20:43  ,  15 հուլիսի, 2014

Միքայել Խաչատրյան. Իսպանիայի թենիսի ֆեդերացիան ինձ համար ավելի շատ բան է արել, քան Հայաստանի ֆեդերացիան

Իսպանիան ինձ համար ավելի շատ բան է արել, քան Հայաստանը: Եթե ինձ հաջողվի այնքան լավ խաղալ, որ հրավեր ստանամ Իսպանիայի հավաքականից, ես կհամաձայնեմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 16-ամյա թենիսիստ, Բարսելոնայի թենիսի ակադեմիայի սան, Հայաստանի ֆեդերացիայի գավաթակիր Միքայել Խաչատրյանն, ով այս օրերին Երեւանում մասնակցում է հուլիսի 14-ին մեկնարկած թենիսի ITF 18 Juniors  պատանեկան մրցաշարին:

Միքայել, Հայաստանում մեկնարկել են միջազգային մրցաշարերի շարք: Ի՞նչ ակնկալիք ունես, եւ ի՞նչ կտան քեզ այս մրցաշարերը:

Շատ ուրախ եմ, որ Հայաստանում միջազգային մրցաշար է անցկացվում, սա մեր թենիսիստներին շատ կօգնի, լայն հնարավորություն կտա ուժերը փորձել, փորձ ձեռք բերել եւ ամենակարեւորը վարկանիշային միավոր վաստակել:  Ամեն տարի մասնակցում եմ միջազգային մրցաշարերի այս շարքին: Փորձում եմ ուժերիս չափով խաղալ, լավ արդյունք ցույց տալ: Ինձ համար շատ կարեւոր է նմանատիպ միջազգային մրցումներին մասնակցելը: Այս մրցաշարերին մասնակցությունը մեծ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում ինչ-ինչ պատճառներով միջազգային մրցաշարերի մասնակցել:  Սպասելիքներս մեծ են, հույս ունեմ որ լավ հանդես կգամ եւ անպայման կհաղթեմ:

Միքայել, դու այլեւս Հայաստանում չես մարզվում: Բարսելոնայի թենիսի ակադեմիայի սան ես: Ինչպե՞ս ես հասել մինչեւ Բարսելոնայի ակադեմիա:

Այո, ես արդեն 4 տարի է մարզվում եմ Բարսելոնայի թենիսի ակադեմիայում: Ինձ ակադեմիայում մարզվելու հրավեր է տվել Իսպանիայի թենիսի ֆեդերացիան: Իսկ ես չէի կարող նման առաջարկը մերժել, եթե ցանկանում եմ հաջողության հասնել մեծ թենիսում:

Այնտեղ ամեն ինչ շատ լավ է, ամեն պայման ստեղծված է մարզիկների համար: Ունեմ հրաշալի մարզիչ, ինձ այնտեղ շատ լավ եմ զգում:

Ինչպե՞ս կգնահատես հայկական թենիսը` համեմատելով իսպանական թենիսի հետ:

Մենք շատ ցածր մակարդակի թենիս ենք խաղում: Ոչ միայն Իսպանիայի, այլ մյուս երկրների համեմատ մեր երկրում թենիսի մակարդակը ցածր է: Մի քանի տարի է արդեն մարզվում եմ Բարսելոնայի թենիսի ակադեմիայում: Տեսնելով այնտեղի զարգացումը, չեմ կարող չնշել, որ Հայաստանում թենիսը մեծ վերելք չի ապրել այս տարիների ընթացքում: Ես այժմ 16 տարեկանների հավաքականից եմ, եւ շուտով կընդգրկվեմ մեծահասակների հավաքական: Հույս ունեմ, որ մեր սերունդը կփոխի իրականությունը եւ մենք էլ կկարողանանք ցույց տալ աշխարհին, որ Հայաստանում էլ թենիս կա, թենիսը զարգացում ունի, վերելք է ապրում:

Իմ տարիքային խմբի թենիսիստները արդեն լավ արդյունքներով են հանդես գալիս տարբեր միջազգային մրցաշարերում: Եթե այսպես շարունակենք, մեր սերունդը կարող է վերելք տալ հայկական թենիսի զարգացմանը: Պետք է, որ լավ խաղանք, եթե մեզ վնասվածքները չխանգարեն: 

Ասացիր, որ Իսպանիայի թենիսի ֆեդերացիայից ես հրավեր ստացել`տեղափոխվել Բարսելոնա: Եթե ֆեդերացիան առաջարկի քեզ ընդգրկվել Իսպանիայի հավաքականում կամ  այլ երկիր ներկայացնելու առաջարկ ստանաս, կհամաձայնե՞ս:

Եթե նման հաջողություն ունենամ մարզական կարիերայումս ու առաջարկեն, կհամաձայնեմ միանշանակ, լինի դա Իսպանիան, թե այլ երկիր: Որովհետեւ նույն Իսպանիան ինձ համար ավելի շատ բան է արել, քան Հայաստանը, Իսպանիայի թենիսի ֆեդերացիան ինձ ավելի շատ է աջակցել թենիսում, քան Հայաստանի ֆեդերացիան:

Հայաստանի թենիսի ֆեդերացիան չի խոչընդոտե՞լ Իսպանիա տեղափոխվելուդ:

Ոչ: Հայաստանի թենիսի ֆեդերացիան ուրախ էր, որ Հայաստանի թենիսիստը մարզվի Իսպանիայում եւ ներկայացնի Հայաստանը: Բայց եթե առաջարկ ստանամ ներկայացնել Իսպանիան, ես կհամաձայնեմ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով