19:07  ,  27 հունիսի, 2014

Արմեն Բաբալարյան. Շատ ուրախ եմ Հայաստանի հիմնը հնչեցնելու եւ Հայաստանի դրոշը բարձրացնելու համար

Շատ ուրախ եմ իմ տղաների լավ արդյունքի, երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալների, Հայաստանի հիմնը Եվրոպայի առաջնությունում հնչեցնելու եւ Հայաստանի դրոշը բարձրացնելու համար: Գոհ եմ արդյունքից: Անսպասելի էր երկու ոսկե մեդալը, բայց Գեւորգ Ղարիբյանից եւ Հրանտ Կալաչյանից մեդալներ ակնկալում էի, բայց ոսկե`ոչ: Բրոզնե մեդալ նվաճած Կարեն Աբգարյանը կարող էր արծաթ նվաճել: Իր սխալի պատճառով բրոնզ բաժին հասավ նրան:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը ամփոփեց Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:

Հիշեցնենք, որ լեհական Կատովիցեում կայացած հունահռոմեական ըմբշամարտի Եվորպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը եւ 66 կգ քաշային Հրանտ Կալաչյանը դարձել են Եվրոպայի երիտասարդական չեմպիոններ, իսկ 96 քաշային կարգում հանդես եկող Կարեն Աբգարյանը զբաղեցրել է երրորդ տեղը` նվաճելով բրոնզե մեդալ:

Պարոն Բաբալարյան, ամփոփեք Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Գո՞հ եք տղաների արդյունքներից:

Այո, գոհ եմ: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց մեկի փոխարեն երկու անգամ հնչեցնել Հայաստանի հիմնը եւ բարձրացնել մեր եռագույնը: Հպարտ եմ, որ չեմպիոններով ենք վերադարձել: Գեւորգ Ղարիբյանը եւ Հրանտ Կալաչյանը շատ լավ  հանդես եկան: Նրանք արեցին իրենց հնարավորություններից առավել, ցուցադրեցին հրաշալի գոտեմարտեր եւ արժանի միավորներ ստացան եւ արժանի կոչումներ:

96 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Աբգարյանին ի՞նչ խանգարեց ոսկե մեդալի համար պայքարելուն:

Սուտ կլինի ասել, որ նա ոսկե մեդալ կնվաճեր, բարց երկորդ տեղ կարող էր գրավել: Նա կիսաեզրափակիչ գոտեմարտի վերջին 20 վայրկյանում սխալ թույլ տվեց, այդ պատճառով էլ բրոնզը նրան բաժին հասավ: Հակառակ դեպքում նա լիովին արժանի էր արծաթե մեդալին: Իսկ ոսկե մեդալ կարծում եմ, որ նրա համար դժվար կլիներ նվաճել:

Մյուս մասնակիցների մասին ի՞նչ կասեք:

Մյուս քաշային կարգերում մենք նորմալ հանդես եկանք, ուժեղ ըմբիշը ուժեղ գոտեմարտեց, թույլը` թույլ: Ամեն մեկն իր հնարավորությունների չափով գոտեմարտեց: Մյուս քաշային կարգերում մեդալներ չունեցանք: Ունեցանք եւ վատ ելույթներ, եւ բավարար, եւ լավ: Ինձ համար ուրախալին այն է, որ մենք կարողացանք չեմպիոններ ունենալ: Սպասումներ ունեի, որ մեդալներ կնվաճենք, բայց ոսկե մեդալներն ինձ համար անսպասելի էին: Ըմբշամարտը շատ անսպասելի մարզաձեւ է, անակնկալներով: Սա ծանրամարտ չէ, կամ աթլետիկա, որ մոտավոր կանխատեսես ինչ արդյունք ես ունենալու, ինչ մեդալ:

Գոհ եմ այս արդյունքից: Այսպես եմ ինքս գնահատում մեր արդյունքը` եթե գերհզոր Ռուսաստանը չկարողացավ մեդալ նվաճել, իսկ մենք կարողացանք, ուրեմն գոհ եմ:

Մրցավարության մասին ի՞նչ կասեք:

Նորմալ մրցավարություն էր, այս անգամ որեւէ կոպիտ խախտում կամ միտումնավորություն չնկատեցի: Ուժեղ մրցակցություն էր եւ արդար պայքար: Մենք մրցում էինք ուժեղ մրցակիցների դեմ` Վրաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի: Այս երկրները մեր հիմնական մրցակիցներն են: Թույլ էին այս տարի բուլղարացիները:

Այժմ կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Աշխարհի առաջնությունում հավաքականի կազմում որոշ փոփոխություններ կլինեն, նույն կազմով չենք ներկայանա: Կփորձենք նույն հաջողությունները գրանցել նաեւ աշխարհի առաջնությունում:

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով