19:27  ,  24 հունիսի, 2014

Ստեփան Չաուշյան. Բրազիլիայում նույնիսկ կենդանիներն են ապրում ֆուտբոլով

Ինձ համար ամենավառ խաղը Հոլանդիայի եւ Իսպանիայի հավաքականների հանդիպումն էր: Ֆուտբոլային աշխարհը զրկվեց հզոր, բայց ծերացած թիմից, եւ հույս ունեմ՝ ձեռք բերեց նոր հոլանդական ֆենոմեն՝ միաձուլված երիտասարդությամբ եւ փորձով։

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետո զրույցում ասաց ռուսական «Аргументы и факты» կայքի մարզական բաժնի գլխավոր խմբագիր Ստեփան Չաուշյանը, որն աշխարհի առաջնությունը լուսաբանում է Բրազիլիայից։

Ստեփան, միշտ լինում են սպասումներ եւ իրականություն: Ինչպիսի՞ն էիր պատկերացնում Բրազիլիան եւ ինչպիսի՞ն է այն իրականում:

Դեռեւս եղել եմ Բրազիլիայի միայն երկու քաղաքներում՝ Ռիո դե Ժանեյրոյում եւ Կույաբայում, որը պատրաստ չէր ընդունել այս ԱԱ-ն: Դա փոքր մարզային քաղաք է, որտեղ տրանսպորտի հիմնական միջոցը  մոտոտաքսին է: Քաղաքում գրեթե չկան տեսարժան վայրեր, իսկ կենտրոնը դա երկու մայրուղիների հատման կետն է, որտեղ կա բենզալցակայան: Մարդիկ այստեղ շատ բարեհամբույր են: Չնայած սա հանցագորության ամենացածր տոկոս ունեցող քաղաքներից է, բայց տեղացիները մեզ զգուշացնում էին պահել հեռախոսներն ու տեսախցիկները: Մեզ տեղափոխում էին մասնավոր ավտոմեքենաներով, որպեսզի մենք խնդիրների մեջ չընկնենք: Իրականում, նրանք գրեթե միշտ արթուն են: Մենք զբոսնում էինք քաղաքում՝ ծայրամասից մինչեւ կենտրոն մինչ ուշ գիշեր եւ մեր ուղղությամբ ոչ ոք չէր էլ նայում:

Ռիոն հիանալի քաղաք է: Մինչ այս պահը տպավորությունները գերազանցում են բոլոր սպասելիքները: Քաղաքի գեղեցկությունը, բնությունը, տեսարժան վայրերը, օվկիանոսի ափը պարզապես կախարդական են: Եվ իհարկե «Մարականան»՝ մանկությանս երազանքը: Այո, այժմ այն չի կարող տեղավորել 200 հազար հանդիսականի, բայց միեւնույն է դա հզոր ստադիոն է, հզոր պատմությամբ, որտեղ աշխատելը մեծ պատիվ է:

Ընդունված է ասել, որ Բրազիլիայում բոլորն ապրում են ֆուտբոլով։ Իրականությո՞ւն  է, թե՞  չափազանցություն:

Բրազիլիայում կարծես  նույնիսկ կենդանիներն են ապրում ֆուտբոլով: Նրանց այստեղ հագցնում են ազգային հավաքականի մարզաշապիկներ: Ռիոյում աշխատողներին հանգիստ են տալիս, երբ խաղում է ազգային հավաքականը կամ էլ, երբ «Մարականայում» աշխարհի առաջնության խաղ է անցկացվում: Անցյալ շաբաթ նրանք աշխատել են միայն երկու ոչ լիարժեք աշխատանքային օր: Խաղի ժամանակ ամբողջ քաղաքը դատարկվում է: Բոլորը գնում են բարեր՝ ֆուտբոլ դիտելու: Հենց բարերում են նրանք նախընտրում դիտել, որպեսզի բոլորով միասին կարողանան երկրպագել: Փակվում են բոլոր խանութները, բանկերը, ծառայությունները: Փողոցներով մեքենաներ չեն գնում: Մենք ավտոբուսով էինք գնում, երբ խաղի մեկնարկին մնում էր 30  րոպե: Ավտոբուսի վարորդը 100 կմ/ժամ արագությամբ սլանում էր՝ առաջ անցնելով մարդատար մեքենաներից: Ուղեւորները ասում էին, եթե նա ուշանար, ապա կթողներ ավտոբուսը եւ կուղեւորվեր մոտակա բարը: Եվ նրան ոչ ոք չէր մեղադրի: Բոլորը նույնպես կգնային բար դիտելու խաղը: Այստեղ մարդիկ իսկապես շեղված են ֆուտբոլով:

Նկատե՞լ ես այդտեղ բողոքի ցույցեր, գործադուլներ, որոնց մասին այդքան խոսվում էր մինչեւ ԱԱ-ն:

Մեկ անգամ երեկոյան նստած էինք բոհեմյան Լապա թաղամասում եւ զրուցում էինք տեղացիների հետ, եւ հանկարծ բոլոր կողմերից սկսեցին դիմակներով մարդիկ վազել: Պարզվեց հարեւան փողոցում ցույց էր տեղի ունենում, որը ոստիկանությունը ցրեց: Դա միակ դեպքն էր, որ նկատել եմ: Մեծամասնությանը առաջնութունը դուր է գալիս եւ նրանք կողմ են, որ այն լավ անցնի:

Բրազիլիայում իսկապե՞ս վտանգավոր է։

Համենայն դեպս, Կույաբայում եւ Ռիոյում դեռ վտանգավոր չէ: Ամենուր հսկում են ոստիկանները ինքնաձիգ զենքով: Մենք դեռ ֆավելաներ չենք գնացել, գիշերը զբոսնում ենք առանց վախենալու: Բոլորը բարեհամբույր են ու ընկերասեր: Բայց այդքան զգուշացումներից հետո մենք, իհարկե, շատ զգոն ենք եւ զգույշ:

Ո՞ւմ երկրպագուներն են ամենից գունեղ եւ ակտիվ:

Հաճելի է, որ ռուս երկրպագուները սկսել են հետաքրքիր բաներ մտածել եւ պատրաստել գունեղ կոստյումներ խաղերի համար: Բայց ամենագունեղներից նրանք դեռ շատ հեռու են: Եվրոպական երկրպագուներից, իհարկե կառանձնացնեմ հոլանդացիներին, ովքեր առանց հատուկ հանդերձանքի տանից դուրս չեն գալիս: Երկրորդ տեղում երեւի բելգիացիներն են: Նրանք երթեւեկում են վարձակալած մեքենաներով  կարմիր հրեշների հագուստներով: Իսկ ամերիկացիներից ամենից շատ տարբերվում են մեքսիկացիները իրենց սոմբրերոներով, ռեսթլերների կոստյումնեով, ինչպես նաեւ հնդկացիների տարազով: Հետո գալիս են չիլիացիները, բայց նրանք ավելի շատ գրավում են իրենց քանակով եւ աղմուկով:

Ո՞ր խաղերին ես հասցրել ներկա գտնվել:

Ես եկել եմ այստեղ Ռուսաստանի հավաքականի խաղերի համար: Կույաբայում խաղացել ենք Հարավային Կորեայի հետ, Ռիոյում՝ Բելգիայի: Այժմ պատրաստվում եմ մեկնել Կուրիտիբա Ալժիրի հետ խաղին: Եթե խմբից դուրս գանք կգնամ Պորտու Ալեգրի 1/8 եզրափակիչի խաղին, եթե ոչ՝ կմնամ Ռիոյում եւ այստեղ կայանալիք խաղերից մեկին կգնամ:

Ըստ քեզ ամենդիտարժան խաղն այս առաջնությունում:

Ինձ համար ամենավառ խաղը Հոլանդիայի եւ Իսպանիայի հավաքականների հանդիպումն էր: Ֆուտբոլային աշխարհը զրկվեց հզոր, բայց ծերացած թիմից, եւ հույս ունեմ ձեռք բերեց նոր հոլանդական ֆենոմեն՝ միաձուլված երիտասարդությամբ եւ փորձով: Տպավորեց նաեւ Կոստա Ռիկայի հավաքականը, որն արդեն հաղթել է երկու չեմպիոնների եւ առաջին տեղում է ընթանում «մահվան» խմբում՝ Իտալիայի, Անգլիայի եւ Ուրուգվայի հետ:

Ո՞ր թիմերը կհասնեն կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչում ակնկալում եմ տեսնել Արգենտինային, Գերմանիային, Հոլանդիային եւ Բրազիլիային: Դեռ չգիտեմ, ինչպես կդասավորվի խաղացանկը, քանի որ ոչ բոլոր խմբերում են պարզվել առաջին եւ երկորդ տեղերի մասնակիցները, բայց ըստ խաղի՝ առանձնանում են այս չորս թիմերը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով