09:51  ,  14 ապրիլի, 2014

Championat.com. Հենրիխ Մխիթարյանը թագավորական խաղ ցուցադրեց

Մադրիիդի «Ռեալի» հետ հանդիպումից հետո քչերը կցանկանային լինել Մխիթարյանի տեղը։ Հայ կիսապաշտպանը տապալեց առաջին հանդիպումը, իսկ երկրորդում բաց թողեց հաշիվը 3։0 դարձնելու հիանալի հնարավորությունը, գրում է Championat.com-ը՝ անդրադառնալով Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։

«Հարկավոր է ասել, որ նման բաներ հաճախակի են տեղի ունենում Հենրիխի հետ, սակայն նա ապացուցեց, որ կարողանում է դիմակայել այդպիսի հարվածներին։ Մյունխենում հենց Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը, եւ նրա գնդակը դարձավ հաղթական։ Թվում էր, որ «Բորուսիան» չի կարողանա դիմադրել «Բավարիային»։ Կլոպը նույնիսկ համարձակվել էր պահեստայինների նստարանին թողնել Ռոբերտ Լեւանդովսկուն, իսկ Խոսեպ Գվարդիոլան դուրս էր բերել մարտական կազմը։ Սակայն, «Ռեալի» նկատմամբ հաղթանակը «Բորուսիայի» ֆուտբոլիստներին ազատեց վախից, եւ նրանք «Բավարիային» ցույց տվեցին այնպիսի դիմադրություն, որը մյունխենցիները չէին սպասում»,- գրում է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 3։0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձել է հյուրերի առաջին գոլի հեղինակը՝ Բունդեսլիգայում իր գոլերի քանակը հասցնելով 7-ի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում