17:03  ,  27 հունիսի, 2014

ՀՁՖ վերընտրված նախագահ. Բյուջեն մնում է մեր հիմնական խնդիրը

Շատ ուրախ եմ, որ եւս երկու տարի ինձ վստահվեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահությունը: Անցյալ երկու տարիների ընթացքում աշխատանք արվեց, չեմ նշի՝ շատ թե քիչ, թող ֆեդերացիայի անդամները եւ սպորտի ղեկավարները գնահատեն այդ աշխատանքը: Դեռ շատ անելիքներ կան, առջեւում Ռիո-2016-ն է: Ես մեր ձյուդոիստներից  նպատակներ ունեմ այս Օլիմպիական խաղերի հետ կապված: Պետք է միայն աշխատել: Ես սիրում եմ այս մարզաձեւը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Վարդան Ոսկանյանը:

Հունիսի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ նիստը, կայացել է նախագահի ընտրությունը: ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանը միաձայն վերընտրվել է:

Պարոն Ոսկանյան, NEWS.am Sport-ը շնորհավորում է ձեզ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Միաձայն եք ընտրվել, սա համարո՞ւմ եք ձեր նախկին երկու տարիների նախագահության հաջողությունը:

Շնորհակալ եմ: Միաձայն ընտրվեցի, քանի որ այլ թեկնածուներ չկային, միայն ես էի առաջադրվել: Ուրախ եմ, որ կրկին ինձ է վստահվել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա  նախագահի պաշտոնը: Դա նշանակում է, որ նախորդ երկու տարիների աշխատանքը զուր չի անցել: Նաեւ նշանակում է, որ ինձ վերընտրելով՝ ֆեդերացիան ինձնից էլ ավելի մեծ ակնկալիքներ ու սպասելիքներ ունի:

Ինչպե՞ս եք դուք գնահատում նախորդ երկու տարիների աշխատանքը եւ ի՞նչ անելիքներ ունեք առաջիկա երկու տարիների ընթացքում:

Անելիքներ շատ կան: Քիչ աշխատանք չի տարվել նախորդ տարիներին, բայց այդ մասին ես չեմ ցանկանում խոսել, թող դա գնահատեն ֆեդերացիայի աշխատակիցները, մարզիկները, ինչպես նաեւ սպորտի ղեկավարները: Առաջիկա ծրագրերում անելիքներ շատ կան: Իմ առջեւ ես ինքս խնդիր եմ դրել ճիշտ իրականացնել ձյուդո մարզաձեւի մասսայականացման հարցը: Սա մեր մշտական խնդիրն է եղել, անցյալ տարիների ընթացքում ամեն ինչ արվել է մարզաձեւի մասսայականացման համար: Այս մարզաձեւը պետք է ճիշտ ներկայացնել մարդկանց, որպեսզի սիրեն, հաճախեն, զբաղվեն, դարձնեն կյանքի մասնագիտություն, ձգտեն հաջողությունների, հաղթանակների, մեդալների:

Իմ առաջիկա ծրագրերի մեջ առաջնային տեղում մարզերն են: Էլ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք մարզերում ձյուդոյի զարգացմանը: Կապանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում չունենք ձյուդո մարզաձեւի զարգացում: Պետք է ամեն ինչ անենք, որ այս մարզերում էլ ձյուդոն զարգացնենք:

Ֆեդերացիայում ստեղծվել է համերաշխ կոլեկտիվ, դա համարում եմ մեր թիմի ամենամեծ ձեռքբերումը, սա կօգնի մեզ ճիշտ աշխատել: Հասկանում եմ, որ հեշտ ոչինչ չի լինում, եթե արդյունք ենք ուզում, եթե ցանկանում ենք Ռիո-2016-ում արդյունք ունենալ, ուրեմն պետք է շատ ու ճիշտ աշխատենք:

Հանդիպում եք ունեցել նաեւ սպորտի ննախարար Գաբրիել Ղազարյանի հետ:

Հանդիպել եւ քննարկել ենք ձյուդոյի խնդիրները, զարգացման ճանապարհները, նպատակները: Բայց առաջնային քննարկման թեման եղել է ֆեդերացիայի բյուջեն, որը դեռեւս շարունակում է մնալ մեր հիմնական խնդիրը: Նախարարին ներկայացրել եմ նախորդ երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքները, արդյունքները եւ առաջիկա ծրագրերը:

Վերընտրվելուց անմիջապես հետո ի՞նչ մրցումների եք նախապատրաստվում, ի՞նչ ծրարգրեր եք իրականացնելու:

Աշխատանքս կսկեմ պատանեկան Օլիմպիական խաղերով: Ունենք մեկ մասնակից այս տարի օգոստոսին կայանալիք պատանիների Օլիմպիական խաղերում: Ակնկալում եմ արդյունավետ մասնակցություն, բացի լավ ելույթից նաեւ արդյունք:

Հուլիսի 2-ից 5-ն Աթենքում կանցկացվի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Առաջին անգամ ենք մասնակցում պատանիների Եվրոպայի առաջնությանը եւ այն էլ 13 հոգանոց կազմով: Հույս ունեմ, որ Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը կվերադառնա մեդալով:

Իսկ ամենագլխավոր նպատակը Ռիո-2016-ն է: Պետք է ծավալուն աշխատանք կատարենք Ռիո-2016-ին հաջող մասնակցության համար: Նպատակս արդյունքն է Օլիմպիական խաղերում:

Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով