16:02  ,  11 հուլիսի, 2014

ՀՖՖ նախագահ. «Ուլիսն» արդեն ունի հովանավոր եւ ամենայն հավանականությամբ դուրս չի մնա Բարձրագույն խմբից

«Ուլիսն» արդեն հովանավոր ունի, ակումբն ամենայն հավանականությամբ կշարունակի մրցելույթները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջնության վիճակահանությանը «Ուլիսը» չի մասնակցել:

ՀՖՖ ղեկավարը մեկնաբանել է նաեւ հայկական ակումբների ելույթը եվրագավաթներում: Հայաստանի չեմպիոն «Բանանցը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում չհաղթահարեց Անդորրայի «Սանտա Կոլոմայի» արգելքը (0:1 հաշվով պարտություն Անդորրայում, 3:2 հաշվով հաղթանակ Երեւանում), իսկ Եվրոպայի լիգայում Գյումրիի «Շիրակը» 1:6 ընդհանուր հաշվով պարտվեց Ղազախստանի «Շախտյորին»: Երեւանի «Փյունիկը» եւս 1:6 ընդհանուր հաշվով թույլ էր Ղազախստանի «Աստանայից»: Երեւանի «Միկան» Խորվաթիայում 0:2 հաշվով պարտվեց «Սպլիտին», իսկ Երեւանում խաղաց ոչ ոքի՝ 1:1:

Հայաստանի ակումբները սենսացիոն պարտություններ կրեցին եվրագավաթների որակավորման փուլում: Ինչո՞ւ են մեր ակումբներն այդքան վատ հանդես գալիս:

Ոչ մի սենսացիոն պարտություն էլ չկա, եղել է այն, ինչ որ պետք է լիներ, սպասելի էր, որովհետեւ հայկական ակումբները վատ են ֆինանսավորվում: Բոլոր երկրներում ակումբների ֆինանսական վիճակը գնալով լավանում է, իսկ մեզ մոտ մնում է նույն տեղում, դոփում ենք նույն տեղում, ոնց որ 20 տարի առաջ էր: Հենց այդպես էլ պետք է լիներ: Օրինակ՝ մեր ակումբները խաղացին ղազախական թիմերի հետ, որոնց բյուջեներին պարզապես պետք է նայել եւ պատկերացում կազմել, թե ինչի մասին եմ ես խոսում: Սենսացիոն էր «Բանանցի» պարտությունը, որովհետեւ անլուրջ մոտեցում են ցուցաբերել ֆուտբոլիստները: Շատ վրդովված եմ, որ նման թիմի պարտվել ենք:

Պարոն Հայրապետյան, Հայաստանի Բարձրագույն խմբում մնաց 7 ակումբ: «Ուլիսը» ֆինանսական խնդիրների պատճառով դուրս մնաց, խոսակցություններ կան, որ «Միկան» նույնպես հնարավոր է՝ չկարողանա մասնակցել առաջնությանը:

«Ուլիսն» ամենայն հավանականությամբ դուրս չի մնա, արդեն հովանավոր ենք հրավիրել, ակումբի ֆինանսական հարցը 90 տոկոսով լուծվում է: Իսկ ինչ վերաբերում է «Միկային», ապա դրանք միայն խոսակցություններ են: Եթե նման բան լիներ, ապա Բաղդասարովն ինձ այդ մասին կասեր:

Աիդա Հովհաննիսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով