19:38  ,  11 հուլիսի, 2014

Լեոն Հարթ՝ շախմատի խաղատախտակից մինչեւ պրոֆեսիոնալ ռինգ (հարցազրույց, ֆոտոշարք)

Գերմանիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջին քայլերն է անում հայ բռնցքամարտիկ Լեւոն Հակոբյանը (ծնվել է 1988-ին), որը հայտնի է Լեոն Հարթ մականունով: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է մարզիկի հետ:

Լեւոն պատմիր քո մասին: Որտե՞ղ ես ծնվել, ընտանիքդ որտեղի՞ց է։

Ծնվել եմ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում:  Ծնողներս էլ այնտեղից են: Մինչեւ չորրորդ դասարան սովորել եմ տեղի դպրոցում: Հինգ տարեկանից շախմատ եմ խաղացել, մեծերն ասում էին, որ շատ լավ էր ստացվում ինձ մոտ: Ութ տարեկանից հաճախել եմ կարատեի մարզադպրոց:

Քա՞նի տարի է, ինչ տեղափոխվել եք Գերմանիա:

2000-ից, արդեն 14 տարի է: Այստեղ շարունակել եմ ուսումս միջնակարգ դպրոցում, այնուհետեւ ավարտել եմ քոլեջը՝ բիզնեսի եւ կառավարման գծով: Սակայն սերը սպորտի հանդեպ ավելի ուժեղ էր:

Ուսման մեջ բարձր առաջադիմություն, շախմատ, կարատե եւ, այնուամենայնիվ, ընտրեցիր բռնցքամարտը: Ինչո՞ւ:

Դա դեռ ամենը չէ (ժպտում է): Երբ նոր էինք տեղափոխվել Գերմանիա, ունակություններս փորձեցի ֆուտբոլում: Ընդունվեցի Դետմոլդի  ֆուտբոլային ակումբի մարզադպրոց: Երեք տարի հետո տեղափոխվեցի Լեմգո քաղաքի ֆուտբոլային ակումբ: Այնուհետեւ՝ 2007-ին հայտնվեցի «Բիլեֆելդ»ակումբում: Հաջողություններս ավելանում էին: Մարզիչների խոսքով՝ լավ ապագա էր սպասվում: Սակայն, ցավոք սրտի, ունեցա աճուկային մկանի լուրջ վնասվածք: Չվիրահատվեցի, եւ ես հրաժարվեցի ֆուտբոլից:

Ֆուտբոլով զբաղվելու տարիներին ինձ մոտ նկատեցի ձգտում դեպի  անհատական նվաճումներ: Հաշվի առնելով ֆիզիկական տվյալներս եւ դիմացկունությունս՝ սկսեցի քիք-բոքսինգով զբաղվել: Սակայն 6 ամիս հետո, ոգեշնչվելով Մայք Թայսոնով, կյանքի նպատակ դարձրի բռնցքամարտիկ դառնալը:

Լեւոն, պետք է հարցնեի՝ որ մարզաձեւով չես զբաղվել: Որքա՞ն ժամանակ է, ինչ պրոֆեսիոնալ ռինգում ես։

(Ժպտում է): 2012-ի հունիսի 30-ից: Ամսաթիվը  տպավորվել է, քանի որ այդ օրը առաջին իսկ մենամարտի երկրորդ ռաունդում հաղթանակ տարա: Արդեն 9 մենամարտ եմ անցկացրել , որից 6-ում նոկաուտով եմ հաղթել: Բռնցքամարտի որեւէ վարկածով մենամարտ դեռ չունեմ, սրանք կառուցողական մենամարտեր են, որոնք ճանապարհ են հարթում դեպի երկրի չեմպիոն, այնուհետեւ վարկածներով մենամարտեր եւ այդպես շարունակ: Անբացատրելի զգացում է, երբ մրցավարը հաղթանակիցդ հետո բարձրացնում է ձեռքդ:

Ինչպե՞ս կատարվեց սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ անցումդ։

Սիրողական բռնցքամարտում էլ հաջողություններ եմ գրանցել: Այդ ժամանակ գերմանացի մի մենեջերի առաջարկով տեղափոխվեցի պրոֆեսիոնալ մակարդակ:

Իսկ «Լեոն Հարթ» մականունը որտեղի՞ց:

Մենեջերական կազմից առաջարկվեց հենց այդ մականունը,  եւ ես ընդունեցի: Սակայն յուրաքանչյուր մենամարտից առաջ նշվում է, որ ես հայ եմ:

Ներկայանում ես Գերմանիայի դրոշով: Հնարավո՞ր է՝մի օր քեզ տեսնենք հայկական եռագույնով։

Իհարկե ես շատ բաներով եմ պարտական Գերմաիային, սակայն, անկեղծ ասած, հնարավորություն չեմ ունեցել ներկայանալու Հայաստանի դրոշի ներքո: Դա ինձ համար մեծ պատիվ կլինի: Սակայն ինքներդ էլ լավ գիտակցում եք, որ դա հսկայական գումարների հետ է կապված: Եթե գտնվի մի հայ բարերար կամ կազմակերպություն, որը պատրաստ կլինի ինձ աջակցել, ես առանց վայրկյան մտածելու կընդունեմ այդ առաջարկը: Պրոֆեսիոնալ բռնցքամարում ամեն ինչ ավելի բարդ է:

Ես իմ առաջ նպատակ եմ դրել հասնել մինչեւ աշխարհի չեմիոնի տիտղոսին, եթե դա անեմ , այն էլ հայկական դրոշի գույները պաշտպանելիս. դա անբացատրելի երջանկություն եւ պարծանք կլինի ինձ համար:

Խոսեցիր կյանքիդ նպատակներիդ մասին, իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունես:

Այս պահին լրջորեն նախապատրաստվում եմ օգոստոսի 16-ին կայանալիք մենամարտին, որի ժամանակ կվիճարկվի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:

Հայ բռնցքամարտիկներից ո՞ւմ ես անձամբ ճանաչում։

Գերմանիայում բնակվող բոլոր բռնցքամարտիկներին անձամբ ճանաչում եմ: Մարզվում եմ Բեռլինի «Զաուերլանդ» ակումբում:

Լեւոն ինքդ, որպես նախկին ֆուտբոլիստ վստահ եմ, որ հետեւում ես աշխարհի առաջնությանը: Ինչպիսի տրամադրություն է Գերմանիայում Մունդիալի եզրափակիչից առաջ:

Իհարկե հետեւում եմ այդ ֆուտբոլային տոնին եւ գերագույն հաճույք ստանում:  Ոչ միայն աշխարհի առաջնությանն եմ հետեւում, այլեւ՝ ակումբային առաջնություններին: Մասնավորապես, Դորտմունդի «Բորուսիայի» խաղերին : Հիացմունքով հետեւում եմ   Հենրիխ Մխիթարյանի ելույթներին:

Ինչ վերաբերում է ֆուտբոլային տրամադրությանը՝  այստեղ մի փոքր լարված են մարդիկ, մոռացել են իրենց առօրյա հոգսերը: Մեծ ակնկալիքներով սպասում են եզրափակիչին եւ իրենց հավաքականի հաղթանակին:

Իսկ Հայաստանում ե՞րբ սպասենք քեզ:

Ցանկությունս շատ մեծ է, սակայն հնարավորություն չունեմ գալու: Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեմ: Երբ հայրս այստեղ մահացավ, նրան հուղարկավորեցին Հայաստանում, պատկերացրեք ես անգամ նրա վերջին հրաժեշտին ներկա չէի: Հավատում եմ, որ ամեն ինչ մի օր կկարգավորվի:

Շնորհակալ եմ հետաքրիր զրույցի համար:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով