18:47  ,  14 հուլիսի, 2014

Երեւանում 18 երկրների մասնակցությամբ մեկնարկեց ITF 7 մրցաշարերի շարքը

Հայ թենիսիստներն ունեն միջազգային փորձի պակաս: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ պակասը մարզիկները լրացնեն: Սկսում ենք միջազգային մրցաշարեր, որոնք կտեւեն 7 շաբաթ: Հայաստանի թենիսի ֆեդերացիան միակն է Հայաստանի մարզական ֆեդերացիաներից, որը Հայաստանում անցկացնում է միջազգային մրցաշարեր մի քանի շաբաթ անընդմեջ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Կարամանուկյանը:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի եւ Միջազգային թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ Երեւանի Incourt թենիսի ակումբում հուլիսի 14-ից մեկնարկում են ITF մինչեւ 14, 16 եւ 18 տարեկանների միջազգային մրցաշարեր:

«Հայաստանի թենիսի ֆեդերացիայի համար միջազգային մրցաշարեր անցկացնելն արդեն ավանդույթ է դարձել: Հուլիսի 14-ից Երեւանում մեկնարկում են 7 շաբաթ անընդմեջ իրար հաջորդող թենիսի միջազգային մրցաշարեր: Ընդգրկված է մի քանի տարիք` մինչեւ 14 տարեկանների, 16 տարեկանների եւ 18 տարեկանների ITF մրցաշարեր: 7 շաբաթ առանց հանգստի մրցաշարեր անցկացնելը բարդ է:

Այս քանակով մրցաշարեր անցկացնելու նպատակն է Հայաստանում զարգացնել թենիսը: Միջազգային մրցաշարերը շատ հարկավոր են մեր թենիսիստներին, քանի որ նրանց տալիս են հնարավորություն Հայաստանում առանց մեծ գումարներ ծախսելու, տեղում մասնակցել միջազգային մրցաշարի եւ հաղթանակի դեպքում ձեռք բերել միջազգային վարկանիշ: Իսկ վարկանիշն արդեն նրանց թույլ կտան մասնակցել շատ ավելի կարեւոր միջազգային մրցաշարերի»,- ասաց Գեւորգ Կարամանուկյանը:

Այսօր մրցաշարերի առաջին օրն է, մեկնարկել է ITF 18 Junior պատանեկան մրցաշարը: Այս մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել 18 երկրից, այդ թվում` Մեծ Բրիտանիա, Ֆրանիսա, Գերմանիա, Ռուսաստան, Վրաստան, Իսրայել:

Հայաստանը այս մրցաշարում ներկայացնում են` Միքայել Խաչատրյանը, Արշակ Խաչատրյանը, Միքայել Ավետիսյանը, Լուսինե Չոբանյանը, Լինդա Օհանյանը, Անի Սաֆարյանը, Մարիամ Բայաթյանը եւ Միլեն Ավետիսյանը:

Մրցաշարերի գլխավոր մրցավարն է միջազգային white badge կարգի մրցավար Գրիգոր Դավթյանը:

Թե ինչ ակնկալիքներ կան հայ թենիսիստներից, ՀԹՖ գործադիր տնօրենը նշեց.

«Դեռ շուտ է կանխատեսումներ անել, բայց մենք հույս ունենք, որ մեր մարզիկները շատ լավ հանդես կգան եւ կբարձրացնեն մեր դրոշը: Միայն կարող եմ ասել, որ մեր մարզիկները լավ են հանդես գալիս: Մեր միակ պակասը միջազգային փորձն է: Բայց ամեն ինչ անում ենք մեր թենիսիստների համար, որ հաղթեն, փորձի պակասը լրացնեն: Մի քանի օրից մեր հավաքականը մեկնում է Եվրոպայի անհատական առաջնության` մինչեւ 14, 16 եւ 18 տարեկանների: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու շատ ուժեղ կազմով: Այստեղ էլ հույս ունենք, որ մեր թենիսիստները լավ հանդես կգան»,- նշեց Գեւորգ Կարամանուկյանը:

Երկրորդ մրցաշարը` ITF 18 Junior, կանցկացվի հուլիսի 21-26-ը:

Հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը եւ օգոստոսի 4-9-ը կկայանան Tennis Europe 16 մինչեւ 16 տարեկան տղաների եւ աղջիկների մրցաշարերը: Իսկ օգոստոսի 11-ից 16-ը, 18-23-ը եւ 25-30-ը համապաստախանաբար կանցկացնվեն Tennis Europe 14 մինչեւ 14 տարեկան տղաների եւ աղջիկների մրցաշարերը: Վերջին երկու մրցաշարերը կազմակերպվում են «Թենիս Եվրոպայի» հետ համատեղ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում