19:26  ,  14 հուլիսի, 2014

Հավաքականի մարզիչ. Հայաստանի թենիսիստները եթե այսքան էլ խաղում են, հերոս են

Եթե հայկական թենիսը եւ մեր թենիսիստների մինչ օրս գրանցած հաջողությունները համեմատեմ այլ երկրների ներկայացուցիչների եւ այդ երկրներում թենիսի զարգացվածության հետ, ապա մերոնք եթե այսքան էլ խաղում են, հերոս են: Եվրոպայի անհատական առաջնությունում մրցանակային տեղեր գրավելն այսօրվա դրությամբ ուղղակի անհնար է հայ թենիսիստների համար:

Հայկական թենիսի խնդիրների ու չզարգանալու պատճառների մասին NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցեց թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի հետ:

Վահե, ամեն տարի Երեւանում անցկացվում են թենիսի միջազգային մրցաշարեր: Ի/նչ է տալիս դա հայկական թենիսի զարգացմանը: Ովքե՞ր են այս մրցաշարերի հիմնական մասնակիցները, եւ ի՞նչ արդյունքներ են մեր մարզիկները գրանցում երեւանյան մրցաշարերում:

Այս մրցաշարերն արդեն ավանդույթ են դարձել: Ինձ շատ ուրախացնում է, որ հենց մեր երկնքի տակ կարող ենք մասնակցել միջազգային մրցման, վարկանիշ ձեռք բերել, մրցել, փորձ ձեռք բերել, եւ դրա համար պետք չէ մեծ գումարներ ծախսել ու մեկնել արտերկիր:

Հայ մարզիկները հնարավորությունը կգնահատեմ միջին, քանի որ թե տղաները, թե աղջիկները կարող են գրավել մրցանակային տեղեր: Օրինակ՝ այս նույն մրցաշարում անցյալ տարի Լուսինե Չոբանյանը երրորդ տեղը գրավեց: Նախապես կանխատեսումներ անել չեմ կարող, ամեն ինչ ցույց կտա խաղը:

Ի՞նչ կասեք մասնակից երկրների մասին, որոնցից յուրաքանչյուրում Հայաստանի համեմատ թենիսը մեծ զարգացում ունի:

Եթե հայկական թենիսը եւ մեր մարզիկների մինչ օրս գրանցած հաջողությունները համեմատեմ մյուս երկրների ներկայացուցիչների եւ այդ երկրներում թենիսի զարգացվածության հետ, ապա մերոնք այսքան էլ եթե խաղում են, հերոս են:

Դրա համար կան բազմաթիվ պատճառներ, նախ` սուղ ֆինանսական պայմանները: Ֆինանսից կախված մեր թենիսիստներն ավելի քիչ են մարզվում, ինչն էլ հիմնական պատճառն է մեր այս մակարդակի: Իսկ մեր թենիսիստներից առաջատարները մեծամասամբ ոչ հարուստ ընտանիքներից են, իսկ մարզումների եւ թենիսի հետ կապված ամբողջ ծախսերը հոգում են ծնողները: Արդեն հասկանալի է, թե ինչու մենք չենք կարող դեռեւս համեմատվել այն երկրների հետ, որտեղ թենիսը առաջ է գնում:

Միակ ուրախալին այն է մեր օրերում, որ այս մրցաշարերը միջազգային են եւ անցկացվում են մեր երկրում: Իսկ մեր թենիսիստները առանց գումար ծախսելու հենց մեր երկրում կմասնակցեն միջազգային մրցաշարի եւ ձեռք կբերեն վարկանիշային միավոր:

Մի քանի օրից մեկնարկում է Եվրոպայի մինեւ 18 տարեկանների անհատական առաջնությունը: Ի՞նչ կազմով է ներկայանալու Հայաստանի հավաքականը:

Այո, հուլիսի 19-ին մեր հավաքականը կմեկնի Եվրոպայի առաջնության: Հանդես ենք գալու մինչեւ 14 տարեկանների մրցաշարում, որը կայանալու է Չեխիայի Պլզեն քաղաքում: Այս տարիքային խմբում Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գեւորգ Բայաթյանը եւ Դանիել Կարապետյանը: Մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Լինդա Օհանյանը, Մարիամ Բայաթյանը, Դավիթ Մուրադյանը եւ Դավիթ Եդիգարյանը: Իսկ 18 տարեկանների Եվրոպայի անհատական առաջնությունում, որը կայանալու է Շվեյցարիայում,  Հայաստանից հադես կգան Միքայել Ավետիսյանը, Միքայել Խաչատրյանը, Տատյանա Սամավաշովան եւ Արեւիկ Թումանյանը:

Ի՞նչ ակնկալիքներ կան Եվրոպայի անհատական առաջնությունից:

Ակնկալիքս այն է, որ կարողանանք գոնե երկու կամ երեք շրջան անցնել: Սա մեր հավաքականի համար իսկապես կլինի շատ լավ արդյունք: Կուզենամ, որ մեր թենիսիստներից որեւէ մեկը հայտնվի լավագույն տասնյակի կամ ութնյակի մեջ: Սա թենիսի համար մեծագույն արդյունք է, քանի որ Եվրոպայի անհատական առաջնություններում մասնակցում են ավելի քան 120 թենիսիստներ ամեն տարիքային խմբում:

Մրցանականին տեղերի մասին հայ թենիսիստները դեռեւս կշարունակեն միայն երազե՞լ:

Ցավալի է, բայց փաստ: Մրցանակային տեղեր գրավելն այսօրվա դրությամբ ուղղակի անհնար է հայ թենիսիստների համար:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով