12:04  ,  26 ապրիլի, 2014

Իսպանիայի առաջնության հանդիպումները կմեկնարկեն մեկ րոպե լռությամբ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության բոլոր հանդիպումները, որոնք կանցկացվեն ապրիլի 26-ին եւ 27-ին, կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի, փոխանցում է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կայքը։ Բացի այդ, բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սեւ թեւկապներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մահացել է քաղցկեղային հիվանդության պատճառով։

Նա 2003 թվականից զբաղվում էր մարզչական գործունեությամբ: Սկզբում նա Խոսեպ Գվարդիոլային օգնում էր «Բարսելոնայի» երկրորդ թիմում, իսկ հետո 2008-ին միասին գլխավորեցին հիմնական թիմը՝ կատալոնական ակումբին պարգեւելով ոսկե դարաշրջան՝ Չեմպիոնների լիգայի գավաթ, աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոս, Եվրոպայի սուպերգավաթ, Իսպանիայի չեմպիոնություն, գավաթ եւ սուպերգավաթ: Գվարդիոլայի հեռանալուց հետո Վիլանովան հասցրեց 2013-ին թիմի հետ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, որից հետո հրաժեշտ տվեց մարզչական աշխատանքին:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English