00:54  ,  5 մայիսի, 2014

Ռոնալդուի գեղեցիկ գոլը «Ռեալին» փրկեց պարտությունից

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրը հաջող չստացվեց նաեւ չեմպիոնության համար պայքարող Մադրիդի «Ռեալի» համար: Արքայական ակումբը Մադրիդում 2:2 հաշվով ավարտեց «Վալենսիայի» դեմ խաղը՝ չօգտվելով առաջատարներ Մադրիդի «Աթլետիկոյի» եւ կատալոնական «Բարսելոնայի» վրիպումներից:

Մադրիդյան խաղի հաշիվը 44-րդ րոպեին բացեց «Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեն: Ընդմիջումից հետո Սերխիո Ռամոսը խփեց «Ռեալի» պատասխան գնդակը, սակայն այդ գոլից 6 րոպե անց «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Պարեխոն դարձյալ տխրեցրեց մադրիդցի երկրպագուներին: Խաղի վերջնամասն անցավ Կարլո Անչելոտիի թիմի գրոհներ ներքո, եւ վալենսիացիներին վայրկյաններ չհերիքեցին խաղը հաղթանակով ավարտելու համար: Ավելացված ժամանակում Պրիմերայի լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն գեղեցիկ գոլով դաշտի տերերին փրկեց պարտությունից:

Հիշեցնենք, որ այս տուրում մրցաշարային աղյուսակը գլխավորող «Աթլետիկոն» Վալենսիայում 0:2 հաշվով պարտվել էր «Լեւանտեին», իսկ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» տանը ոչ ոքի էր խաղացել «Խետաֆեի» հետ՝ 2:2:

«Աթլետիկոն» ունի 88 միավոր, «Բարսելոնան»՝ 85, իսկ մեկ խաղ պակաս անցկացրած «Ռեալը»՝ 83: Վերջին տուրում «Աթլետիկոն» Կատալոնիայում խաղալու է «Բարսելոնայի» հետ:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեալ» - «Վալենսիա»՝ 2:2

Սերխիո Ռամոս, 59, Կրիշտիանու Ռոնալդու, 90+3 – Ժերեմի Մաթյե, 44, Դանիել Պարեխո, 65

«Սեւիլիա» - «Վիլյառեալ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով