13:16  ,  31 մայիսի, 2014

Արման Երեմյան. Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան զբաղվում է հակաօլիմպիական գործունեությամբ

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան զբաղվում է հակաօլիմպիական գործունեությամբ: Ֆեդերացիայի աշխատակազմը միտումնավոր այնպես է անում, որ ես չմասնակցեմ 2016թ. Օլիմպիական խաղերին: Ասում են` մեզ ոչ Օլիմպիական խաղերն են պետք, ոչ օլիմպիական վարկանիշը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թաեքվոնդոիստ, Լոնդոնի Օլիմպիական խաղերում 5-րդ տեղը գրաված Արման Երեմյանը:

Արման, ի՞նչն է քեզ անհանգստացնում: Քեզ հետ կապված ի՞նչ տարաձայնություններ կան ֆեդերացիայում:

Վարկանիշներիս ընդհանուր գումարով այժմ ես աշխարհի լավագույն 32 մարզիկների մեջ եմ մտնում, իսկ այդ վարկանիշները ես հավաքել եմ դեռեւս 2011 թվականից:  Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշներ ձեռք բերելու պայմանն ուրիշ էր, այն ժամանակ երկու մրցման արդյունքում էիր օլիմպիական վարկանիշ ձեռք բերում` Եվրոպայի եւ աշխարհի առաջնության արդյունքներով: Այժմ ամեն ինչ այլ է` ավելի մոտեցված է ձյուդոյին` միավորները հավաքում ես երեք տարիների ընթացքում: Կա մի խնդիր. վարկանիշային մրցաշարերից մեկը պետք է անցկացվի Բաքվում, ինչն էլ նշանակում է՝ ես մինչեւ այդ վարկանիշային մրցաշարը պետք է բավարարեմ իմ միավորները, որպեսզի պահպանեմ վարկանիշս: Իսկ դրա համար ինձ հարկավոր է մասնակցել մի շարք միջազգային մրցաշարերի` Գրան Պրիների:

Սակայն Հայաստանի ֆեդերացիան Գրան Պրիների համար ֆինանսավորում չի տրամադրում, չի ֆինանսավորում իմ մասնակցությունը այդ մրցաշարերին: Մինչ օրս իմ միջազգային մրցաշարերը ֆինանսավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրանք ամեն ինչ անում են, ամեն տարի ֆինանսավորում են իմ մրցումները, բայց ֆեդերացիան ոչինչ չի անում: Մեր ֆեդերացիան չգիտեմ՝ ինչ է անում պետբյուջեից ստացած գումարները: Մինչ օրս մեր մասնակցությունը յուրաքանչյուր միջազգային մրցաշարի, առաջնության ֆինանսավորել է ՀԱՕԿ-ը: Բայց թաեքվոնդոյում արդեն ամեն ինչ փոխվել է, տարվա մեջ 8-9 մրցում կա, որին վարկանիշ ունեցող առաջատար թաեքվոնդոիստները պարտավոր են մասնակցել, որպեսզի պահպանեն իրենց տեղը լավագույնների շարքում, որպեսզի վարկանիշ ձեռք բերեն: Այս 8-9 մրցման մեջ մտնում են նաեւ Գրան Պրիները: Դրանց  ոչ բոլորը կարող են մասնակցել, միայն աշխարհի 32 լավագույն մարզիկները: Հայաստանից միայն ես եմ այդ լավագույն 32-ի մեջ մտնում: Ֆեդերացիան տեսնում է, որ արդյունք ունենք, լավագույնների մեջ մտնում ենք, հարկավոր է միայն ֆինանսավորել գոնե մի քանի Գրան Պրի, սակայն երբ դիմում եմ, ասում են` չունենք ֆինանսներ: Սա իմ մեծագույն խնդիրն է: Ինչպես թե չկա ֆինանս, ինչպես ես կարող եմ չմասնակցել այս մրցումներին, ինչպես կարող եմ թույլ տալ կորցնել վարկանիշներս, դուրս մնալ 32-ից: Նախկինում լավագույն 32-ի մեջ ես 13-րդն էի, այժմ 25-րդ տեղում եմ:

Ֆեդերացիան ինչքա՞ն գումար է ստանում կառավարությունից, եւ ինչպե՞ս է բաշխում այդ գումարը:

Իմ տեղեկություններով, 18-20 միլիոն դրամ է ստանում թաեքվոնդոյի ֆեդերացիան: Թե ինչպես է բաշխում այդ գումարը, ինչի վրա է ծախսվում, ես տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ  իմ անվան տակ որեւէ միջազգային մրցաշար գրված չկա, ինձ համար հատկացված գումար չկա: Դա կազմում է հավաքականի գլխավոր մարզիչը: Երբ հարցնում եմ` ինչն է պատճառը, որ չեք ֆինանսավորում իմ մրցումները, ասում է` Հայաստանից ներկայացուցիչ այդ մրցումներում միայն ես եմ, եւ այդ պատճառով մեկ մարզիկի համար այդքան գումար չարժի ծախսել: Ավելին` ասում են, որ օլիմպիադան մեզ պետք չէ, օլիմպիական ռեյտինգ մեզ պետք չէ: Այսինքն` Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան հակաօլիմպիական գործունեություն է ծավալում: Եթե այսօր դուրս մնամ այդ լավագույն 32-ից, այլեւս հնարավորություն չեմ ունենա պայքարել Ռիո-2016-ի Խաղերի ուղեգրի համար: Ստացվում է` ֆեդերացիան միտումնավոր այնպես է անում, որ ես դուրս մնամ օլիմպիական ուղեգիր տվող 32-ի միջից:

Արման, նշում ես, որ ֆեդերացիայի քայլերը միտումնավոր են: Դու որեւէ մեկի հետ խնդիր ունե՞ս ֆեդերացիայում:

Ոչ, անձնական խնդիր չունեմ ոչ ոքի հետ, ուղղակի ինձ ֆինանսավորելու համար գումար չկա: Չունեն: Չգիտեմ, ում դիմեմ այս հարցով: ՀԱՕԿ-ն արդեն երրորդ տարին է անընդմեջ ֆինանսավորում է իմ մասնակցությունը մրցումներին, ուսումնամարզական հավաքներին: Ամեն ինչ ՀԱՕԿ-ն է անում, բայց այդպես ինչքան պետք է շարունակվի: Իսկ ֆեդերացիան  պարտավոր չէ՞ մի բան անել, որ ՀԱՕԿ-ը տեսնի` միայն ինքը չի անում: Չէ որ ես ֆեդերացիայի անդամ եմ, այդ ֆեդերացիայի մարզիկն եմ: Արդեն ամեն սահման անցել է, արդեն զզվել եմ: 2008 թվականից ես արդյունք եմ ցույց տալիս, ամեն տարի մեր բյուջեն է ավելացել, իրենք աշխատավարձեր են ստացել, բայց ինձ հետ ոչ մի կապ չունեն: Դեռեւս ոչ ոք թաեքվոնդոյում այսքան արդյունք ցույց չի տվել: Այդքան բան եմ արել այս ֆեդերացիայի համար, բայց իրենք չեն ցանկանում այդ բյուջեից 4-5 միլիոնը ծախսեն իմ վրա:

Առաջիկայում, հուլիսի 4-ին կա եւս մեկ Գրան Պրի, եւ ֆեդերացիան ասում է` գումար չկա: Իսկ եթե ես այս Գրան Պրիին չմասնակցեմ, 32 լավագույն թաեքվոնդոիստների միջից դուրս կմնամ: Սա, կրկնում եմ, հակաօլիմպիական գործունեություն է: Յուրաքանչյուր օլիմպիական մարզաձեւի համար առաջին հերթին Օլիմպիական խաղերն են, հետո նոր մյուս մրցաշարերը: Բայց մեր ֆերեդացիայի համար հակառակն է: Եթե դու ունես հնարավորություն ձեռք բերել օլիմպիական վարկանիշ, բայց ոչինչ չես անում դրա համար, էլ ինչ նորմալ ֆեդերացիա կարող ես համարվել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով