17:50  ,  26 մայիսի, 2014

Արմեն Նազարյան. Համոզված եմ, որ Արթուր Ալեքսանյանը կդառնա օլիմպիական չեմպիոն

Եթե ես ցանկություն հայտնեմ գլխավորել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը՝ դա կոնֆլիկտ կստեղծի իմ եւ Լեւոն Ջուլֆալակյանի միջեւ: Իսկ ես ինչո՞ւ վնասեմ նրա աշխատանքին: Երբ ժամանակը կգա, եւ նա կասի, որ չի ցանկանում այլեւս գլխավորել հավաքականը, ես հավաքականի ավագ մարզիչի տեղը զիջում եմ, այդ ժամանակ նոր ինձ թույլ կտամ խոսել: Բայց քանի որ Լեւոն Ջուլֆալակյանը  լեգենդ է եւ հիանալի կատարում է իր աշխատանքը՝ ես իմաստ չեմ գտնում նույնիսկ մտածել այդ մասին: Բայց եթե առաջարկ լինի՝ դեմ չեմ լինի, մեծ սիրով ամեն ինչ կթողնեմ Բուլղարիայում եւ ընտանիքիս հետ կգամ Հայաստան:

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ երեւանյան հանդիպման ժամանակ ասել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, ով հայրենիք էր եկել ընկերների հետ հանդիպելու եւ ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

Պարոն Նազարյան, դուք տարին մի քանի անգամ հայրենիքում եք լինում, արձակուրդներին՝ ընտանիքով: Չեք մտածո՞ւմ Հայաստան տեղափոխվելու եւ վերահաստատվելու մասին:

Տարվա մեջ 4-5 անգամ գալիս եմ, դա արդեն վերադարձ չէ (ծիծաղում է) : Ես արդեն հաստատվել եմ Բուլղարիայում, իմ աշխատանքը, իմ ընտանիքը, ամենն այնտեղ է: Ես այնտեղ արդեն դրել եմ իմ հիմքը: Ես շատ կապված եմ իմ հայրենիքի հետ, այստեղ շատ լավ ընկերներ ունեմ ու միշտ ձգտում եմ դեպի Հայաստան, Երեւան:

Բուլղարիայի հավաքականը հավաք պետք է անցկացներ, բայց ես ամեն ինչ կիսատ թողեցի եւ եկա Հայաստան, ընկերներիս մոտ, իմ շատ սիրելի Դերենիկ Գաբրիելյանի 70-ամյակին մասնակցելու համար: Որեւէ գործնական հանդիպում այստեղ չունեմ:  Փորձում եմ մի փոքր հանգստանալ:

Մեկ ամիս առաջ Եվրոպայի առաջնությունն էր, որի օրերին ձեր եւ Հայաստանի հավաքականի մարզիչների միջեւ տարաձայնություն առաջացավ` կապված Կարեն Ասլանյանի եւ բուլղարացի ըմբիշի գոտեմարտի արդյունքի, ինչպես նաեւ ՖԻԼԱ-ին բողոք չներկայացնելու ձեր խորհրդի հետ: Ինչպե՞ս լուծվեց այդ տարաձայնությունը:

Դա տարաձայնություն չէր, ուղղակի ամեն մեկս մեր կարծիքն ունենք: Ես մնում եմ իմ կարծիքին, որ սխալ է բողոքարկելը:Մարզիչներն իրավունք ունեն պայքարել իրենց մարզիկների արդյունքների համար, բայց ՖԻԼԱ-ն ամեն դիմում-բողոքարկում չի ընդունում: Իմ խորհրդի իմաստն այն էր, որ բոլոր հայերի վրա այդ բողոքը կազդի հետագայում եւ կարեւոր էլ չի լինի, թե այդ հայը Հայաստանն է ներկայացնում, թե մեկ այլ պետություն: Հետո արդեն աշխարհի առաջնության եւ այլ մրցումների ժամանակ հայերին այլ աչքով են սկսելու նայել: Նորմալ էր, որ հայ մարզիկի հետ այդպես  վարվեցինք Ֆինլանդիայի ըմբիշի հետ գոտեմարտում: Ինձ հետ էլ են այդպես վարվել ԱՄՆ-ում, երբ ես ամերիկացու հետ դուրս եկա մրցագորգ: Եթե դու գոտեմարտում ես մի մարզիկի հետ, ով ներկայացնում է առաջնությունը հյուրընկալող երկիրը՝ բնական է, որ մրցավարները նախապատվությունը պետք է տան այդ երկրի մարզիկին:

Ես հարգում եմ իմ հայրենակից գործընկերներին` Լեւոն Ջուլֆալակյանին եւ Սամվել Գեւորգյանին, նրանք երկուսն էլ իմ ընկերներն են: Ուղղակի ես իմ կարծիքն եմ հայտնում, որ նրանք այդ քայլով սխալ կանեն եւ հետագայում այդ սխալի պտուղները կքաղեն: Կընդունեն իմ խորհուրդը, ուրախ կլինեմ, չեն ընդունի` իրենց խնդիրն է, թող բողոքարկեն: Գուցե իրենց թվում է` ես նախանձից ելնելով եմ ասում, որ պետք չի բողոքարկել: Ես նման միտք չունեմ: Մարզիկին պետք է թույլ տանք, որ նա պայքարի իր միավորի համար, 10 միավոր վաստակի, որ 5-ը հաշվեն: Ուղղակի ես համոզված եմ, որ ՖԻԼԱ-ն այդ բողոքը չի ընդունի, քանի որ ՖԻԼԱ-ն գերտերություններ են ղեկավարում, մեծ գումարներ են պտտվում: Երբ արդեն աշխարհի առաջնության, Օլիմպիական խաղերի ժամանակ ոսկե մեդալ ուզենք, փորձեն, պայքարենք, մեզ թույլ չեն տա, մեզ` հայերիս, ուրիշ աչքով կնայեն: Եվրոպան անցել է, ավարտվել է, մոռացեք Եվրոպայի առաջնության մասին: Մյուս մրցման ժամանակն է, Օլիմպիական խաղերն են մոտենում: Իսկ Լեւոն Ջուլֆալակյանի եւ Սամվել Գեւորգյանի հետ որեւէ խնդիր չունեմ, առավել եւս անձնական, նրանք իմ ընկերներն են: Ճիշտ է` չեմ հանդիպել այս այցիս ընթացքում, բայց խոսել ենք այս թեմայի շուրջ հեռախոսով:

Պարոն Նազարյան, արդեն մեկ տարուց ավելի դուք գլխավորում եք Բուլղարիայի հավաքականը, արդեն ունեք չեմպիոններ, առաջիկայում Օլիմպիական խաղերն են: Պատասխանատվությունը մե՞ծ է:

Շատ մեծ պատասխանատվություն է իմ ուսերին դրած եւ մեծ ռիսկային քայլ էր իմ կողմից: Չեմ թաքցնի, որ ես մեծ ռիսկի գնացի՝ համաձայնելով գլխավորել Բուլղարիայի հավաքականը: Շատ վստահ պարտականությունները վերցրեցի իմ ուսերին, բայց արդեն որքան մոտենում են Օլիմպիական խաղերը, այնքան սկսում եմ մտածել, կասկածել, երկմտել, թե կարող եմ արդյոք այս արդյունքները շարունակել, պահպանել: Կարո՞ղ եմ արդյոք օլիմպիական չեմպիոն տալ: Բայց կաշխատենք, դեռ շատ անելիք կա: Կարծում եմ՝ միայն լավ աշխատանքի արդյունքում այս անհանգստությունը կհաղթահարեմ:

Բայց, օրինակ, վստահ եմ, որ Հայաստանն այս անգամ ունենալու է օլիմպիական չեմպիոն հունահռոմեական ըմբշամարտում: Արթուր Ալեքսանյանի մասին եմ: Չգիտեմ ինչու, բայց համոզված եմ, որ նա կնվաճի այդ ոսկին:

Օլիմպիական խաղերում ամեն վայրկյանը նշանակություն ունի, ամեն վայրկյանը թանկ է: Այստեղ թույլերը տեղ չունեն, այստեղ ամեն ինչ ուժեղի ձեռքում է: Չես կարող ասել` մարդ կդառնա չեմպիոն, թե՝ ոչ: Ես երբեք չէի մտածի, որ կրկնակի օլիմպիական չեմպիոն կդառնամ մի օր: Հիմա ըմբշամարտն այնպես է դարձել, որ պարզ երեւում է` ով է ուժեղ, ով՝ թույլ, չես կարող մրցավարին գնել:

Ասացիք, Արթուր Ալեքսնայնանը վստահ կարող է հասնել օլիմպիական ոսկուն: Էլ ո՞ւմ եք տեսնում չեմպիոնական պատվո հարթակին կանգնած Հայաստանի հավաքականից:

Վստահ նշում եմ Արթուրին, քանի որ նա ունի այդ պոտենցիալը: Բոլորն էլ ունեն ներուժ, բայց չեմ կարող վստահ ասել, թե նրանք էլ կհասնեն այդ տիտղոսին: Օրինակ՝ ինձ շատ է դուր գալիս Կարեն Ասլանյանի գոտեմարտելու ոճը, նա հնարքասեր տղա է: Արսեն Ջուլֆալակյանն է հավակնում օլիմպիական ոսկուն, բայց նրա մեջ ինչ-որ մի բան կա, որ իրեն խանգարում է հավատալ իր ուժերին: Դա իմ անձնական կարծիքն է: Նա շատ փորձառու է, նա շատ գրագետ գոտեմարտեր է անցկացնում, բայց կարծես վստահություն չունի, կամ չի հավատում, որ նա կարող է չեմպիոն դառնալ, իսկ այն որ նա կարող է Օլիմպիական չեմպիոն դառնալ, քննարկման ենթակա չէ: Ուժն ունի, տեխնիկա ունի, հնարքները հրաշալի է կատարում, զարմանալի դիմացկունություն ունի, պայքարում է մինչեւ վերջ, բայց ինչ-որ մի բան նրան խանգարում է հավատալ իր հաղթանակին, այդ պատճառով օլիմպիական ոսկուն դեռ չի հասել: Վստահ եմ, որ այս ամենը կարդալուց հետո նա նեղանալու է, թե ինչու եմ այդպես ասում, բայց սա իմ կարծիքն է:

Ինչպե՞ս կգնահատեք հունահռոմեական ըմբշամարտի զարգացումը Հայաստանում: Ի՞նչ առաջընթաց կամ բացթողում եք տեսնում վերջին տարիների ընթացքում:

Մենք միշտ առաջատար ենք եղել ըմբշամարտում, միշտ լավ ենք հանդես եկել: Բայց որպես այդպիսին զարգացում, կամ բացթողում չեմ նկատել: Օրինակ՝ մենք միշտ հաջող ենք հանդես գալիս Եվրոպայի առաջնություններում, սովորաբար միշտ չեմպիոն ենք ունենում, բայց աշխարհի առաջնությունը դեռ մեզ հասանելի չէ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ 10 տարի մենք աշխարհի չեմպիոն չունենք: Վերջին անգամ աշխարհի չեմպիոն ունեցել ենք 2003 թվականին: Բայց հպարտ եմ, որ ազատ ոճայինները անցյալ տարի աշխարհի չեմպիոն ունեցան` Դավիթ Սաֆարյանը: Սա մեծ պատիվ է ինձ համար: Երբ իմ երկրի դրոշը բարձրացնում է Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում, մասնավորապես երբ դա տեղի է ունենում Բուլղարիայում: Դրանք իմ կյանքի ամենաերջանիկ պահերն են լինում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով