15:57  ,  21 հուլիսի, 2014

Sports.ru-ի խմբագիր. Վիրտուալ սեքսի եւ այլ հրաշքների հետ մրցակցելու համար սպորտային կայքերին հնարամտություն է պետք

Հզորության եւ գեղեցկության, ռացիոնալիզմի եւ թեթեւության, արդյունքի եւ դիտարժանության  այդպիսի համադրություն ես վաղուց չէի տեսել, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսական Sports.ru-ի գլխավոր խմբագիր Յուրի Դուդը աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի մասին:

Յուրի, մինչեւ ԱԱ-2014-ը շատերը կարծում էին, թե Բրազիլիան կդառնա աշխարհի չեմպիոն, քանի որ նրանց կտանեն առաջ, կամ էլ որ Ամերիկայում եվրոպական թիմը չեմպիոն չի դառնա: Հավատո՞ւմ եք այդպիսի դավադրության տեսությունների:

Ես հավատում եմ, որ կան մրցավարներ, որոնք խարդախություններ են անում,  երբ սպասարկում են կազմակերպիչների խաղը կամ մեծ մրցաշարեր: Եվ բացարձակ պարտադիր չէ խաղից առաջ նրանց հրահանգեն, որ տանտերերին առաջ տանեն ամեն գնով: Անգամ, եթե այդպիսի հրահանգներ Բրազիլիայի համար արվեին, դա միեւնույն է նրանց չէր օգնի: Նրանք շատ թույլ հավաքական ունեին չեմպիոն դառնալու համար այդքան հզոր մրցակիցների հետ պայքարում: Մեծ հաշվով նրանք պետք է դեռ 1/8-ից դուրս մնային:

Շատերի համար այս ԱԱ-ն ամենագունեղն էր: Բազմաթիվ գոլերից եւ նոր անուններից բացի, ինչո՞վ այն առանձնացավ նախորդներից:

Նախորդից այն տարբերվում էր մի դետալով, բայց հավաստիացնում եմ ձեզ, հենց դա նպաստեց մեր բարձր տրամադրություն: Բրազիլիայում չկային վուվուզելներ: Ֆուտբոլ նայել, երբ քո ուղեղին չեն ազդում վայրի թերի գործիքով, ավելի հեշտ ու հետաքրքիր է:

Բրազիլիայի առաջնությունն ունե՞ր բացասական կողմեր:

Միայն երկուսը: Զլատան Իբրահիմովիչի բացակայությունը (մեծ արտիստը պետք է մասնակցեր մեծ փառատոնին), իսկ երկրորդը՝ Կամերունի հավաքականի ներկայությունը (այդքան շատ եւ այդքան տգեղ սիրել փող չի կարողանում նույնիսկ Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Դիկ Ադվոկատը):

Ձեր հոդվածներից մեկում նկատեցի, որ եզրափակիչում երկրպագում էիք Գերմանիային: Համակրո՞ւմ եք այդ թիմին, թե՞ չէիք ցանկանում, որ Արգենտինան դառնա չենպիոն:

Այսօրվա Գերմանիային շատ եմ համակրում՝ դա երկիր է, որը օթեւան է տալիս տարբեր արյուն ունեցող  միլիոնավոր մարդկանց, բայց կազմակերպում է դա այնպես, որ նրանք երկրին օգուտ տան: Իսկ նրանց հավաքականին չի կարող չհամակրել որեւէ մեկը, ով ունի աչք եւ գոնե մի քիչ ուղեղ: Հզորության եւ գեղեցկության, ռացիոնալիզմի եւ թեթեւության, արդյունքի եւ դիտարժանության  այդպիսի համադրություն ես վաղուց չէի տեսել:

Առաջնությունից առաջ ո՞ւմ էիք կանխատեսում չեմպիոնություն:

Ոչ մեկի: Ես այնքան շատ ֆավորիտներ ունեի, որ դժվար էր: Կարծում էի, որ Ֆրանսիան կարող էր զարմացնել: Խմբից վստահ դուրս գալով եւ քառորդ եզրափակիչում առնվազն ոչ ամոթալի խաղով ապագա չեմպիոնի հետ, նա կարելի է ասել զարմացրեց: Ներքին տարաձայնությունների եւ այլ հիմարությունների բացակայությամբ նրանք նույնպես զարմացրին:

Դուք ունե՞ք Ռուսաստանից բացի սիրելի թիմ:

Մշտապես սիրելի թիմ չունեմ: Այդ պատճառով Ռուսաստանի դուրս մնալուց հետո ես ի սրտե ցանկանում էի, որ Չիլին հաղթի: Հետո ցանկանում էի Կոլումբիան հաղթեր: Դա իսկապես հիանալի թիմ է: Ինձ հետաքրքիր է, եթե Ֆալկաոն առողջ լիներ, նրանք ավելի լա՞վ, թե՞ վատ հանդես կգային: Եվ հետո արդեն Գերմանիան: Շատ էի ցանկանում, որ գերմանացիները ապացուցեն, որ իրենք եվրոպական քաղաքակրթության կարեւորագույն ազգն են: Կրկնվեմ՝ դա միայն ֆուտբոլին չի վերաբերում:

Ո՞ւմ կտայիք լավագույն մարզիչի մրցանակը:

Լուի վան Գալին: Իմ կարծիքով նա Յոահիմ Լյովի հետ անցկացրեց հիանալի մրցաշար, բայց Լյովն ուներ գերտաղանդավոր թիմ, որն անցել էր տարբեր փորձությունների միջով, իսկ Վան Գալը զրոյից էր ստեղծում եւ ոչ այդքան հանրահայտ ֆուտբոլիստներից: Ափսոս, որ կիսաեզրափակիչում նա ավելի բաց չխաղաց Արգենտինայի դեմ: Ոսկե մեդալի համար Գերմանիայի հետ պետք է պայքարեր հենց Հոլանդիան:

Ո՞րն է այս ԱԱ-ի ամենահիշվող պահը:

Երբ մարզիչ Պեկերմանը խաղադաշտ դուրս բերեց Ֆարիդ Մոնդրագոնին, ով ոչ միայն ռեկորդ սահմանեց, այլ նաեւ սեյվ արեց: Դա տակտիկապես գեղեցիկ էր, շատ հուզիչ էր եւ հուսադրող առնվազն մարդկության եւ աշխատանքի տեսանկյունից:

Նշում են, այս ԱԱ-ին աշխարհում արվել է 674 միլիոն թվիտ: Ձեր կայքում նոր ռեկորդներ սահմանվե՞լ են:

Դուք կզարմանաք, մենք նույնպես զարմացել ենք, բայց՝ ոչ: ԱԱ-ի ժամանակ մեզ մոտ մշտականից շատ այցելուներ կային, բայց չի կարելի ասել, թե այդ թվերը հասան մինչեւ տիեզերք: Սոչիի Օլիմպիական խաղերը մեր կայքը մեկ ու կես անգամ ավելի շատ այցելու բերեց: Սա խոսում է այն մասին, թե ինչպես է մարդկանց վրա ազդում այն փաստը, երբ մարդկանց պատմում ես դեպքի վայրից: Սակայն եկամտի տեսանկյունից աշխարհի առաջնությունն ավելի կարեւոր իրադարձություն է՝ մենք ավելի շատ գովազդային գումարներ վաստակեցինք, քան ձմռանը:

Նախորդ ԱԱ-ին մարզական կայքերում ամենահետաքրքիրը վերլուծական հոդվածներն էին, այժմ զվարճալի մեմերն ավելի պահանջված են: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսին կլինի ինտերնետը ԱԱ-2018-ին:

Ինֆորմացիայի տրամադրման տեսանկյունից՝ ավելի արագ: Ավելի մատչելի դրա  մատուցման տեսանկյունից՝ մարդկանց ազատ ժամանակի համար մղվով պայքարը ավելի կսրվի: Այդ պատճառով մարզական կոնտենտը պետք է ավելի հնարամիտ դառնա, որպեսզի կարողանա մրցակցել կիբեր-դիսկոտեկների հետ, տարածության վրա սեքսի եւ այլ հրաշքների հետ, որոնք այդ ժամանակ արդեն հորինված կլինեն:

Ինձ համար ամենակարեւորն այն է, որ 2018-ին աշխարհն ու ինտերնետը դեռ գոյություն ունենան:  Այդ պատճառով դաշնային հեռուստաալիքներով լուրեր լսելիս, այնտեղ բազմաթիվ մարդկանց ես հանդիպում, ովքեր ցանկացած առիթով պատերազմ են ուզում:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով