

Անդրեաս Կրաուլ. Բրազիլիայի ԱԱ-2014-ը կհիշեմ ժպիտով

Դանիացի հայտնի հեռուստատեսային եւ ռադիոմեկնաբան Անդրեաս Կրաուլը աշխարհի առաջնության ընթացքում աշխատում էր Բրազիլիայում որպես մեկնաբան եւ լրագրող:  Առաջնությունից ստացած տպավորությունների մասին նա պատմել է NEWS.am Sport-ի թղթակցին:

Անդրեաս, ԱԱ-2014-ը  յուրահատո՞ւկ էր Ձեզ համար:

Այն շատ յուրահատուկ էր: Հինգ շաբաթ ապրեցի Դանիայից եւ Եվրոպայից հեռու: Խաղից խաղ եղանակի փոփոխություն 8-ից մինչեւ 38 աստիճան: Առաջնությունից առաջ շատ էր խոսվում ընդվզումների եւ հանցագործությունների մասին, բայց իրականությունն այն է, որ ես ինձ այնտեղ շատ ապահով էի զգում եւ իմ հանդեպ բարեհամբույր էին: Շուրջբոլորը միայն ժպիտներ էին:

Կարելի՞ է ասել, որ Բրազիլիան գերազանց էր պատրաստվել:

Բրազիլիան Գերմանիա չէ: Եվ պետք չէր սպասել ԱԱ-2006-ի պես գերազանց ենթակառուցվածքներ, ստադիոններ: Բայց Բրազիլիան լուծեց իր առջեւ դրված խնդիրը: Նրանք ստեղծել էին հիանալի մթնոլորտ:

Բացասական կողմեր տեսա՞ք:

Կան հարցեր, որոնք նրանք հետո պետք է դեռ լուծեն: Մի քանի ստադիոններ կառուցվել են երկրի հեռավոր մասերում, որտեղ նույնիսկ մեծ ակումբներ չկան: Չգիտեմ, թե այդ թանկ ստադիոններն ինչպես են նրանք հետագայում օգտագործելու:

Ի՞նչ էին բրազիլիացիները ասում կիսաեզրափակիչում Գերմանիայից կրած 1:7 հաշվով  խայտառակ պարտության մասին:

Մարդիկ լացում էին… Իսկ երբ կարողացան խոսել, անդադար խոսում էին, քննարկում, թե ով է այդ խայտառակության մեղավորը: Բոլորը վարկածներ ունեին, բայց մեծամասնությունը ամբողջ մեղքը դնում էր Սկոլարիի վրա:

Եթե ոչ Գերմանիան, ապա ո՞ր հավաքականն էր իր խաղով արժանի դառնալ չեմպիոն:

Գերմանիան լավագույն թիմն էր: Դա միանշանակ է: Ես ներկա եմ գտնվել նրանց առաջին խաղին Պորտուգալիայի դեմ եւ առաջին 20  րոպեներին նրանք հիասքանչ էին խաղում: Քառորդ եզրափակիչից նրանք գտան ճիշտ խաղաոճը, բացի այդ նրանք ունեն լավագույն դարպասապահին, պաշտպաններին ու կիսապաշտպաններին:

Շատերի կարծիքով սա բոլոր ժամանակների լավագուն ԱԱ-ն է: Համամի՞տ եք:

Դժվար է մեկ առաջնությունը համեմատել մյուսի հետ: Բայց այս մեկը իսկապես շատ լավն էր: Ինձ համար  Գերմանիա-2006-ն ընդմիշտ կմնա յուրահատուկ, նաեւ անձնական նկատառումներով, բայց Բրազիլիայի առաջնությունը միշտ ժպիտով կհիշեմ:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով