18:28  ,  11 հուլիսի, 2014

Սյուզի Կենտիկյան. Ուրախ եմ, որ վերջապես ազատվեցի չեչենի հետ ամուսնանալու մասին չար խոսակցություններից (ֆոտո)

Վերջապես ազատվեցի բոլոր այն խոսակցություններից, թե ես ամուսնացել եմ չեչենի հետ: Դրանք սուտ խոսակցություններ էին եւ ինձ շատ վիրավորեցին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սյուզի Կենտիկյանը նոկաուտով հաղթեց IFBA վարկածով աշխարհի չեմպիոն Դան-Բի Քիմին: Մի քանի օր հետո Սյուզի Կենտիկյանը կժամանի Հայաստան: Նա ցանկանում է հանգիստն անցկացնել հայրենիքում:

Սյուզի, հանգիստդ մի՞շտ ես անցկացնում հայրենիքում:

Փորձում եմ ամեն տարի գալ Հայաստան: Շատ եմ կարոտում Հայաստանը, իմ ընտանիքին, տունը: Չնայած կարճ ժամանակով եմ գալիս, քանի որ շուտով պարզ կդառնա հաջորդ մրցակցիս անունը, բայց որոշել եմ անպայման գալ: Այդտեղ ես ինձ լավ եմ զգում:

Ինչպե՞ս կգնահատես հաղթանակդ չեմպիոնական գոտու համար մենամարտում: Դու մեծ առավելություն ունեիր կորեացի բռնցքամարտիկի նկատմամբ:

Դա շատ բարդ մենամարտ էր, շատ բարդ տրված հաղթանակ: Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ես մեծ աշխատանքի արդյունքում պաշտպանեցի աշխարհի չեմպիոնի գոտին: Կորեացին 9 ռաունդ դիմադրեց, նա շատ ուժեղ էր, ու շատ պինդ գլուխ ուներ (ծիծաղում է): Ես դա հասկացա առաջին ռաունդներից, որովհետեւ արդեն ձեռքերս ցավում էին նրան հարվածելուց:

Ամբողջ մենամարտի ժամանակ մտածում էի` այսքան հարվածում եմ, լավ, տեսնես գլուխը չի ցավում: Եթե իմ ձեռքերը ցավում են, ինչպես կարող է կորեացու գլուխը չցավա: Ես դիտել էի նրա մենամարտերից մեկը, որտեղ նա 10 ռաունդ միայն հարձակվում էր եւ գազանի պես հարվածներ հասցնում: Մարզիչիս հետ այնպես պատրաստվեցինք, որ նրան պետք է թույլ տամ սկզբից հարձակվի հետո նոկաուտի ենթարկեմ: Առաջին մի քանի ռաունդում փորձեցի նրան թույլ տալ հարձակվել, հետո արդեն ես մենամարտը վերցրեցի ձեռքս:

Չէի սպասում, որ 9-րդ ռաունդում կորեացու մարզիչը սրբիչը կնետի, քանի որ արդեն համակերպվել էի նրա «պինդ գլխի» հետ: Մտածում էի, որ մինչեւ վերջին ռաունդը այդպես այնքան կհարվածեմ գլխին, որ այլեւս չի դիմանա: Բայց նա չէր հանձնվում, ես էլ չէի կարող հանձնվել:

Դա բարդ մենամարտ էր, բարդ տրված հաղթանակ, այժմ ցանկանում եմ լիարժեք հանգստանալ, քանի որ շուտով կրկին ռինգ եմ դուրս գալու:

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամը միշտ նշում է, որ պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի չեմպիոնի գոտին պաշտպանելն ավելի բարդ է, քան նվաճելը: Համամի՞տ ես:

Համամիտ եմ, որ դժվար է պաշտպանելը, բայց ձեռք բերելն էլ է շատ բարդ: Պրոֆեսիոնալ  ռինգում ոչ ոք քեզ աշխարհի չեմպիոնի գոտին նվեր չի տալիս: Դրա համար պետք է պայքարել, իսկ ռինգում հաղթում է ամենաուժեղը: Պետք է կարողանաս մրցակցիդ ապացուցել, որ դու ամենաուժեղն ես:

Հայաստանում միայն հանգստանալո՞ւ ես, թե՞ ծրագրեր ունես. գուցե որոշել ես այստեղ ամուսնանալ:

Ոչ (ծիծաղում է): Վերջապես ազատվեցի բոլոր այն խոսակցություններից, թե ես ամուսնացել եմ չեչենի հետ: Դրանք սուտ խոսակցություններ էին եւ ինձ շատ վիրավորեցին: Ես ամուսնության մասին կմտածեմ 30 տարեկանում: Կարծում եմ՝ դա կնոջ համար լավագույն տարիքն է ընտանիք կազմելու, երեխա ունենալու համար: Ցանկանում եմ ընտանիք ու երեխաներ ունենալ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով