20:57  ,  29 մայիսի, 2014

Հակոբ Սերոբյան. Ինքներս ենք պատասխանատու, որ առանց մեդալի վերադարձանք, բայց կարող էինք

Արթուր Թովմասյանը օղակների վրա վարժությունում պետք է մեդալ նվաճեր, նա փայլուն կատարեց իր վարժությունը: Բայց չգիտես ինչու, բարձր միավորներ մեզ չտվեցին: Հարություն Մերդինյանի մրցելույթի ժամանակ էլ հանկարծակի զրոյացան ժամատախտակները: Չգիտեմ, դա միտումնավոր էր, թե ուղղակի համակարգչային խնդիր, բայց նրա մրցելույթը խոչընդոտվեց եւ նա չկարողացավ շարունակել իր վարժությունը: Իսկ դեռեւս մեկ օր առաջ Հարությունը կատարյալ արդյունք էր ցույց տվել  եւ ամենաբարձր գնահատականին արժանացել: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Հայ մարմնամարզիկները վերադարձել են Բուլղարիայից, որտեղ անցկացվեց Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի մարմնամարզիկները մեդալ չնվաճեցին:

Պարոն Սերբոյան, ամփոփեք Եվրոպայի առաջնությունը: Ինչպե՞ս կգնահատեք մեր մարզիկների մրցելույթները բուլղարական մրցահարթակում: Ինչո՞ւ առանց մեդալ:

Մեր մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում գնահատում եմ լավ, այն առումով, որ լավ արդյունքներ ունեցանք` երկու 4-րդ տեղ, մեկ 5-րդ տեղ, մեկ 6-րդ տեղ, պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշ, 2015 թվականի եվրոպական Օլիմպիական խաղերի վարկանիշ: Ընդհանուր առմամբ, լավ արդյունքներ են սրանք, բայց ես, որպես հավաքականի ավագ մարզիչ, ինչպես նաեւ իրենք` մարզիկները, գոհ չենք այս արդյունքներից: Այս արդյունքներն ակնկալում էինք, գիտեինք, որ երզափակիչ մտնելու ենք, բայց մեդալներ էինք սպասում: Եթե գնանք մրցաշարի առանց մեդալների ակնկալիքի, ավելի լավ է չգնանք: Պետք է պայքարել, պայքարում ենք, նույնն էլ արեցինք Բուլղարիայում, պայքարեցինք, շատ լավ հանդես եկան տղաները, մասնավորապես, Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում ոչնչով չեն զիջել առաջատարներին: Ես այնտեղ մրցավար էի, գնահատականները դնելուց միայն ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչու Արթուր Թովմասյանին եւ Վահագն Դավթյանին ցածր միավորներ դրեցին, չհասկացա: Բայց նորից եմ կրկնում, նրանք ոչնչով չէին զիջում առաջատարներին:

Մրցավարության խնդիրն էր: Կան որոշ հարցեր, որոնք այդպես էլ մութ մնացին: Խոսքս վերաբերում է Հարություն Մերդինյանի ելույթին: Մինչ օրս ուղղակի զարմացած եմ ու ապշած, թե ինչ իրականում տեղի ունեցավ եւ ինչու: Նա իջավ նյուժգ թափերից: Նա եւս այն աստիճան է իր արարքի վրա զարմացած, որ մինչ օրս չի կարողանում վերսկսել մարզումները: Մրցումից մեկ օր առաջ, գլխավոր ու վերջնական փորձի ժամանակ, որին հետեւում էին նաեւ մրցավարները, մարզիչները, Հարությունը իր վարժությունը նժույգ թափերի վրա հրաշալի կատարեց, անթերի, ավելի լավ, քան այստեղ, կամ որեւէ այլ մրցման ժամանակ: Նրա վարժությունը բարձր գնահատականի արժանացավ, նույնիսկ բոլորը ծափահարեցին Հարությունին, այդքան դուր եկավ բոլորին նրա անթերի կատարումը: Որակավորման մրցման օրը Հարությունը պետք է հանդես գար երկրորդ համարի տակ, բայց գործիքին մոտեցավ վերջինը, չգիտեմ ինչու եւ ինչպես: Երբ նրան տրվեց մեկ րոպե ժամանակ, նա մեկնարկեց ու անմիջապես կանգ առավ: Համակարգիչների վրա ցուցադրվող ժամանակը զրոյացավ: Ու ինքը կանգնեց:  Հարությունը 15 րոպե մնաց այդպեղ կանգնած մինչեւ կլուծեին համակարգչային խնդիրը: Ես մրցավար էի, բոլորն արդեն վերջացրել էին նժույգ թափեր վարժությունը, Հարությունը դեռ կանգնած էր: Երբ լուծեցին խնդիրը, նա շարունակեց, կեսից իջավ: Ես չհավատացի իմ աչքերին, թե ինչ տեղի ունեցավ, ինչո՞ւ, ինչպե՞ս: Ես արդեն սկսել էի անգհանգստանալ, նյարդայնանալ: Իսկ անհանգստանում էի զուտ նրա համար, որ մասնավորապես Հարությունից ես շատ մեծ ակնկալիքներ ունեի: Եթե ոչ ոսկի, ապա արծաթ նա վստահ կնվաճեր: Ես չեմ կարող ասել` սա մտածված էր, գուցե այո, գուցե ոչ, բայց իմ կարծիքով, դա հատուկ էր արված: Նորից եմ կրկնում, վստահ չեմ, գուցե սխալվում եմ, բայց ես այդ տպավորությունը ստացա, քանի որ մրցման նախորդ օրը բոլորը տեսան, թե Հարությունը ինչպես է կատարում իր վարժությունը եւ ինչ լուրջ մրցակից է ու կարող է հավակնել, օրինակ, արծաթին: Վարժության կեսից դադարեցնելը մրցման ժամանակ, ու հետո նորից կատարելը արդեն հոգեբանորեն կոտրում է մարզիկին: Այդ  րոպեն Հարությունին հոգեբանորեն ճնշեց: Ես հասկանում եմ, թե ինչ նրա հետ տեղի ունեցավ այդ պահին:

Մեր նախորդ հարցազրույցում նշեցիք, որ Հայաստանից արդեն սկսել են զգուշանալ: Գուցե դա՞ է պատճառը մրցավարական խնդրի կամ կողմնապահության:

Այո, կա այդ զգուշությունը, հենց դա եմ  հիմք ընդունելով՝ մտածում, որ գուցե միտումնավոր էլ անջատվեցին այդ ժամատախտակները: Չէ որ նախորդ օրը փորձի ժամանակ Հարությունը ցուցադրեց իր բոլոր հնարավորությունները` փայլուն կատարելով իր վարժությունը: Չեմ կարող վստահ հաստատել: Բայց մեզ հետ շատ զգույշ էին: Օրինակ՝ Արթուր Թովմասյանը պետք է մեդալ վերցներ, նա արեց ամեն ինչ մաքուր ու լիարժեք: Բայց նրան չտվեցին, չգիտեմ ինչու: Մեզ շատ գովեցին Արթուրի կատարումից հետո, նույնիսկ ռուս մեկնաբանները մեզ ավելի էին գովել հեռարձակման ժամանակ, քան մեկ ուրիշի:

Մյուս տղաների մասին ի՞նչ կասեք:

Արթուր Դավթյանը բազմամարտում լավ հանդես եկավ:  4-րդ տեղը շատ լավ արդյունք է 6 գործիքներում: Հենացատկում արդեն վրիպեց: Սա նրա հիմնական մրցաձեւն է, ինչն էլ լավ չկատարեց, ընկավ ցատկի ժամանակ: Սա էլ է ինձ համար անհասկանալի, ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրություն տալ, թե ինչու նա ընկավ, ինչպես դա արեց: Նա շատ լավ է կատարում հենացատկը, բայց այստեղ փաստորեն չկատարեց:

Ինչ վերաբերում է Արթուր Թովմասյանին եւ Վահագն Դավթյանին, նրանցից շատ գոհ եմ: Նրանք փայլուն կատարեցին իրենց վարժությունները օղակների վրա: Նախորդ մրցումներից լավ են կատարել, այնքան, որ նրանց գնահատականները կիսաեզրափակիչից եզրափակիչ աճեցին: Նրանք ամենալավ ձեւով ներկայացրին Հայաստանը: Բայց Եվրոպայի առաջնությունում ինձ ամենաշատը գոհացրեց ու հրաշալի հանդես եկավ Վիգեն Խաչատրյանը` երիտասարդական հավաքականից: Նրա արդյունքները մեր սպասվածից բարձր եղան, նա նվաճեց պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր` ձեռք բերելով օլիմպիական վարկանիշ: Նա բազմամարտում զբաղեցրեց 6-րդ տեղ, սա շատ լավ արդյունք էր: Օղակների վրա վարժությունում եւ հենացատկում մտավ եզրափակիչ: Միայն ձեռքից բաց թողեց հենացատկի երկրորդ օրվա ցատկը, ընկավ:

Մենք ինքներս ենք պատասխանատու, որ առանց մեդալի վերադարձանք, բայց կարող էինք: Մինչ օրս ես չեմ կարողանում գտնել, թե մեր սխալը, մեր բացթողումն որն էր: Իսկ ինձ պետք է գտնել այդ սխալը, որ շտկենք եւ շարժվենք դեպի աշխարհի առաջնություն:

Եթե այս արդյունքը լիներ չորս տարի առաջ, մենք մեծ ուրախությամբ կվերադառնայինք հայրենիք: Մենք կարող ենք ավելին, ունենք այդ հնարավորությունը, այս պայմաններում մենք կարողացել ենք հասնել այս արդյունքին: Միշտ ասել եմ` պայմաններ չունենք, գործիքներ չկան, բայց այս պայմաններում մենք արել ենք ամեն ինչ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով