17:51  ,  18 ապրիլի, 2014

ՀՄՖ գլխավոր քարտուղար. Բատուտի եւ գեղարվեստական մարմնամարզության առանձին ֆեդերացիաներ չեն լինի

Նախկին մարմնամարզիկ Դավիթ Սահրադյանը, հաշվի չառնելով մեր ֆեդերացիայի կարծիքը, չլսելով մեր տեսակետը, ցանկություն էր հայտնել բատուտի ֆեդերացիա հիմնել: Միջազգային ֆեդերացիան մերժել է`պատասխանելով, որ դիմեք ձեր երկրի ազգային ֆեդերացիային եւ թող ազգային ֆեդերացիան մեզ դիմի: Իսկ մարմնամարզության ֆեդերացիային այդ հարցով ոչ ոք չի դիմել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը:

Պարոն Սարոյան, դուք նոր եք նշանակվել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, բայց նախկինում աշխատել եք ֆեդերացիայում: Ձեր բացակայության ընթացքում ի՞նչ փոփոխություններ են եղել ֆեդերացիայում եւ մարզաձեւում:

Իմ բացակայության ընթացքում ֆեդերացիան մեծ առաջընթաց է ապրել: Ինձ ուրախացնում է տարեկան միջոցառումների համալրված ցանկը։ Արդեն հաստատված միջոցառումներ կան, Հայաստանի առաջնություններից եւ միջազգային մրցաշարերից բացի։ Դա նշանակում է` հնարավորություններն են ավելացել. այն ժամանակ չունեինք նման հնարավորություններ։ Այս տարի մարմնամարզության ֆեդերացիայի բյուջեն 35 միլիոն դրամ է դարձել։ Սա, իհարկե, մեծ գումար չէ երեք մարզաձեւի համար, կան ֆեդերացիաներ, որոնք ավելի մեծ գումարներ են ստանում կառավարությունից։ Մարմնամարզության ֆեդերացիան այդքանով բավարարվում է՝ սպորտային միջոցառումներ անցկացնելով, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին մասնակցելով։ Մի կերպ փորձում ենք միջազգային մրցաշարերն ընդգրկել փոքր քանակությամբ մասնակցություններով: Սա փորձ ձեռք բերելու հնարավորություն է, քանի որ մեր մարմնամարզիկները փորձի պակաս ունեն։

Բացի կառավարության տրամադրած 35 միլիոն դրամից, ՀԱՕԿ-ից ի՞նչ աջակցություն ունի մարմնամարզության ֆեդերացիան։

ՀԱՕԿ-ը փորձում է մեզ հետ համագործակցել։ Մրցումների մեկնելիս դիմում ենք ՀԱՕԿ-ին, փորձում են հնարավորինս մեզ աջակցել։ Մենք Օլիմպիական կոմիտեին դիմեցինք մարզագույք ձեռք բերելու համար եւ փորձում են աջակցել։

Մարմնամարզիկների մասին ի՞նչ կասեք։

Ունենք լավ հեռանկարային մարմնամարզիկներ։ Ուղղակի, նրանց լիարժեք պատրաստելու պայմաններ չունենք։ Գործիքներն են հնամաշ, չունենք ապահովման փոս, փափուկ ներքնակներ, ինչը շատ կարեւոր է։ Մարզագործիքներն ամեն օր փոխվում են, իսկ մենք չունենք մարզագործիք, բոլորը հնացած են ու մաշված։ Իսկ մեր մարզիկները մարզվում են հին գործիքների վրա, եւ գնում միջազգային մրցաշարերի նորացված մարզագործիքների վրա ելույթ ունենում։ Ունենք լավ մարզիկներ` Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան: Նրանք այնպիսի մարզիկներ են, որոնք աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում մեդալների համար կարող են պայքարել։ Նրանցից մի քանիսին ակնկալում ենք տեսնել Օլիմպիական խաղերում: Օրինակ` Արթուր Դավթյանը Ռիո-2016-ի մեր հույսն է։

Գեղարվեստական մարմնամարզության մարզչական կազմը ցանկանում էր դուրս գալ ֆեդերացիայից եւ որպես առանձին ֆեդերացիա հանդես գալ։ Ո՞ր փուլում է այդ գործընթացը։

Նրանց ցանկությունը իրականություն չդարձավ, քանի որ դա հնարավոր չէր։ Գեղարվեստական մարմնամարզությունը մարմնամարզության ֆեդերացիայի մեջ է ընդգրկված։ Այդպես նշված է նաեւ մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում։ Մարմնամարզության ֆեդերացիայի մեջ մտնում է 7 մրցաձեւ՝ տղաների եւ աղջիկների սպորտային մարմնամարզություն, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա, աերոբիկա, մեծ մարմնամարզություն եւ բատուտ` ցատկացանց: Դրանք տարանջատել հնարավոր չէ: Միջազգային ֆեդերացիան չի ընդունում դա: Առանձին գեղարվետական մարմնամարզության ֆեդերացիա ունենալու համար մեզ դիմել էր գեղավեստական մարզմնամարզության մարզչական կազմը, սակայն նրանց ցանկությունն իրականություն չդարձավ, քանի որ նրանք հասկացան, որ միջազգային ֆեդերացիան իրենց որպես առանձին ֆեդերացիա չի ճանաչի: Այժմ գեղարվեստական մարմնամարզությունը կրկին անցել է իր բնականոն մարզումներին:

Որպես առանձին ֆեդերացիա հանդես գալու ցանկություն էր հայտնում Հայաստանում առաջին քայլերն անող բատուտ մարզաձեւը: Նախկին մարմնամարզիկ Դավիթ Սահրադյանը, հաշվի չառնելով մեր ֆեդերացիայի կարծիքը, չլսելով մեր տեսակետը, ցանկություն էր հայտնել բատուտի ֆեդերացիա հիմնել: Միջազգային ֆեդերացիան մերժել է`պատասխանելով, որ դիմեք ձեր երկրի ազգային ֆեդերացիային եւ թող ազգային ֆեդերացիան մեզ դիմի: Իսկ մարմնամարզության ֆեդերացիային այդ հարցով ոչ ոք չի դիմել: Հաճելի է, որ այդ մարզաձեւը զարգացնելու ցանկություն կա, միայն վատ է, որ ազգային ֆեդերացիայի հետ չեն խորհրդակցում, հաշվի չեն առնում: Մենք արդեն զբաղվում ենք բատուտով: Կազմակերպչական աշխատանքներով եւ մարզաձեւի մասսայականացմամբ զբաղվում է սպորտի վարպետ, նախկին մարմնամարզիկ Արթուր Գյուրջինյանը: Նա ունի կազմակերպչական ջիղ, հուսանք նրա մոտ ամեն ինչ կստացվի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով